Արա Աբրահամյանը ներկայացրել է հայ համայնքի դիրքորոշումը

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կոչ արեց կոշտ արձագանքել Մոսկվայում հայերի վրա տեղի ունեցող հարձակումներին և նրանց նկատմամբ ցուցաբերվող խտրականությանը:

«Ինչպես գիտեք, այդ ամենը շարունակվում է ավելի քան մեկ շաբաթ: Մարդիկ զգացել են իրենց արտահայտությունների և վարքի անպատժելիությունը, և պահը բաց է թողնվել. զանգվածային բախումներ են սկսվել: Այժմ իրավիճակով զբաղվում է և՛ նախագահի վարչակազմը, և՛ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, և՛ արտգործախարար Սերգեյ Լավրովը։ Նա հանդիպել է համայնքների հետ», - ասաց Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ նույնիսկ 90-ականների ռազմական հակամարտության թեժ պահին նման ագրեսիա չի եղել: Ներկայիս հակամարտությունը արհեստածին է, այն խթանում են անպատասխանատու և ագրեսիվ հայտարարությունները: Իսկ տեսանյութերի տարածումն է՛լ ավելի է սրում իրավիճակը:

Այս հարցի վերաբերյալ հայերի դիրքորոշումը շատ պարզ է. անթույլատրելի են սադրանքները, ինչպես նաև որևէ մեկի իրավունքների սահմանափակումը: Իսկ այստեղ խոսքը ՌԴ տարածքում ապրող էթնիկ հայերի իրավունքների սահմանափակման մասին է:

Ռուսաստանը նրանց հայրենիքն է, և նրանք չեն կարող խտրականության և ագրեսիայի ենթարկվել ոչ մեկի կողմից:

«Իշխանությունները պետք է կոշտ արձագանքեն ապակայունացման նմանատիպ փորձերին: Մենք երեք բան ենք ուզում` նախ՝ կայունացում, երկրորդ՝ նման իրավիճակներն ապագայում կանխող իրավական մեխանիզմների մշակում: Իշխանությունները պետք է խիստ արձագանքեն նման երևույթներին: Երրորդ՝ բոլոր մեղավորները պետք է պատժվեն», - ասաց Աբրահամյանը:

Ռուսաստանի հայերի միությունն իր կողմից ևս աշխատանքներ է տանում՝ հավաքել է մտավորականությանը, երիտասարդությանը, բացատրել նրանց, որ հարցը պետք է հանգիստ լուծել:

«Ո՞ւր է այդ դեպքում Ադրբեջանը: Ինչո՞ւ հանդես չի գալիս հայտարարություններով կապված նրա հետ, որ ագրեսիան անթույլատրելի է»,-նշեց Աբրահամյանը:

Նա նաև հայտնեց, որ հայկական ապրանքների հետ կապված հարցը լուծվում է: «Ֆուդ սիթի» առևտրի կենտրոնների ցանցն արդեն սկսել է հայկական բեռնատարներն ընդունել, «Твой дом» ցանցի հետ աշխատանքներ են տարվում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայում խումբ ադրբեջանցիներ հարձակվել են հայերի վրա: Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է` ինչպես է տղամարդկանց խումբը ծեծում հայկական պետհամարանիշներով մեքենայում նստած տղամարդուն:

Բացի այդ, սոցցանցում տարածվում է տարեց տղամարդու վրա հարձակման ևս մեկ տեսանյութ: Կադրերում երևում է` ինչպես են տղամարդուն հարվածում են ոտքերով, անպարկեշտ խոսքեր ասում, միևնույն ժամանակ հարցնում. «Ո՞ւմն է Ղարաբաղը»: Իրավապահ մարմիններն արդեն 13 անձի ձերբակալել են:

Ռուսաստանում և աշխարհի այլ երկրներում երկու համայնքների միջև հարաբերությունները սրվեցին վերջերս Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ Տավուշի մարզում վերսկսած մարտական գործողություններից հետո:

«Ադրբեջանցիների միությունն» իր հերթին հայտարարել է Մոսկվայում «Հազար ու մի գիշեր» ռեստորանի վրա հայերի հարձակման, ինչպես նաև մրգեր վաճառողին ծեծելու մասին: Վերջինիս գլխին ձմերուկ ու սեխ են կոտրել: