Հայկական աշխարհում փնտրվում են պատանի տաղանդներ

Armenian Assembly հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ՝ հայկական ծագմամբ տաղանդավոր պատանիների շրջանում:

Գործարար և մշակութային նախաձեռնություններին աջակցող Armenian Assembly հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ՝ նպատակ ունենալով գտնել և աջակցել հայկական աշխարհի տաղանդավոր պատանիներին։ Այդ մասին հայտնի է դարձել ընկերական երեկոյի ժամանակ՝ Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում կայացած օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանի համերգից հետո։

Մրցույթի գլխավոր նպատակն է՝ հայտնաբերել նոր անուններ դասական երաժշտության կատարողների շրջանում։ Մրցույթը կանցկացվի երկրորդ անգամ, առաջինը կայացել է 2018 թ. նոյեմբերին։ Այս ընթացքում Armenian Assembly-ն աջակցել է տաղանդավոր պատանիների մասանակցությանը դասական երաժշտության և սպորտի բնագավառում կայացած ավելի քան 8 մրցույթին ու վարպետության դասերին։

2019 թվականին կազմակերպությունն սկսում է ARMONIA ընդլայնված ձևաչափով երաժշտական մրցույթը, որի մասնակիցները կարող են լինել երեխաները Հայաստանից, նաև Ռուսաստանի և այլ երկրների հայկական սփյուռքի պատանի ներկայացուցիչները։ Ի տարբերություն 2018 թ.-ի, այս տարի հայտերն ընդունվելու են առցանց, մրցույթի կայքում։

Մրցույթին մասնակցելու համար հրավիրվում են երաժշտական կրթություն ունեցող 7-17 տարեկան պատանի երաժիշտերը։ 2019 թվականին Armenian Assembly-ն կհանձնի 3 դրամաշնորհ՝ երեք տարիքային խմբում՝ 7-9 տարեկան, 10-13 տարեկան և 14-17 տարեկան ներառյալ։ Իրենց հաղթողին կարող են ընտրել նաև դասական երաժշտության երկրպագուները, որոնք և կորոշեն, թե ով կստանա չորրորդ դրամաշնորհը՝ Դիտողների համակրանքի մրցանակը։

Մրցույթի շրջանակում նախատեսվում է երկու ընտրական փուլ՝ տեսաձայնագրություններով։

Առաջին փուլում՝ 2019 թ. նոյեմբերի 6-ից 20-ը, նախատեսվում է առցանց հայտերի ներկայացում, իսկ նոյեմբերի 21-ից 27-ը՝ լավագույն հայտերի ընտրություն յուրաքանչյուր տարիքային խմբում։

Առաջին փուլի ժյուրիի կազմում կլինեն Մոսկվայի առաջատար երաժշտական դպրոցների դասախոսներ։

Երկրորդ փուլում՝ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը, կորոշվեն մրցույթի երեք տարիքային խմբերի հաղթողները։

Մրցույթի եզրափակիչ փուլի ժյուրիի կազմում են Կոնստանտին Օրբելյանը, Հասմիկ Գրիգորյանը, Սերգեյ Սմբատյանը, Միխայիլ Խոխլովը և Ստաս Նամինը։

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը մրցույթի կայքում կհրապարակվեն բոլոր կատեգորիաներից եզրափակիչ փուլ անցած պատանիների անունները, որոնց թեկնածությունների համար www.armonia.me կայքի այցելուները քվեարկելու հնարավորություն կունենան։ Դիտորդների քվեարկության արդյունքում եզրափակիչ անցած մասնակիցներից կընտրվի Դիտողների համակրանքի մրցանակի դափնեկիրը։

Հաղթողները հնարավորություն կստանան ելույթ ունենալ «Սուրբ ծննդյան հանդիպում» 2019-ի եզրափակիչ համերգին՝ Մոսկվայի լավագույն համերգային հարթակում, ինչը կդառնա նրանց կարիերայի կարևոր իրադարձություն։

Գործունեության առաջին օրվանից Armenian Assembly հասարակական կազմակերպությունն իր նախապատվությունների թվում է ներառել աջակցությունը հայ երիտասարդ շնորհալիների ստեղծագործական և պրոֆեսիոնալ կայացմանը, և հիմա մրցույթի հիմնադիրներն անում են ամեն ինչ՝ պատանի կատարողների զարգացմանն ու բարգավաճմանը նպաստող բեղմնավոր բարյացակամ մթնոլորտի ստեղծման համար։

Armenian Assembly-ն հասարակական կազմակերպություն է, որի նպատակը Հայաստանում և Սփյուռքում մշակույթի, կրթության, զբոսաշրջության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում սոցիալական ձեռներեցության նախագծերի աջակցությունն ու իրականացումն է: Իր ակտիվ գործունեության առաջին տարվա ընթացքում կազմակերպությունն իրականացրել և աջակցել է ավելի քան 25 նախագծի՝ Հայաստանում և Ռուսաստանում: 2017 թ.-ի վերջում հիմնադրված Armenian Assembly-ն ներառում է հայկական սփյուռքի հաջողված, կոմպետենտ ներկայացուցիչների, որոնք իրենց ոլորտի փորձագետներ են և տիրապետում են կազմակերպության առջև դրված նպատակների և խնդիրների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներին ու փորձին, տեղեկացնում է Аysor.am։

Основная тема:
Теги: