Վանեցյանի փաստաբան. ՍԱ ՀՍՏԱԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արթուր Վանեցյանը հրավիրվել էր ԱԱԾ բացատրություն տալու, այսինքն նախապատրաստվում են նյութեր, և որքան մեզ ներկայացվեց, նյութեր են նախապատրաստվում աշխատակիցներից մեկին աշխատանքի վերականգնելու հետ կապված: Այս մասին, այսօր՝ հուլիսի 31-ին, ԱԱԾ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:

 

«Ես սա համարում եմ ծաղր օրենքի նկատմամբ, որովհետև գոյություն ունի օրենք, ըստ որի անձը 50 տարին լրանալուց հետո, որը ԱԱԾ ծառայողի համար սահմանային ժամկետն է, իրավունք ունի 5 տարով այդ ժամկետը երկարացնել, ինչն էլ արվել է: Այստեղ խոսքը մեկ տարվա մասին է, և անձը աշխատանքի վերականգնվել է օրենքի պահպանմամբ: Այստեղ խնդիրն այն չէ՝ օրենքը խախտվել է, թե չի խախտվել, կամ նրանք օրենքը կարդացել կամ չեն կարդացել: Հարցն այն է, որ քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը, այսինքն նյութեր են նախապատրաստվում: Սա ինձ համար զարմանալի է, որովհետև քրեական օրենսգրքում չկա նման նորմ: Եթե նույնիսկ խախտում տեղի ունեցած լիներ, անձը 60 տարեկանում վերականգնված լիներ, միևնույն է, սա քրեական պատասխանատվություն առաջացնել չի կարող: Սրանով ես կարծում եմ, որ պետությունը, առավել ևս, որ հարցին խառնվել է ԱԱԾ-ն, հաստատում է, որ պարոն Վանեցյանի դեմ չկա որևէ քրգործ հարուցելու հիմք և նրանք հասել են նրան, որ նույնիսկ այսկերպ քրեական գործ հարուցել ու մեղադրանք առաջադրել»,-ասաց Սահակյանը:

Նա հավելեց, որ խոսքը մի աշխատակցի մասին է, որի աշխատանքի արդյունքում շատ լուրջ գումարներ են վերականգնվել բյուջե:

«Եթե մենք այն աստիճանի հասնենք, որ քրեական գործ հարուցվի և լրիվ ծաղրեն օրենքը, իրավական պետությունը, հաշվի չառնեն, որ Հայաստանը իբր հայտարարված իրավական պետություն է, չեմ բացառում, որ ևս մեկ անգամ կհրավիրվենք, կարող է կարգավիճակ ունենա:

Ես համարում եմ, որ սա հստակ քաղաքական հետապնդում է, որևէ այլ դիրքորոշում որևէ տրամաբանող մարդ չի կարող ունենալ»,-ընդգծեց փաստաբանը:

News.am