ՊՆ-ն պահեստազորի վարժական հավաքներ կանցկացնի

Հայաստանում կանցկացվեն պահեստազորի վարժական հավաքներ: ՀՀ կառավարությանն այս առաջարկով դիմել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Կառավարության համապատասխան որոշման նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման՝ Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:

Հրապարակված նախագծի համաձայն` նախատեսվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ հայտարարել երեք ամիս ժամկետով՝ սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը:

Ներկայացնելով պահեստազորի հավաքի անհրաժեշտությունը՝ պաշտպանության նախարարությունը հետևյալ հիմնավորումն է ներկայացնում. «Վերջին տարիներին ՀՀ զինված ուժերը համալրվել են նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, անհրաժեշտություն է պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակի բարձրացումը` պահեստազորում կուտակելով համապատասխան զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ: Բացի այդ, անհրաժեշտ է, որպեսզի զինված ուժերում ունենանք մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազորայիններով»:

Ընդ որում` տարբեր մասնագիտացում ունեցող պահեստազորայինների համար տարբեր ժամանակահատվածներ են սահմանվել, ինչի արդյունքում յուրաքանչյուր խմբի զորահավաք-վարժանքը կտևի շուրջ 10 օր:

Վարժական հավաքներին նախատեսվում է ներգրավել ընդհանուր 786 քաղաքացու, որոնցից 524–ը` շարքային, 82-ը` ենթասպայական, 180-ը` սպայական կազմից, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: