Մայիլյանն ու Մնացականյանը քննարկել են Ադրբեջանի սանձազերծված իրավիճակը

Հուլիսի 31-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԳՆ-ն։

Հանդիպմանն անդրադարձ են կատարվել ս.թ. հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի հատվածում Ադրբեջանի կողմից սահմանամերձ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմամբ ուղղակի զինված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին։ Կողմերն ընդգծել են, որ հակամարտության գոտում լարվածությունը միտումնավոր կերպով սրելու Ադրբեջանի հերթական փորձը լուրջ հարված է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և մեկ անգամ ևս ի ցույց է դնում ադրբեջանական իշխանությունների կողմից իր միջազգային պարտավորությունների նկատմամբ բացահայտ քամահրական վերաբերմունքը։

Այս համատեքստում կարևորվել է գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ զսպելու նոր ագրեսիա սանձազերծելու Ադրբեջանի նկրտումներն ու այդ երկրի իշխանություններին բերելու կառուցողական դաշտ։ ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են հակամարտության գոտում լարվածության ռիսկերի նվազեցման և հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման հրամայականը։

Մասիս Մայիլյանը և Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել են հայկական երկու պետությունների միջև անվտանգության ոլորտում համագործակցությանը նոր բովանդակություն հաղորդելու արդիականությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նշված ոլորտում համագործակցության իրավական հիմքերի զարգացման անհրաժեշտությանը՝ հաշվի առնելով ընդհանուր անվտանգային մարտահրավերները։ Այս առնչությամբ կողմերն ընդգծել են տարածաշրջանում ապակայունացնող քաղաքականություն ներմուծելու անընդունելիությունը և դրա վճռական մերժումը:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության նորանշանակ ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, տեղեկացնում է News.am-ը: