Սևանը կրկին «ծաղկում է»․ Գիտնականը նշեց երկու պատճառ և խնդրի լուծման երեք ուղի

Սևանի «ծաղկման» երկու հիմնական պատճառ կա՝ կլիմայի փոփոխության հետևանքով ջերմաստիճանի բարձրացումը, ինչը նպաստում է լճում ջրի մակարդակի նվազմանը, և ջրի մեջ օրգանական նյութերի առկայությունը: Այս մասին հուլիսի 20-ին News.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:

«Ինչ վերաբերում է առաջին պատճառին, գաղտնիք չէ, որ «ծաղկումը» ակնհայտ դարձավ մի քանի տարի ջրի մակարդակի անընդհատ անկումից հետո: Ինչ վերաբերում է երկրորդ գործոնին, ապա այս դեպքում խնդիրն ավելի է խորանում նրանից, որ ջրիմուռները չեն վերանում, այլ իջնում են հատակը՝ դառնալով հաջորդ տարի լճի օրգանական նյութերի կուտակման և «ծաղկման» լրացուցիչ աղբյուր»,- ընդգծեց նա:

Նրա խոսքերով՝ ծայրաստիճան դժվար է պայքարել այս երևույթի դեմ, որն առաջին հերթին պայմանավորված է կլիմայի փոփոխությունները դադարեցնելու անհնարինության հետ, սակայն, դրա ազդեցությունը կարելի է մեղմել ջրի մակարդակը բարձրացնելու միջոցով:

«Պետք է աշխատել նաև օրգանական նյութերի ծավալները նվազեցնելու ուղղությամբ` մաքրման կայաններ տեղադրելով: Բացի այդ, կարևոր է հասնել լճում անհրաժեշտ քանակությամբ ձկների առկայությանը, որը կուտի կերը, քանի որ այն, կուտակվելով հատակին, ժամանակի ընթացքում նույնպես օրգանական նյութերի առաջացման աղբյուր է դառնում: Հիմա մենք աշխատում ենք արհեստականորեն պայքարել այս երևույթի դեմ` օգտագործելով այնպիսի միջոցներ, որոնք ունակ են կլանել այդ օրգանական նյութերը` առանց շրջակա միջավայրի համար հետևանքների»,- նշեց գիտնականը:

Ինչ վերաբերում է խնդրի գլոբալ լուծմանը, ապա, Գաբրիելյանի խոսքերով, բոլոր վերը նշվածներից, այս տարի հաջողվել է միայն մի փոքր բարձրացնել ջրի մակարդակը:

«Բոլոր մյուս առումներով, գործնականում ոչինչ չի փոխվել: Ձկների քանակի մեծացման հարցն, օրինակ, ընդհանրապես չի լուծվում, ձկնորսությունը չի վերահսկվում, և այս տարի ձկները կարող են ավելի քիչ լինել, քան նախորդ տարի: Որոշ տեղերում կարծես տեղադրվել են 1-2 կայաններ, որոնք, որքան ես գիտեմ, մեխանիկական մաքրում են իրականացնում: Ստացվում է, որևէ շոշափելի առաջընթաց առայժմ չկա»,- եզրափակեց նա: