ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՁևԱՎՈՐՈՒՄԸ. ԱԴՐԲԵՋԱՆԵՐԵՆԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ․ ՄԱՍ III
News.am-ը ներկայացնում է հրապարակումների շարք՝ նվիրված ադրբեջանցի ժողովրդի ձևավորմանը, ադրբեջանական պետության քաղաքականությանը, պահանջատիրություններին և կեղծիքներին: «Ադրբեջանական ժողովրդի ձևավորումը (թաթարացումից մինչև ադրբեջանացում)» հոդվածի հեղինակը Արցախի նախագահի խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր Դավիթ Բաբայանն է: Ներկայացնում ենք հոդվածաշարի երրորդ մասը։
Հետաքրքիր է, սակայն «ադերբիջանական բարբառ» հասկացության՝ շրջանառության մեջ դրվելը նույնպես բացառապես ռուսական լեզվական նորամուծությունն է, որը նախկինում երբեք և ոչ մի տեղ չի օգտագործվել: Անգամ կան մարդկանց անունները, ովքեր դա արել են: Մի շարք հետազոտողներ կարծում են, որ առաջինը դա արել է ռուս ականավոր արևելագետ Ալեքսանդր Կասիմովիչ Կազեմ-Բեկը, որի ամենահայտնի գործերից մեկը 1840-ական թվականներին Կազանում լույս տեսած «Թուրք-թաթարերենի ընդհանուր քերականությունը» գիրքն է: Ինքը՝ գիտնականն ադերբիջանական բարբառը վերագրում էր թաթարերենին:
Հայտնի ռուս արևելագետ Բորիս Անդրեևիչ Դորնը Դեմիդովի անվան մրցանակի համար Կազեմ-Բեկի ներկայացված «Թուրք-թաթարական լեզվի քերականությունը» գրքի գրախոսության մեջ նշել է հետևյալը. «Գիտակների հատուկ երախտագիտությանն են արժանի ուսմունքները դերբենտի, իսկ ավելի շատ մինչ այժմ գրեթե անհայտ, սակայն այժմ Միրզա Կազեմ-Բեկի կողմից բացահայտված ադերնիջանական բարբառ մասին, քանի որ երկուսն էլ բավականին առանձնահատկություններ ունեն, որոնք խրախուսում են հետագա հետազոտությունները, և հիմնականում՝ ադերբիջանականը, որը շատ կարևոր է մեր կովկասյան ուսումնարանների համար: Նույնիսկ կարելի է արդարությամբ ասել, որ այս բարբառի վերաբերյալ Կազեմ-Բեկի կողմից հաղորդվող որոշ դիտողություններ արդեն իսկ նրա գրքին հատուկ արժանապատվություն են տալիս»:
Մյուսները կարծում են, որ առաջին անգամ «ադերբիջանական բարբառ» տերմինն օգտագործվել է դեկաբրիստ գրող Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Բեստուժև-Մարլինսկին, որի աշխատանքները Կովկասի վերաբերյալ վերագրվում են XIX դարի 30-ական թվականներին: Իր գրքերից մեկում նա նաև նշել է, որ Անդրկովկասի տարածաշրջանի թաթարերեն լեզուն քիչ է տարբերվում թուրքերենից, և դրա հետ, ինչպես Եվրոպայում ֆրանսերենով, կարելի է սկզբից մինչև վերջ անցնել ամբողջ Ասիայով: Բառբառին անուն էր տրվել, ինչպես նշվեց վերևում, ի պատիվ պատմական Ատրպետական/Ադրբեջանի, Պարսկաստանում, որը սահմանակից է Անդկովկասին: Սակայն Անդրկովկասի թյուրքալեզու բնակչության լեզուն թաթարերենին, իսկ դրա կրողներին թաթարներին վերագրելը, նույնիսկ եթե դա գիտական, պատմական, մշակութային և մի շարք այլ տեսանկյուններից վիճահարույց և սխալ էր, նպատակահարմար էր աշխարհքաղաքական տեսակետից: Անդրկովկասի թյուրքալեզու զանգվածի «թաթարացումը» հնարավորություն էր տալիս միաժամանակ լուծել մի քանի կարևոր աշխարհաքաղաքական խնդիր։
Այստեղ հիմնական հրամայական էր Արևելյան Անդրկովկասի թրքական զանգվածի աշխարհաքաղաքական և (կամ) էթնոկրթական դրեյֆի արդեն հիշատակված կանխարգելումը դեպի Թուրքիա կամ Իրան: Անդրկովկասի թուրքերի՝ որպես թուրքերենի դասակարգումը լուրջ խթան կհաղորդեր այս էթնոկրթական զանգվածի ներկայացուցիչների ինքնորոշման համար՝ որպես թուրքեր՝ իրենց աստիճանական թրքացումով և աշխարհաքաղաքական կողմնորոշմամբ դեպի Թուրքական կայսրություն:
Նրանց նույնականացնել պարսիկների հետ, բայց՝ թյուրքալեզու, իր հերթին, կարող էր համապատասխան խթան հաղորդել այս զանգվածի իրանականացմանը, ինչը, հաշվի առնելով իրանական ժողովուրդների ներկայությունն Արևելյան Անդրկովկասում, որոնք պահպանել են իրանցի ժողովուրդների իրենց էթնոազգային ինքնությունը, կարող էր իրանական բաղադրիչը քանակական առումով տարածաշրջանի գերիշխող տարր դարձնել: Դա ոչ միայն կուժեղացներ Պարսկաստանի ազդեցությունը, իսկ դրա միջոցով՝ նաև Ռուսաստանի աշխարհաքաղաքական մրցակիցներին տարածաշրջանում, այլև կխախտեր վերահսկողության առանցքային սկզբունքներից մեկը ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող տարածքի նկատմամբ էթնոազգային և մշակութային-կրոնական խճանկարի և բազմազանության պահպանման միջոցով, ինչը նվազեցնում է բազմազան զանգվածի հնարավոր համախմբման հավանականությունը մեկ ուժի մեջ:
Իսկ «թաթարացումը» շատ հարմար լուծում էր, որը հնարավորություն տվեց լուծել վերը նշված խնդիրները: Կովկասյան թաթարներ կոչվող մեկ էթնիկ խումբը ստեղծվեց խճճված էթնիկ զանգվածից, որը խոսում էր միասնական թյուրքական լեզուներից մեկով, որը տարբեր էթնիկ խմբեր էր ներառում: Այն անջատվում էր իր կիզիլբաշական-իրանական անցյալից, սակայն միևնույն ժամանակ, չէր միանում թուրք-օսմանյան էթնոկրթական զանգվածին: Չնայած Ռուսաստանի կայսրությունում կային տարբեր թաթար ժողովուրդներ և ենթաէթնություններ, ինչպիսիք են կազանյան, սիբիրյան, ղրիմյան, աստրախանյան, ալթայական, լեռնային թաթարները և այլն, բայց նրանք միասնական ժողովուրդ չէին կազմում՝ միմյանցից տարբերվելով մարդաբանորեն, մշակույթով, կենցաղոբ և կրոնով: Բացի այդ, թաթար ժողովուրդների տարածման տարածքն աշխարհագրականորեն մեկ ամբողջություն չէր կազմում և դրանց բավականին մեծ հեռավորություններ էին բաժանում: Այսպիսով, ունենալով այդպիսի տարբերություններ և ապրելով միմյանցից մեծ հեռավորությունների վրա, թաթարական էթնիկ խմբերը չկարողացան ստեղծել իրենց սեփական միասնական ժողովրդին միասնական տարածքի վրա: Սա Անդրկովկասի թուրքերի թաթարացումն աշխարհաքաղաքական տեսանկյունից առավել տեղին և պակաս վտանգավոր էր դարձնում։
Այս համատեքստում հարկ է նշել, որ Պարսկաստանի թուրքերը, որոնք խոսում էին նույն բարբառով, ինչպես և Արևելյան Անդրկովկասի թուրքերը, շարունակում են ռուսական աղբյուրներում կոչվել «թուրքեր»: Իսկ «կովկասցի թաթարներ» տերմինը նրանց նկատմամբ չէր կիրառվում: Չնայած, երբեմն կարելի էր հանդիպել «թուրք-թաթարներ» անվանմումը։ Այդպես, արդեն հիշատակված հայտնի ռուս գիտնական-թուրքագետ և արևելագետ Իլյա Բերյոզինը, նկարագրելով պատմական Ատրպետական Ադրբեջանի բնակչությանը 1852-ին Կազանում լույս տեսած «Ճանապարհորդություն Հյուսիսային Պարսկաստանով» աշխատության մեջ, նշում էր, որ այս նահանգի բնակչության զգալի մասը թուրքերն ու քրդերն էին: Ռուսական բանակի գլխավոր շտաբի կապիտան Լ.Կ. Արտամոնովի «Հյուսիսային Ադրբեջան. Ռազմա-աշխարհագրական ակնարկ» ուսումնասիրության մեջ, որում հետազոտվում է Անդրկովկասի հետ սահմանակից հյուսիսային, պատմական Ադրբեջանի մի մասը, շրջանի թյուրքական էթնիկ զանգվածը ներկայացվում էր որպես թյուրքա-թաթարական ցեղեր, որտեղ ցեղային մեկուսացումը շատ ուժեղ էր, հատկապես՝ քոչվորների շրջանում:
Բացի այդ, «ադերբիջանական բարբառ» տերմինը լայն կիրառություն չի գտել գիտական, հատկապես պաշտոնական և քաղաքական շրջանակներում: Դա հասկանալի էր, չէ որ այդ դեպքում այստեղ կենտրոնական տարր էր Պարսկաստանում գտնվող պատմական Ադրբեջանը, և այստեղի գիտական մոտեցումը կարող էր անհասկանալի կերպով քաղաքական ենթատեքստ ստանալ, ինչից պետք էր ամեն կերպ խուսափել։
Եվ այս մոտեցումն իսկապես ճիշտ էր և ցարական իշխանությունների կողմից ամենաարդյունավետ աշխարհաքաղաքական որոշումներից մեկը՝ ոչ միայն կովկասյան քաղաքականության համատեքստում, այլև՝ ընդհանրապես էթնոքաղաքականության, որը գիտական և քաղաքական որոշումների, ինքնաբուխության սիմբիոզ էր դարձել՝ վերածվելով հստակ պետական քաղաքականության:
Սակայն Անդրկովկասի թուրքերի և նրանց թաթարացման դեպքում, ինչպես արդեն նշվեց, կայսրության կենտրոնական իշխանությունները ճիշտ քայլ կատարեցին աշխարհաքաղաքական տեսանկյունից: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ այս քայլը հիմնարար հետևանքներ ունեցավ Անդրկովկասի և ընդհանուր առմամբ ողջ տարածաշրջանի համար:
Առաջին հերթին, այս գործընթացը, բնականաբար, ազդեց հենց Անդրկովկասի թուրքերի վրա: Հենց այս շրջանի թյուրքական ցեղերի և խմբերի «թաթարացումն» էր, որը հիմք ստեղծեց ապագայում նրանցից մեկ ժողովրդի ստեղծման համար: Ինչպես արդեն նշվեց, այս քաղաքականությունը պոկում էր թյուրքական զանգվածը Իրանից, խոչընդոտում դրա վերակողմնորոշմանը դեպի Թուրքիա, սակայն միևնույն ժամանակ չէր կարողանում վերածել այն մեկ թաթարական էթնոազգային զանգվածի: Այս դեպքում գործարկվեցին դրա՝ որպես որոշակի միասնական գոյացության առանձնացման մեխանիզմները։
Խնդիրը, որը անհրաժեշտ էր լուծել, միաժամանակ և համեմատաբար հեշտ ու բավականին դժվար էր թվում: Հարաբերական հեշտությունը նրանում էր, որ թյուրքական զանգվածը, ինչպես արդեն նշվեց, ոչ թե մեկ և համախմբված ժողովուրդ էր, ինչին խոչընդոտում էին տարբեր ժողովուրդների ու ցեղերի էթնոցեղային բազմազանությունը, ուժեղ միգրացիոն և վերաբնակեցման հոսքերը: Հետևաբար զարմանալի չէ, որ հաճախ թյուրքերի մեջ հայրենիքի գաղափարը սահմանափակվում էր նրանց քաղաքով կամ ավանով:
Հայտնի գրող և մտածող Միրզա Ֆաթալի Ախունդովը (1812-1878) Կովկասյան կրթական շրջանի հոգաբարձուին 1852-ին գրած զեկույցում նշում է հետևյալը. «Անդրկովկասյան երկրամասը, որում թաթարական ցեղը թվով գերազանցում է մյուս բնակիչներին, մինչ Ռուսաստանի իշխանությունը գտնվել է պարսկական պետությունների կամ թուրքական սուլթանների տիրապետության տակ: Առաջին դեպքում թաթարական ցեղի գրությունները կազմվել են պարսկերեն, իսկ երկրորդում՝ թուրքերեն, որն այժմ բավական տարբերվում է անդրկովկասյան թաթարական բարբառից, և, հետևաբար, թաթարական ցեղը դեռևս չունի իր գրականությունը, և չի գտնվի ժողովրդական թաթարերենով բնօրինակ գրված որևէ գիրք, իսկ եթե գտնվի թաթարերենով գրված ինչ-որ բան, ուրեմն սա իսկական թարգմանություն է ինչ-որ այլ լեզվից, գրված է ճոռոմ բառակապակցություններով և այլ անբնական արտահայտություններով` պարսկերեն, արաբերեն կամ թուրքերեն լեզուների ոգով, հետևաբար, ըստ այդպիսի գործերի, կամ ավելի լավ է ասել թարգմանությունների, անհնար է հասկանալ թաթարերենի ոգին և առանձնահատկությունները, ուսումնասիրել այն հիմքի վրա, որով այն գոյություն է ունեցել ժողովրդի մեջ, դատել քերականական կանոնների մասին և նույնիսկ ուղեցույց կազմել այն սովորելու համար»:
Այս բոլորը ավելի դյուրին են դարձրել այս զանգվածում նոր ինքնության պատվաստումը: Սակայն եղել են նաև դժվարություններ: Այսպես, թյուրքական զանգվածը պահպանել է ինքնության այնպիսի ավանդական բաղադրիչներ, ինչպիսիք են կրոնը, ինչը հաճախ դրա գերակշռող բաղադրիչն է եղել մի շարք ցեղերի մեջ: Մյուս կողմից, թույլ և անկայուն թաթարական ինքնությունը հետագայում բարենպաստ հող է ստեղծել այնպիսի ազգայնական գաղափարախոսությունների ներթափանցման համար, ինչպիսին էր պանթյուրքիզմը:
Այս համատեքստում կենտրոնական իշխանությունները ակտիվորեն օգնել են նոր կովկասյան թաթարական մտավորականության ձևավորմանը և թաթարներին լուսավորելուն: Պետք է նշել, որ համեմատաբար կարճ ժամանակահատվածում ձևավորվեց այն մտավորականության կորիզը, որն, ի դեպ, տվեց ականավոր գործիչների մի ամբողջ համաստեղություն: Հենց այս գործիչներն էլ ապագայում դարձան նոր ժողովրդի մշակույթի ամենակարևոր հիմքերը:
Այս գործիչները բարձր էին գնահատում Ռուսաստանի դերը իրենց ժողովրդի կյանքում: Այսպես, Միրզա Ֆաթալի Ախունդովը 19-րդ դարի կեսերին նշել է, որ Ռուսաստանը օբյեկտիվորեն նպաստել է տարածաշրջանում թաթարական ազգի պահպանմանը: Նա նաև նշել է, որ հենց Ռուսաստանի տիրապետության օրոք էր, որ առաջին հերթին բացվեցին դպրոցները, որտեղ դասավանդումն իրականացվում էր թաթարերենով, իսկ վերջինս, մյուս առարկաների հետ միասին, սկսեց ուսումնասիրվել որպես հատուկ առարկա»:
Մեկ այլ հայտնի գործիչ՝ Հասանբեկ Զարդաբին (1837-1907) նշել է՝ եթե ուզում եք, որ թաթար ժողովուրդը ապրի, առաջադիմի, տիրապետի գիտություններին և մշակույթին, ապա տվեք նրան կորցրած լեզուն: «Նրանք չեն հասկանում ձեր խոսքերը: Գտեք իրենց լեզուն, որ գրեն, առաջ շարժվեն, դպրոցներում սովորեն, կրթություն ստանան՝ իրենց մայրենի լեզվով»:
Միրզա Ֆաթալի Ախունդովը, անդրադառնալով այս խնդրին, գրել է հետևյալը. «Եթե Ռուսաստանի տիրապետությունում մահմեդականները հագեցված են Քեմալ-Ուդ-Դովլի գաղափարներով («Քեմալ-ուդ-Դովլեի նամակներ»-ը հայտնի է որպես «Հնդկական իշխան Քեմալ-ուդ-Դովլեի երեք նամակները պարսիկ իշխանին») ապա նրանք, անշուշտ, նողկանք կզգան մահմեդական բռնակալների հանդեպ․․․ նրանք կմիաձուլվեն ռուս ժողովրդին, կանհետանա մոլեռանդության և ոգեշնչման ոգին, որ բխում է կրոնական համոզմունքներից։ և Թուրքիա արտագաղթելու ձգտումը, որտեղ մահմեդականները կույր ֆանատիզմով ենթադրում են հոգևոր փրկություն մահմեդական տիրակալի տիրապետության ներքո, նրանց մեջ հավերժ կվերանա: Կանհետանա նաև Մեքքա ուխտագնացության ցանկությունը, ուր կովկասյան տարածաշրջանից տարեկան միլիոն մարդ է ճանապարհորդում՝ բոլորովին անօգուտ:
Այսպիսով, ժամանակակից ռուսական կրթություն ձեռք բերելը նույնպես կարևոր դեր է ունեցել նոր ժողովրդի ձևավորման գործում: Ինչպես արդեն նշել է նշանավոր գիտնական Մ. Կազեմ-Բեկը. «Ռուսաստանը, գտնվելով այդպիսի սերտ հարաբերությունների մեջ Արևելքի հետ, նախևառաջ պետք է իր հզոր ուսերին տանի արևելյան ժողովուրդների լուսավորության մեծ գործը այլ երկրների առջև»: Գնահատելով կրթության կարևորությունը տարածաշրջանի զարգացման համար՝ նախավերջին կովկասյան նահանգապետ Ի. Ի. Վորոնցով-Դաշկովը (1837-1916) նշել է. «Անկասկած, ճիշտ կազմակերպված ռուսական ժողովրդական դպրոցը, մայրենի լեզվով գրագիտության մեկնարկը հանդիսանում է մահմեդականների վրա ռուս աշխարհայացքի ազդեցության հիմնական միջոցը: Այն փրկում է նրանց պետության տեսանկյունից վնասակար պանիսլամիզմի և պանթյուրքիզմի գաղափարախոսությունից՝ դպրոցներում թուրք ուսուցիչների և դասագրքերի, որոնք ներծծված են ոչ ռուսական գաղափարներով, այլ բնակչության համար օտար դասավանդման լեզվով՝ այն մասնավոր մուսուլմանական դպրոցներում, որտեղ բնակչությունն ուղարկում է իրենց երեխաներին՝ բավարար քանակի ռուսական դպրոցներ չլինելու պատճառով»:
Սակայն, ինչպես նշվեց վերևում, կովկասյան թաթարական մեկ էթնոսի ձևավորումը լիովին չէր ավարտվել, և ազգային ինքնությունը, ներառյալ նորաստեղծ մտավորականության մոտ, նոր էթնոսի և իսլամի սիմբիոզ էր: Այսպիսով, հայտնի թաթար բանաստեղծ Աբբաս Աղա Գաիբովը (Նազիր) (1849-1919) 1909-ի փետրվարի 24-ին Լև Տոլստոյին ուղղված իր նամակում գրում է հետևյալը.
«Ողորմած տեր, կոմս Լև Նիկոլաևիչ,
Ցանկանալով ծանոթացնել իմ հավատակից մահմեդականներին ձեր ստեղծագործություններին, որպես մահմեդական բանաստեղծ, բախտ ունեմ Ձեր ստեղծագործությունները թաթարերենի թարգմանելու՝ «Որքա՞ն հող է պետք մարդուն» խորագրի ներքո: Հետևաբար, ես ամենայն ակնածանքով խնդրում եմ ձեր բարեհաճ թույլտվությունը` նշված թարգմանությունը տպագրելու և տարածեու համար»: Ինչպես երևում է նամակից, բանաստեղծը, նոր մտավորականության վառ ներկայացուցիչը, իրեն համարում է միաժամանակ մահմեդական բանաստեղծ և կովկասյան թաթար: Ընդ որում, այստեղ իսլամը ոչ միայն կրոնական, այլև էթնիկ ատրիբուտ է, որին արդեն կցված է թաթարական բաղադրիչը:
Հարկ է նշել, որ առաջին անգամ Անդրկովկասի թյուրքերի պատմության մեջ «միլիետ» (ազգ) հասկացությունը գործածության մեջ է դրել 19-րդ դարի 70-ականների գրող-լուսավորիչ Միրզա Ֆաթալի Ախունդովը, ով միևնույն ժամանակ նաև խստորեն քննադատել է իսլամի քարացածությունը: Առաջադիմական հրապարակախոս Գամզաթ բեկ Շիրվանսկին (1884-1912) Միրզա Ֆաթալի Ախունդովի ստեղծագործությանը նվիրված իր հոդվածներից մեկում ընդգծել է հետևյալը. «Նա համարձակորեն նետեց շղարշը մահմեդական մարմնից և համընդհանուր ծաղրի առարկա դարձրեց բոլոր մեր հիվանդությունները, խոցերը, թերությունները: Մահմեդականությունը ցնցվեց»: