ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ. ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԱՆՋԱՏՎԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԸ. ՄԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ

News.am-ը շարունակում է ներկայացնել հրապարակումների շարք՝ նվիրված ադրբեջանցի ժողովրդի ձևավորմանը, ադրբեջանական պետության քաղաքականությանը, պահանջատիրություններին և կեղծիքներին: «Ադրբեջանական ժողովրդի ձևավորումը (թաթարացումից մինչև ադրբեջանացում)» հոդվածի հեղինակը Արցախի նախագահի խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր Դավիթ Բաբայանն է: Մաս վեցերորդ:

XX դարի սկզբին Բաքվում ձևավորվեցին քաղաքական հոսանքներ և ուժեր, որոնք քարոզում էին Ռուսաստանի կազմից դուրսբերում՝ միախառնված պանթյուրքիզմի և պանիսլամիզմի գաղափարների հետ: Նման առաջին կազմակերպությունն էր 1905 թվականի վերջին ձևավորված «Հեյրաթ» սոցիալ-ֆեդերալիստների կուսակցությունը, որը կողմ էր Ռուսաստանից Կովկասի առանձնացմանը:

Սակայն ամենահայտնի կուսակցութունն էր «Մուսավաթը», որը հիմնվել է 1911 թվականին: Կուսակցության ձեռնարկած առաջին քաղաքական ակտերից մեկը դարձավ 1912 թվականին թողարկված թռուցիկը ՝ կապված Առաջին Բալկանյան պատերազմի հետ և տպագրված Ստամբուլում «Սաբիլ-ուր-Ռեշադ» ամսագրում: Թռուցիկում ասվում էր, որ մինչ այժմ մուսուլմաական աշխարհը, որի սիրտն է համարվում Օսմանյան խալիֆաթը, ենթարկվում է սարսափելի հալածանքների և ստորացումների հրեական պետությունների կողմից: Ապա ասվում է. «Դավանակիցնե՛ր: Մեր միակ հույսն ու փրկության ուղին Թուրքիայի անկախությունն է: Այդ բոլոր գործերի կազմակերպիչը իսլամի և ամբողջ մարդկության թշնամին է, հայտնի որպես հյուսիսային արջ՝ բռնակալ ռուսական պետությունը»:

1913-ին Ստամբուլից Կովկաս տեղափոխվեցին 60 սպաներ, որոնց նպատակն էր լայնամասշտաբ քարոզչական աշխատանքներ տանել Ռուսաստանի դեմ մուսուլմանների ըմբոստության դեպքում:

Ինչպես պնդում էր կուսակցության առաջնորդ Մամեդ Էմին Ռասուլզադեն. «Գերմանականի նման թուրանյան պետության ձևավորումը իդեալական է, որի ձեռքբերմամբ թյուրքական ռասան իր փառքի գագաթնակետին կլիներ և դրանում թաքնված պոտենցիալ ուժերը բացարձակ նոր, մշակութային արժեքներ կտային»:

Ակնհայտ է, որ լինելով պանթյուքիստների ճանապարհին գլխավոր խոչընդոտը՝ Ռուսական կայսրությունը կարևոր քայլեր էր ձեռնարկում այդ սպառնալիքների դեմ պայքարում: Այդ համատեքստում հատկապես խոցելի էին կայսրության ծայրամասերը, որոնց բնակչության մոտ, մի շարք հետազոտողների խոսքով, նկատվում է այսպես կոչված երկակի լոյալության ֆենոմեն:

Ամենավտանգավոր օրինակներից մեկը կարելի է անվանել Պուգաչովի ապստամբությանը (1773-1775 թթ.) ռուս մուսուլմանների ակտիվ մասնակցությունը: XX դարի սկզբին Անդրկովկասում պանիսլամիզմի և պանթյուրքիզմի քարոզչությանն ակտիվորեն օգնեց Գերմանիան իր հետախուզության, ինչպես նաև դիվանագիտական առաքելությունների, գերմանական ընկերությունների և նույնիսկ տուրիստական գործակալությունների, հրատարակչությունների և լյութերանյան հոգևորականության միջոցով:

Մուսուլմաններին հակառուսական տրամադրություններ էին ներարկում նաև այլ արևմտյան երկրներ: Ինչպես գրել է պանթյուրքիզմի խոշոր ներկայացուցիչ Իսմայիլ-բեյ Գասպրինսկին. «Մուսուլմանները, որոնք կրթություն են ստանում Արևմուտքում, սխալ պատկերացում ունեն Ռուսաստանի և նրա ժողովրդի մասին: Արաբները, թուրքերը, պարսիկները, Հնդկաստանի մուսուլմանները՝ իմանալով Ռուսաստանի մասին անգլիական, գերմանական, ֆրանսիական աղբյուրներից, հեշտորեն հավատում էին արևմտյան ընկերներին»: Պանթյուրքիստները պնդում էին, որ «ատելությունն ուժի օգտակար աղբյուր է ազգի համար, իսկ վրեժը՝ այդ ուժի շարժիչը… Մեծ գործեր է արարում միայն ատող և վրեժխնդիր լինող ազգը»:

Պանիսլամիստական կրքեր բռնկվեցին նաև:

Բնականաբար, Ռուսական կայսրությունը պատասխան քայլեր էր ձեռնարկում պանիսլամիզմի և պանթյուրքիզմի դեմ:

Մեխանիզմներից մեկը Ռուսական կայսրությունում պետականաշինության քաղաքական-աշխարհայացքային հիմքն էր: Ընդ որում, մուսուլմանների և թյուրքերի հանդեպ ռուսների վերաբերունքը բավական հանդուրժող էր և նույնիսկ ջերմ: Այդ մասին ժամանակին գրել է նույն Իսմայիլ-բեյ Գասպրինսկին. «Մուսուլմանական ժողովուրդների համար ռուսական մշակույթն ավելի մոտ է, քան արևմտյանը: Ռուս ժողովրդի տնտեսական և արդյունաբերական ուժը քիչ վտանգավոր է, քան արևմտյանը: Մուսուլմանն ու ռուսը կարող են միասին ապրել կամ աշխատել, առևտուր անել: Ոչ մի տեղ Արևելքի որդին այդքան հեշտությամբ չի հարմարվում, ինչպես Ռուսաստանում»:

Սակայն Ռուսական կայսրության կողմից ձեռնարկվող միջոցները չէին սահմանափակվում: Զուգահեռաբար անցկացվում էին դասական միջոցներ: Կարևոր ուղղություններից էր վարչական-տարածքային քաղաքականությունը, ինչպես նաև նոր էթնոսների ձևավորումը, մասնավորապես՝ կովկասյան թաթարների ձևավորումը:

Ինչպես 1905-ին գրել է «Նոր կյանք» բալշևիկյան թերթը. «Պանիսլամիզմը պետք է վնասազերծվի: Դա կանի սոցիալ-դեմոկրատիան՝ մերկացնելով պանիսլամիզմը: Իսկ մեկ այլ բոլշևիկյան թերթ 1907-ին գրել է. «Նավթային գործի աշխատանքային բանակը հավասարը չունի իր բազմազգ կազմով: Բաքուն համաշխարհային պրոլետարիատի ցուցադրություն է»:

Կայսրությանը հաջողվում էր վերահսկել Անդրկովկասի իրավիճակը, չեզոքացնել սպառնալիքներ ու խնդիրներ, սակայն իրավիճակը կտրուկ և անդառնալիորեն փոխեց Առաջին համաշխարհային պատերազմը:

News.am