ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ. ԽՈՐՀՐԴԱՅՆԱՑՈՒՄ ԵՎ ՊԱՆԹՅՈՒՐՔԻԶՄ. ՄԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ
News.am-ը ներկայացնում է հրապարակումների շարք՝ նվիրված ադրբեջանցի ժողովրդի ձևավորմանը, ադրբեջանական պետության քաղաքականությանը, պահանջատիրություններին և կեղծիքներին: «Ադրբեջանական ժողովրդի ձևավորումը (թաթարացումից մինչև ադրբեջանացում)» հոդվածի հեղինակը Արցախի նախագահի խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր Դավիթ Բաբայանն է: Ներկայացնում ենք հոդվածաշարի հինգերորդ մասը։
Բաքվի սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունը իր գործունեության առաջին քայլերից քարոզել է պրոլետարական ինտերնացիոնալիզմի սկզբունքները: «Բաքվի բանվորներին օտար է ազգային ամեն տեսակի թունավորումը: Առանց ազգերի տարբերակման պրոլետարների համերաշխությունը նրանց համար սրբազան պատվիրան է»: Կովկասի բոլշևիկյան կազմակերպությունների գործունեությունը ստացել է Վ.Ի.Լենինի բարձր գնահատականը: «Մեզ մոտ և Կովկասում,- 1913 թվականին գրել է Լենինը,- սոցիալ-դեմոկրատ վրացիները + հայերը + թաթարները + ռուսները ավելի քան 10 տարի միասին են աշխատել միասնական սոցիալ-դեմոկրատական կազմակերպության մեջ: Սա արտահայտություն չէ, այլ ազգային հարցի պրոլետարական լուծում: Միակ լուծումը»:
Այդ ժամանակ բոլշևիկների առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկն էր հեղափոխական պայքարի մեջ աշխատավոր մուսուլմանների լայն ներգրավումը: Այդ ժամանակ Բաքվի կոմիտեն սերտ կապեր էր պահպանում Միջին Ասիայի, Դաղստանի, Հյուսիսային Կովկասի հեղափոխական սոցիալ-դեմոկրատների հետ, նրանց օգնում էր ստեղծել սոցիալ-դեմոկրատական խմբակներ ու խմբեր, տարածել մարքսիստական գաղափարները, ստեղծել ընդհատակյա տպագրական տեխնիկա: Բաքվից Անդրկասպյան երկրամաս են ժամանել կուսակցական աշխատողներ, Գրոզնիում ակտիվ կուսակցական աշխատանք է ծավալել կուսակցության Բաքվի կոմիտեի անդամ Ի.Տ.Ֆիոլետովը, իսկ Դաղստանի սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունների խնդրանքով այնտեղ են ուղարկվել քարոզիչներ, զանգվածային ագիտատորներ, փոխանցվել է զգալի քանակությամբ կուսակցական գրականություն:
Մյուս կարևորագույն հոսանքն է դարձել պանթյուրքիզմի գաղափարախոսությունը: Հենց պանթյուրքիզմի հետ և դրա դեմ պայքարն է XIX դարի երկրորդ կեսից ընդհուպ մինչև մեր ժամանակները դարձել Արևելյան Անդրկովկասի պատմության որոշող բաղադրիչը: Եվ ХХ դարի սկզբից մինչև ԽՍՀՄ փլուզումը պանթյուրքիզմի հիմնական աշխարհաքաղաքական և գաղափարախոսական մրցակիցներից մեկը բոլշևիզմն էր կամ խորհրդային կոմունիզմը, որոնց պայքարի ասպարեզը ահռելի տարածք էր ընդգրկում, որը ներառում էր Կովկասը, Պովոլժիեն, Կենտրոնական Ասիան, Սիբիրի մի շարք շրջաններ: Եվ այստեղ ամենակարևոր շրջաններից մեկը հենց Արևելյան Անդրկովկասն էր, այդ պայքարի յուրատեսակ առաջնագիծը:
Պանթյուրքիզմի հիմնական գաղափարն էր բոլոր թյուրք ժողովուրդների կամ թյուրքական աշխարհի միավորումը մեկ պետության մեջ՝ Թուրքիայի առաջնորդությամբ: Որքան էլ պարադոքսալ թվա, բայց պանթյուրքիզմի գաղափարը թուրքական գաղափարախոսություն չէ: Այն մշակվել է Օսմանյան կայսրության սահմաններից դուրս: Պանթյուրքիզմի գաղափարների հեղինակներն են եղել եվրոպացիները, անգլիական, ֆրանսիական, գերմանական և ավստրիական իշխող շրջանակները ու նրանց հատուկ ծառայությունները:
Պանթյուրքիզմի ստեղծան տրամաբանությունը չափազանց պարզ էր: Այդ քաղաքականությունը հնարավորություն էր ընձեռում միաժամանակ հասնելու երկու կարևորագույն նպատակի: Առաջին՝ Եվրոպայում իր տերությունների կորստի պատճառով եվրոպական տերությունների դեմ ռևանշի տենչացող Թուրքիան այդ տարածքների վերադարձն այլևս չէր դիտարկում որպես իր հիմնական խնդիր և այսպիսով չէր սպառնում եվրոպական երկրներին: Ուստի կարելի էր թուրքական հնարավոր էքսպանսիայի ուղղությունը Եվրոպայից և նախկինում օսմանների նվաճած եվրոպական մեծ տերությունների վերահսկողության տակ գտնվող տարածքներից շրջել Ռուսական կայսրության ուղղությամբ, որի տիրապետության տակ էր Օսմանյան կայսրությունից դուրս գտնվող թյուրք ժողովուրդների հիմնական զանգվածը: Ինչպես գրել է պանթյուրքիզմի գաղափարախոսներից մեկը՝ Մունիս Թեքինալփը, նույն ինքը՝ Մոիզ Քոենը, թուրքական քաղաքակրթության ստեղծման համար 12-15 մլն օսմանյան թուրքերը բավարար չէին, և պարտադիր էր Օսմանյան կայսրության սահմաններից դուրս ապրող 40-50 մլն թյուրքերի միավորումը մեկ միասնական պետության մեջ:
Այսպիսով, Օսմանյան կայսրությունն իր հայացքը պետք է ուղղեր դեպի ռուսական տարածքներ, և այդ կերպ երկու կայսրությունների բախումների հետևանքով թուլանում էին երկուսն էլ, իսկ շահող էին դուրս գալիս եվրոպական մեծ տերությունները, որոնք կարող էին դրա արդյունքում իրենց ազդեցության ոլորտի մեջ ներառել Թուրքիայի վերահսկած լրացուցիչ տարածքներ:
Սա իր հերթին կբացառեր Ռուսական և Օսմանյան կայսրությունների միջև ռազմավարական ու երկարաժամկետ միության ցանկացած հնարավորությունը, սցենար, որը եվրոպական մեծ տերությունների համար կարող էր դառնալ աշխարհաքաղաքական աղետ և իրենց շահերին իրական սպառնալիքներ ստեղծել Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Հնդկաստանում և այլ տարածաշրջաններում: Այս ճանապարհին ամենագործուն պատնեշներից մեկը հենց պանթյուրքիզմն էր:
Պանթյուրքիզմը, հնարավոր է, եղել է նաև ամենաարդյունավետ միջոցը՝ խարխլելու պանիսլամիզմի դիրքերը՝ գաղափարախոսություն, որը քարոզում էր բոլոր մուսուլմանների միավորում և իսլամական միասնական գերտերության ստեղծում, որն ակտիվորեն առաջ էր տանում Օսմանյան կայսրությունը, առավել ևս, որ թուրք սուլթանը դեռ Սելիմ I Յավուզի կառավարման (1517 թվականից) տարիներից ի վեր խալիֆ էր:
Պանիսլամիզմից զգուշանում էին բրիտանացիները, հատկապես՝ Հնդկաստանում: Բրիտանական կայսրության կողմից Հնդկաստանի վերջնական նվաճումից հետո տեղացի մուսուլմանները սկսեցին ավելի շատ համակրանք տածել Օսմանյան կայսրության հանդեպ՝ նրա հետ նաև քաղաքական հույսեր կապելով: Շատ մուսուլմաններ նույնիսկ ներգաղթել են Թուրքիայի սահմաններում և պատվի արժանացել հենց սուլթաններից: Պանթյուրքիզմը ցնցեց միասնությունն ու առանց այն էլ բազմազգ Օսմանյան կայսրությունը և նեղացրեց այդ գերտերության աշխարհաքաղաքական մանևրի տարածքը: Այդ համատեքստում ոչ թուրքական մուսուլմանական բնակչության տարածքների անեքսիայի համար նախադրյալներ ստեղծվեցին, առավել ևս, որ գաղութացման պրոցեսի ավարտից հետո նրանք կազմեցին այն տարածքը, որը դեռ հնարավոր էր գաղութացնել:
Սակայն, միևնույն ժամանակ, թուրքական գործոնը շարունակեց մնալ կարևոր դիրքում: Պանթյուրքիզմը Թուրքիային այլընտրանք տվեց՝ այսպես կոչված պասիոնար էներգիա տասնամյակների համար, հատկապես՝ Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում, առավել ևս, որ հնարավոր ռուս-թուրքական միությունը կարող էր ամբողջովին փոխել համաշխարհային քաղաքականությունում ռազմական-ռազմավարական հավասարակշռությունը: Պանթյուրքական գաղափարախոսությունն իրականացնելու համար առաջին քայլը եղավ արդեն նշված թյուրքիզմի գաղափարախոսությունը: Առաջին հայացքից կարող է թվալ, թե խնդիրը հեշտ է լուծել: Սակայն իրականում դա բարդ գործընթաց էր: Բավական է նշել, որ այդ ժամանակ Օսմանյան կայսրությունում «թուրք» բառը վիրավորական էր: Թյուրքիզմի արմատավորմանը զուգահեռ ընթանում էր պանթյուրքիզմի ակտիվ քարոզչություն:
Այդ ծրագրերի իրականացման համար առաջին հերթին անհրաժեշտ էր Օսմանյան կայսրության և Անդրկովկասի ու Իրանի միջև ընդհանուր էթնիկ սահման ստեղծել և «մաքրել» տարածքները ոչ թուրքական բնակչությունից, մասնավորապես՝ հայերից, ասորիներից, հույներից, ինչպես նաև եզդիներից: Դա պանթյուրքական ծրագրերի գլխավոր պայմանն էր: Հատկապես կարևորություն ստացավ «Թուրքական Հայաստան» կոչված տարածքը: Իոսիֆ Ստալինը դրան հետևյալ սահմանումը տվեց. «Դա հենց այն «դրախտային անկյունն» է, որը երկար տարիներ ծառայել է և կշարունակի ծառայել Արևմուտքի ագահ դիվանագիտական իղձերի և Արևելքի արյունոտ վարչական մարզանքների առարկա»:
20-րդ դարի սկզբին պանթյուրքական գաղափարախոսության բեկման առանցքային կետերից մեկը դարձավ Անդրկովկասը: Այստեղ միաձուլվեցին մի շարք ռազմավարական, աշխարհագրական, էթնոքաղաքական, տնտեսական և այլ գործոններ: Անդրկովկասը դարձավ կամուրջ, աշխարհաքաղաքական պորտալար Առաջավոր Ասիայում, Կենտրոնական Ասիայում, Հյուսիսային Կովկասում, Իրանում, Պովոլոժիեում: Այստեղ թյուրքական բնակչության մեծ զանգված կար, որը, ինչպես նշվեց, վերջնականապես դեռ չէր ձևավորվել որպես միասնական ազգ: Այդ տարածշրջանում ուժեղ էին նաև կրոնական դավանանքները, հատկապես մուսուլմական բնակչության շրջանում, և այստեղ էր Բաքվի նավթը: Հենց այդ պատճառով տվյալ տարածքը դարձավ ինչպես մեծ գերտերությունների, այնպես էլ տարբեր գաղափարախոսությունների պայքարի կարևորագույն թատերաբեմերից մեկը: