Ռ․Քոչարյան. Արցախի հարցի էության հետ աղերս չունեցող մտավարժանքներով օրիգինալ բաներ ասելը լավ հետևանք չի ունենում

88 թվականից ի վեր մենք Արցախի հարցի լուծումը տեսնում էինք ազգերի ինքնորոշման սկզբունքի հիմքի վրա, սա է Արցախի հարցի լուծման բանաձևը, և ամբողջ այս ընթացքում Ադրբեջանը միշտ փորձել է հարցը տեղափոխել պետությունների տարածքային ամբողջականության դաշտ, որը մեզ համար անբարենպաստ դաշտ է։ Այս մասին «5-րդ ալիք», «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այդ դաշտում, այդ սկզբունքի շրջանակում հարցն ուղղակի լուծում չունի։ Մեզ համար բարենպաստ լուծում։ Իմ մտահոգությունը պայմանավորված է այն բանի հետ, տպավորություն այնպիսին է, որ հիմա հասկանալի չէ, թե Հայաստանի այսօրվա իշխանությունը ի՞նչ սկզբունքների վրա է տեսնում լուծումը։ Ես չեմ հասկանում՝ ինչ է նշանակում՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Հասկանում եմ, որ ինչ-որ տեղ ալեգորիկ նշանակություն ունի Հայաստանի այս իշխանության համար, բայց, փաստացի, Արցախը վերածվել է Հայաստանի մարզի կարգավիճակի։ Եվ երբ սրան զուգահեռ ասվում է, որ պետք է լուծում, որը կբավարարի կոնֆլիկտի բոլոր կողմերին, ես փորձում եմ հասկանալ՝ ինչպես ենք մենք համատեղում «Արցախը Հայաստան է և վերջ» բանաձևը այն լուծման հետ, տարբերակի հետ, որը կարող է բավարարել կոնֆլիկտի բոլոր կողմերին։ Ես չեմ գտնում այն կետը, որտեղ հատվում են այդ երկու բանաձևերը, պրոբլեմը սրա մեջ է։ Եվ կարծում եմ, հենց այդ թելն է կտրվել Արցախի հարցի լուծման հետևողական, տրամաբանված բովանդակության մեջ։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը որևէ կերպ չի հրաժարվում Ղարաբաղից, Ադրբեջանի և իշխանության, և հասարակության կողմից որևէ հայտարարություն նման հույս չի տալիս։ Ի դեպ, ես 88 թվից չեմ լսել որևէ ադրբեջանցու հայտարարություն, որ, ի վերջո, Ղարաբաղը կարող է և ինքնորոշվել, ինքնուրույն պետականություն ունենալ։ Չի եղել այդպիսի բան։ Հիմա, իշխանության առաջ քաշած բաանձևերով կամ պետք է Ղարաբաղը հրաժարվի անկախության գաղափարից կամ Ադրբեջանը պետք է համաձայնի Ղարաբաղի անկախությանը։ Չկա ոչ այն, ոչ էլ մյուսը։ Ոչ Ադրբեջանում եմ տեսնում նման մտադրություն, ոչ էլ Ղարաբաղում եմ տեսնում նման մտադրություն։ Հիմա հարց է առաջանում՝ ինչ սկզբունքերի շուրջ է այս հարցը լուծում ստանալու։ Ինձ համար հասկանալի չէ, և սա մեծ մտահոգություն է առաջացնում։ Որովհետև մենք համանախագահողներին հնարավորություն ենք տալիս իմպրովիզացիայի լայն միջանցք ունենալ։ Եվ, ի դեպ, պատահական չէ, երբ վերակենդանացվեց ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հանգամանքը, նաև, իմ տպավորությամբ, պատահական չէ, որ Հայաստանի անվտանգության նոր ռազմավարության մեջ չկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և ԼՂՀ ժողովուրդ բառերը։ Կա ազգաբնակչություն կամ բնակչություն։ Եվ սա բավական հետաքրքիր ձևով կապվում է ադրբեջանական համայնքի ներկայացուցչի վերակենդանանալու հանգամանքի հետ։ Միգուցե պատահականություն է, բայց շատ մտահոգիչ պատահականություն է», նշել է Ռոբերտ Քոչարյանը։

«2 տարի իշխանությունը շեշտը դնում է մի կարևոր գործոնի վրա՝ բանակցություններին պետք է մասնակցի Արցախի ներկայացուցիչը և Հայաստանը բանակցություններին չի մասնակցի, մինչև Արցախի ներկայացուցիչը չմասնակցի»՝ լրագրողի հիշեցմանն արձագանքելով, Ռոբերտ Քոչարյանն ասել է հիմա մենք խոսում ենք հայտարարությունների՞ մասին, թե՞ փաստերի

«Այդպիսի հայտարարություններ հնչել են, հետո ունեցել ենք երկարատև, ժամերով տևող բանակցություններ, որոնք, պարզվում է, բանակցություններ չէին, չգիտեմ ինչ էին։ Ունենք հայտարարություններ և ունենք փաստեր, որոնց կապը ես չեմ տեսնում։ Ինձ անհանստացնում է այն ամենը, ինչը տրամաբանված չէ, որովհետև անտրամաբանական ելույթների մեջ դու տեսնում ես նաև միտումնավոր հնարավորություն կամ ուղղակի հարցի կարգավորման էությունը չհասկանալով, երկուսն էլ վտանգավոր՝ և միտումնավորությունը և, երբ մարդիկ չեն հասկանում հարցի էությունը, բայց զբաղվում են դրանով»։

«Իսկ այս կետից ինչը պետք է փոխվի՝ ձևաչափեր, շեշտադրումներ, թեզեր, որ հնարավոր լինի ձեր հիշատակած ինքնորոշման ռազմավարությանը վերադառնալու համար»՝ հարցին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանն ասել է ուղղակի պետք է կարդալ ԼՂՀ անկախության հռչակագիրը

«Բանակցություններում բոլոր քայլերը պետք է բխեն այդ հռչակագրից։ Որովհետև Արցախի Հանրապետության ձևավորման իրավական հիմքերն անխոցելի են։ Իրականում են անխոցելի։ Ամեն ինչի համար ինչ-որ հիմք է պետք, ինչի վրա ես հենվում քո քայլերում, եթե այդ հիմքերը չկան կամ օրական մի հիմք ես գտնում կամ մտավարժանքների արդյունքում ուզում ես ինչ-որ օրիգինալ բաներ ասել, որոնք հարցի էության հետ որևէ աղերս չունեն, դրա հետևանքները լավ չեն լինում։ Կրկնում եմ՝ վերադառնանք ԼՂՀ հռչակագրին և մեր բոլոր քայլերը տեղավորենք այդ հռչակագրի շրջանակում։ Եվ երբեք խնդիրներ չենք ունենա, մենք իրար չենք հակասի, այսօրվա քայլերով չենք հակասի 3 տարի առաջվա քայլերին։ Հետևողական, հասկանալի և կանխատեսելի», ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Խնդրի կարգավորման հիմնական ռազմավարությանը վերադառնալ, ՀՀ 2-րդ նախագահը հնարավոր է համարում։

«Չեմ կարծում, որ հնարավոր է հետ բերել առանց կորուստների, լինի բանակցային դիրքերում կամ ժամանակի կորուստը, բայց ասել թե հետդարձը հնարավոր չէ, այդպես չէ։ Իմ տպավորությամբ, իշխանությունը սկսել է ինչ-որ բան հասկանալ, համենայն դեպս, Տավուշի դեպքերին արձագանքը ցույց է տալիս, որ սկսել են ինչ-որ բան հասկանալ։ Հասկանալ, որ ինչ-որ բան այն չեն անում։ Դա միգուցե սթափեցնող հանգամանք էր, սպասենք և տեսնենք»։

Ալիևի հայտարարությունը, թե Հայաստանի հետ բանակցությունները շարունակելու իմաստը չի տեսնում, ըստ Ռոբերտ Քոչարյանի, չպետք է համարենք ողբերգություն։

«Բանակցություններն ավելի լավ են, քան պատերազմը, սա հայտնի ճշմարտություն է։ Բայց ենթարկվել որևէ շանտաժի, իսկ ես դա շանտաժ եմ համարում, չի կարելի։ Սա այն դեպքն է, որ պետք է սկզբունքայնություն ցուցաբերվի, նույնիսկ ռիսկերի պարագայում։ Ռիսկեր, այո, կան, բայց մենք 88 թվից միշտ եղել ենք ռիսկային իրավիճակներում, և մենք գնացել ենք այդ ռիսկերին։ Ռիսկ կա, շանտաժին չպետք է ենթարկվենք, չեն ուզում բանակցել՝ չենք բանակցի, երբ կհասկանան, որ բանակցություններին այլընտրանք չկա, կվերադառնանք բանակցությունների, այսպիսի կապրիզների գերին չպետք է դառնանք որևէ պարագայում», ընդգծել է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«ԱԱ ռազմավարությանը կցված է վարչապետի ուղերձը՝ որպես փաստաթղթի մի մաս, որտեղ Արցախի Հանրապետության մասին խոսք կա, թերևս այդ կերպ են փոխհատուցել ԱԱՌ-ում Արցախի Հանրապետություն եզրույթի բացակայությունը»՝ լրագրողի դիտարկմանը Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է կարելի էր լայվի տեսագրությունը կպցնել կամ մի շարք լայվերի տեսագրությունը, և ասել՝ դա ռազմավարության մաս է կազմում։

«Չեմ հասկանում մոտեցման այդ ձևը կա ռազմավարություն, կոնկրետ փաստաթուղթ, որն ուսումնասիրվելու է այլ երկրներում և այստեղ ընդունվելու է որպես պետության մոտեցում գալիք տարիների համար։ Հիմա թե ինչ ելույթ են կցել հետը, ինչ ելույթ է, ում ելույթն է, դա արդեն էական չէ։ Այսօր բոլոր հարցերում իշխանություններն ուզում են զրոյական կետից սկսել, բայց երևի նկատել եք, որ այդ բոլոր հարցերում վերադառնում են այն կետին, որից ընդունել են իշխանությունը։ Օրիգինալ լինելու ցանկությունը տեղին չէ և լավ տեղ չի տանելու, անպայման նոր էջից սկսելը լավ բանի չի բերելու», ասել է ՀՀ 2-րդ նախագահը, տեղեկացնում է News.am։