ՆՈՐ ՄՈԴԵԼ՝ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՎԱԾ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

«ԳԱ»-ի հետ հարցազրույցում ՀՀ Գիտության կոմիտեի նախագահ, պրոֆեսոր Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ խոսում է գիտության ֆինանսավորման նոր մոդելի մասին։

-Պրն. Հարությունյան, ինչպե՞ս է իրականացվում գիտության ֆինանսավորումը Հայաստանում։

-Հետխորհրդային տարածքում գիտական հետազոտությունների ֆինանսավորման 80-90%-ն իրականացվում է պետության կողմից։ Հայաստանում գիտության բյուջետային ֆինանսավորումը կազմում է ՀՆԱ-ի 0,27%-ը։ Հատկացվող միջոցները բաշխվում են 4 ուղղություններով. բազային, նպատակային և թեմատիկ ֆինանսավորում, ինչպես նաև վճարումներ գիտական աստիճանի համար։ Բազային ֆինանսավորումն ապահովում է գիտական կազմակերպությունների աշխատանքը և ենթակառուցվածքների պահպանումը։ Թեմատիկը մրցութային հիմքի վրա հատկացվող գրանտներն են։ Նպատակային ֆինանսավորումը նախատեսված է պետական կարևորություն ունեցող խոշոր նախագծերի համար։ Ֆինանսավորման հիմնական տեսակը բազայինն է, առանց դրա գիտական հաստատությունը չի կարող գոյություն ունենալ։

-Հետազոտական գործունեության անբավարար ֆինանսավորումը հարուցում է Հայաստանի ողջ գիտական հանրության դժգոհությունը։ Նախատեսվո՞ւմ են արդյոք ինչ-որ քայլեր այդ խնդիրը լուծելու համար։

-Հայաստանի Գիտության կոմիտեն արդեն մշակել է ծրագիր, ուղղված գիտական կազմակերպությունների օպտիմալացմանը և ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը։ Ծրագրի հիմնական նպատակներն են պետության կողմից գիտությանը հատկացվող միջոցների արդյունավետ օգտագործումը և գիտություն-կրթություն-արտադրություն համակարգի արդյունավետության բարձրացումը։ Այդ ծրագրի շրջանակներում բազային ֆինանսավորումը կկատարվի նոր, ավելի կատարյալ մոդելով։ Բազային ֆինանսավորման հատկացումը նույնպես իրականացվում է մրցութային հիմունքներով։ Որոշումը կայացնում է միջգերատեսչական հանձնաժողովը՝ գիտության և կրթության նախարարի նախագահությամբ։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված են Գիտության կոմիտեի նախագահը, ՀՀ ԳԱԱ-ի նախագահը և նախարարությունների ներկայացուցիչներ։

Սակայն մինչ այժմ հստակ չափորոշիչներ չեն եղել բազային ֆինանսավորման հայտեր ներկայացնող գիտական կազմակերպությունների ծրագրերը գնահատելու համար։ Հենց այդ պատճառով անհրաժեշտություն ծագեց մշակել չափանիշներ, որոնց հիման վրա կարելի է օբյեկտիվորեն ու համարժեքորեն գնահատել հաստատությունների ներկայացրած գիտական ծրագրերն ու դրանց իրագործման հնարավորությունները։ Բազային ֆինանսավորման հատկացման նոր մոդելի կիրառումը գործուն ազդակ կդառնա ավելի ակտիվ և արդյունավետ գիտական աշխատանքի համար, թույլ կտա բաշխել պետական միջոցներն առավել համարժեքորեն։ Այսինքն մտցվում է վարկանիշավորված ֆինանսավորման համակարգ։ Բազմաթիվ երկրներում կիրառվող այդ մոդելն արդարացրել է իրեն։ Այդ մոդելը ներդնելիս՝ մենք ոչ միայն կօգտագործենք օտարերկրյա փորձը, այլև կհարմարացնենք դա տեղի իրողություններին, ինչն, անկասկած, արդյունքներ կտա։

-Ի՞նչ չափանիշներով է գնահատվելու գիտական կազմակերպությունների գործունեությունը։

-Ընդհանուր առմամբ գիտական կազմակերպությունների գործունեությունը գնահատելիս կօգտագործվեն յոթ չափանիշներ։ Դրանք են՝ հետազոտությունների արդյունավետությունը, կադրային ներուժը, նյութատեխնիկական ապահովումը, ինտեգրվածությունը միջազգային գիտակրթական տարածքում, Հայաստանի գիտակրթական տարածքում ինտեգրվածությունը, գիտական արդյունքների առևտրայնացումը, ֆինանսական արդյունավետությունը։ Այս ցուցանիշների հիման վրա կորոշվի տվյալ հաստատության գիտական գործունեության արդյունավետությունը՝ ամբողջությամբ վերցրած, և համապատասխանաբար՝ նրա կատեգորիան, տարակարգը։

-Քանի՞ տարակարգ է նախատեսվում։

-Գիտական և գիտակրթական հաստատությունները կբաժանվեն 4 տարակարգի։ Պատկանելությունն առաջինին՝ նշանակում է, որ հաստատության գործունեությունն իրականացվում է բարձր արդյունավետությամբ և համապատասխանում ժամանակակից չափանիշներին։ Երկրորդը՝ հաստատության գործունեությունը բավարար է, երրորդը՝ հաստատության գործունեությունն անբավարար է, բայց կան հնարավորություններ որոշակի ժամկետներում բարձրացնելու դրա մակարդակը, չորրորդը՝ ցածր արդյունավետություն և իրավիճակը փոխելու հնարավորությունների բացակայություն։ Այդ դեպքում կքննարկվի տվյալ գիտական հաստատության պահպանման նպատակահարմարությունը։

-Այսինքն չորրորդ տարակարգի գիտական հաստատությունները հավանաբար կփակվե՞ն։

-Ենթադրվում է դրանք միավորել առաջին, երկրորդ և երրորդ տարակարգի գիտական կազմակերպությունների հետ, իսկ լավագույն աշխատակիցներին, որոնք կգնահատվեն նույն համակարգով, տեղափոխել կա՛մ միավորված կենտրոններ, կա՛մ միջանկյալ գիտական հետազոտություններով զբաղված կենտրոններ։

-Ի՞նչ նպատակ է հետապնդում վարկանիշավորված ֆինանսավորման ներդրումը։

-Բարձրացնել գիտահետազոտական գործունեության արդյունավետությունը և գործող կազմակերպությունները հասցնել առաջին և երկրորդ տարակարգի մակարդակին։

-Առավել արդյունավետ աշխատող կազմակերպությունները կստանա՞ն ինչ-որ առավելություններ։

-Առաջին տարակարգին դասված կազմակերպություններին, բացի աշխատավարձից, ըստ վաստակած միավորների կհատկացվի լրացուցիչ ֆինանսավորում՝ բոնուսային ֆոնդի որոշակի տոկոսի չափով։ Օրինակ՝ 10%, երկրորդ տարակարգի համար՝ 5%։ Բայց այդ թվերը դեռևս ճշտվելու են, կախված նրանից, թե քանի կազմակերպություն կդասվի այս կամ այն տարակարգին։ Երրորդ կարգի կազմակերպության համար բոնուս նախատեսված չէ։ Նրանք կստանան միայն հավաքած միավորներով հաշվարկված աշխատավարձ և նախազգուշացում հանձնաժողովի կողմից։ Երեք տարվա ընթացքում նրանք պետք է կարողանան անցնել առաջին կամ երկրորդ տարակարգ, հակառակ դեպքում հարց կդրվի հաստատության լուծարման մասին։ Չորրորդ տարակարգի հաստատությունները կփակվեն, իսկ դրանց որոշ աշխատակիցներ, որոնք որոշակի քանակի միավորներ են հավաքել, ինչպես ասացի, իրենց ֆինանսավորմամբ կտեղափոխվեն ավելի բարձր կարգի հաստատություններ։

-Հավանաբար վարկանիշավորված ֆինանսավորման ներդրումը կհանգեցնի գիտաշխատողների թվաքանակի կրճատմա՞ն։

-Նման խնդիր չի դրվում, գիտական կադրերի թիվը չի կրճատվի, իսկ նոր մոդելի ներդրումը կնպաստի լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների ձևավորմանը և դրանց արդարացի բաշխմանը։ Գիտական կազմակերպությունները ֆինանսավորում կստանան իրենց գործունեության արդյունքներին համապատասխան, ինչը կբարձրացնի բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետությունը և գործուն խթան կդառնա հետազոտական գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար։

-Հայաստանի գիտության լուրջ խնդիրներից մեկը երիտասարդ կադրերի պակասն է։ Նախատեսվո՞ւմ են ինչ-որ քայլեր, որոնք կնպաստեն ոչ միայն դիսերտացիա պաշտպանելու համար երիտասարդներին գիտության ոլորտ ներգրավելուն, այլև սեփական երկրում նրանց հետագա հետազոտական գործունեության համար հրապուրիչ պայմաններ ստեղծելուն։

-Այդ խնդիրն իրոք հրատապ է։ Խախտվել է գիտական կադրերի տարիքային հավասարակշռությունը։ 65 տարին անց աշխատակիցները կազմում են գիտական հաստատությունների կադրային կազմի 25-70%-ը։ 10-12 տարի անց նրանք կկազմեն 3-5%։ Բայց ո՞վ էփոխարինելու նրանց։ Գիտաշխատողների թիվը միջին տարիքային խմբում՝ 35-55 տարեկան, մշտապես նվազում է, նրանց մի մասը հեռանում է ավելի հեռանկարային և բարձր վարձատրվող ոլորտներ, մյուսներն արտագաղթում են ավելի բարեկեցիկ երկրներ, որտեղ գիտնականներն ավելի պահանջված են, իսկ աշխատավարձն անհամեմատ բարձր է, քան այստեղ։ Այսօր Հայաստանում գիտաշխատողների թիվը կազմում է 6200 մարդ, ինչը չափազանց քիչ է երեքմիլիոնանոց երկրի համար։ Հուսով եմ, որ գիտհաստատությունների վարկանիշավորված ֆինանսավորման մոդելը կապահովի գիտությանը հատկացվող միջոցների ավելի արդարացի բաշխում, կնպաստի գիտության ֆինանսավորման ավելացմանն ու հրապուրիչ պայմանների ստեղծմանը երիտասարդ կադրերի համար։ Նախատեսվում է, որ նոր մոդելը կիրականացվի 2020 թվականին, ինչն էականորեն կբարելավի իրավիճակը գիտության ոլորտում։

Основная тема:
Теги: