ՌԴ ԱԳՆ. Լեռնային Ղարաբաղի երկարամյա հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով

Իրավիճակի սրումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մտահոգիչ է, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռուսաստանում մեծ անհանգստությամբ ընդունեցին իրավիճակի վերջին սրումը մեր բարեկամական Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի երկարամյա հակամարտությունը, ինչպես և ցանկացած այլ տարաձայնություն միջազգային ասպարեզում, պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, դիվանագիտական ​​բանակցությունների միջոցով»,- ասել է նա հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ:

Զայցևը շեշտել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ ջանքերը հետագա էսկալացիան կանխելու համար, այդ թվում՝ տարածաշրջանում առանցքային գործընկերների հետ օպերատիվ փոխգործակցության միջոցով: Մասնավորապես, Զայցևը հիշատակել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և նրա ադրբեջանցի և հայ գործընկերների միջև վերջերս կայացած հեռախոսազրույցները, ինչպես նաև քննարկումները թուրքական կողմի հետ Անդրկովկասում և մասնավորապես ղարաբաղյան կարգավորման ներկա իրավիճակի վերաբերյալ:

«Փոխադարձաբար արձանագրելով իրենց լուրջ մտահոգությունը տարածաշրջանում իրադարձությունների վտանգավոր զարգացման կապակցությամբ՝ Ռուսաստանը և Թուրքիան ելնում են առկա հիմնախնդիրների այլընտրանքային քաղաքական և դիվանագիտական ​​լուծումների բացակայությունից միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա՝ ի շահ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների»,- ասել է նա:

«Մենք վճռական ենք շարունակել գործընկերների, այդ թվում՝ Թուրքիայի հետ միասին աշխատել լարվածության նոր փուլի կանխման, Անդրկովկասում տիրող ընդհանուր իրավիճակի կայունացման և Երևանի և Բաքվի միջև քաղաքական երկխոսության հաստատման ուղղությամբ»,- եզրափակել է նա, տեղեկացնում է News.am-ը։