Միխայիլ ՎԵԼԵՐ. ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ՂԱՐԱԲԱՂՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ, ՔԱՆ ՂՐԻՄԸ՝ ՌՈՒՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ադրբեջանական քարոզչությունն աշխատում է հետևյալ սկզբունքով՝ երբ ժողովուրդը թալանված է, անհրաժեշտ է ատելություն սերմանել մեկ այլ ժողովրդի նկատմամբ: Այս մասին հայտարարել է գրող և հրապարակախոս Միխայիլ Վելերն իր յութուբյան ալիքում:

«Ադրբեջանական քարոզչությունն աշխատում է: Երկրում կյանքը շաքար չէ: Հիշեք, թե քանի ադրբեջանցի կա: Եվ մարդիկ ատելությամբ են լցված Հայաստանի հանդեպ: Կյանքը շատ դժվար է, փող և աշխատանք չկա: Ալիևների ընտանիքը զավթել է ամեն ինչ, ժողովրդին ոչինչ չի հասնում: Երբ ժողովուրդը թալանված է, նրա մեջ պետք է ատելություն սերմանել մեկ այլ ժողովրդի նկատմամբ: Այդպես է եղել ամբողջ պատմության ընթացքում»,- նշել է Միխայիլ Վելերը:

Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ այն ամենը, ինչ հայերն ասում են իրենց պատմության և մշակույթի մասին, մաքուր ճշմարտություն է: «Հնագույն պետություն հնագույն քաղաքակրթություն»,- ասել է նա: «Ինչ վերաբերում է Ղարաբաղին, իհարկե, սա հայկական երկիր է: Դարեր ու հազարամյակներ այն հայկական հող է եղել: Հարցը կարել էր խաղաղ, հանգիստ, օբյեկտիվորեն լուծել՝ պատմաբանների, ազգագրագետների, քաղաքագետների, հոգեբանների հանձնաժողովով: Սակայն հիմա ես չգիտեմ՝ արդյոք այս հարցը երբևէ կկարգավորվի: Ես խնդրում եմ ռուս ունկնդիրներին հասկանալ, որ Ղարաբաղը հայերի համար շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան Ղրիմը՝ ռուսների։

Ռուսաստանը Ղրիմ է եկել Եկատերինայի հետ 18-րդ դարի վերջին: Ուրարտուն ամենահին պետությունն է ԽՍՀՄ տարածքում՝ 4 հազար տարեկան: Դա Հայաստանն է: Շատերը չգիտեն, որ Արարատը Հայաստանում չէ, այլ Թուրքիայում: Չգիտես ինչու, Լենինը Կարսի պայմանագրով Արարատը տվեց Թուրքիային: Կարծում էին, որ Թուրքիան շուտով ևս մեկ սովետական ​​հանրապետություն կդառնա, նրանք ևս կարմիր դրոշ ունեն, ընդունում են մեր օգնությունը: Սակայն հետո, երբ Աթաթուրքին օգնեցին ազատվել բրիտանացիներից, նա բոլոր կոմունիստներին նավ նստեցրեց և խորտակեց ծովում։ Դրանով Թուրքիայի փառահեղ կոմունիստական ​​ապագայի պատմությունն ավարտվեց»,- նշել է Միխայիլ Վելերը:

Նա հիշեցրեց հայ սպայի սպանության և մարդասպանի հերոսացման պատմությունը: «Թմբուկների զարկերի ներքո գնդակահարելու փոխարեն նրան ցմահ ազատազրկման դատապարտեցին։ Մի քանի տարի անց նա տեղափոխվեց Ադրբեջան: Այնտեղ նրան բառացիորեն նվագախմբով և կարմիր գորգով դիմավորեցին՝ բառացիորեն որպես հերոսի: Բնակարան տվեցին։ Արդարությունը հազվադեպ է հաղթում պատմության մեջ, բայց գոնե պետք է հիշել, թե որտեղ է այն»,- եզրափակեել է Վելերը:

News.am