Կարեն ԱԴՈՆՑ. ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ԻՐ ԾՐԱԳԻՐԸ

Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված 2020 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշներով տնտեսական անկումը մի քիչ դանդաղել է, շարունակվում է ճգնաժամի թուլացման գործընթացը, սակայն զարգացման հեռանկարի մասին խոսք գնալ չի կարող. Tert.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Կարեն Ադոնցը:

Նրա կարծիքով՝ համաշխարհային շուկայում պզնձի գնի բարձրացումը, արտադրության և արտահանման խտանյութի ծավալների մեծացումը դրական ազդեցություն է ունեցել ցուցանիշների վրա: Շինարարության և գյուղատնտեսության ոլորտում, վերականգման որոշ աշխուժացման տարր նկատվում է, բայց մեծ փոփոխություն՝ դեռևս չկա:

«Նախորդ տարվա համեմատ՝ անկումը եղել է 17 տոկոս, վերջին երեք ամսում ամսական 12 տոկոս անկում է եղել: Եթե համեմատում ենք նախորդ տարվա հետ, պետք է հաշվի առնենք առաջին երկու- երեք ամիսների տնտեսական ակտիվության կտրուկ աճը, մոտ 8 տոկոս: Եթե տնտեսությունն անկում է ապրել 17,12, 5 տոկոս, պետք է դրան գումարվի նաև հավանական 8 տոկոսը, որը ենթադրվում էր, որ կունենայինք: Եթե անցած տարվա հետ համեմատելիս, պետք է այդ հավանական աճը գումարենք անկմանը: Պետք է գումարենք նաև հավելյալ արտաքին վարկային ծավալները, որը մենք չպետք է վերցնեինք, բայց ճգնաժամով պայմանավորված մենք վերցրել ենք». մեկնաբանեց տնտեսագետը:

Անդրադառնալով տարածաշրջանի հարևան երկրների տնտեսական ցուցանիշներին՝ Կարեն Ադոնցը նշեց, որ նրանց հետ համեմատած պատկերը գրեթե նույնն է.

«Անցած տարի մենք ունեինք 17 տոկոս անկում, Վրաստանում 15 տոկոս էր, մեծ հաշվով մեծ տարբերություն չկա: Գազի գնի անկում տեղի ունեցավ և բնական է, որ Ադրբեջանի ծավալներում էլ տնտեսական անկում կա, բայց ընդհանուր առմամբ համազոր թվեր են: Հայաստանի տնտեսական շատ ճյուղեր նման են Վրաստանի հետ, դրա համար անկումը մոտավորապես նույնն է: Վրաստանում տուրիզմը ևս տուժել է: Վրաստանի ծանր ամիսների անկումը եղել է 15 տոկոս, մեր մոտ 17 տոկոս»:

Կարեն Ադոնցի կարծիքով՝ տնտեսության զարգացման համար տնտեսությունը պետք է հենվի արդեն զարգացած ոլորտների վրա և ներդրումներ խթանելու քաղաքականություն մշակի.

«Այսօր մենք ունենք մի քանի ոլորտ՝ գյուղատնտեսություն, վերամշակում, պղնձի խտանյութի արտադրություն, ՏՏ ոլորտ ու վերջ, հիմնական ոլորտները սրանք են և մյուս հիմնական շուկան՝ գյուղատնտեսություն սննդի վերամշակող արտադրանքը, հիմնական շուկան հանդիսանում է Ռուսաստանը: Մեր քաղաքականությունն առաջինը պետք է լինի մեծացնել ճյուղային կառուցվածքը, նոր արտադրություններ, նոր ոլորտներ զարգացնել, որպեսզի տնտեսությունը լինի ավելի մրցունակ ու հեռանկարային, ինչպես նաև մեծացնել շուկաների աշխարհագրությունը, որպեսզի բացի Ռուսաստանից, այլ շուկաներում էլ տնտեսությունը աշխատի: Հիմնական քաղաքականությունը պետք է լինի շուկաների ընդարձակումը, սակայն այդ ամենի համար կարևոր է նաև ունենալ ներդրումների խթանման քաղաքականություն, այսինքն՝ ներդրումների համապատասխան ուղղորդում»:

Տնտեսագետը կարծում է, որ ներդրումների սակավությունը պայմանավարոված չէ այլ հանգամանքներով, այլ նրանով, թե որքանո՞վ է շահավետ Հայաստանում արտադրական ոլորտում ներդրումներ անելը.

«Հայաստանում արտադրումը ձեռնատու չէ, որովհետև հումքը ներմուծում ենք, մուծում են ավելացված արժեքի հարկ, բացի դրանից մաքսատուրք, հետո տեխնոլոգիաների հետ կապված խնդիրներ ունենք, այսինքն՝ արտադրական ոլորտում ներդրումներ չկան, քանի որ չկան պայմաններ: Պետությունը չի պատկերացնում՝ ի՞նչ շահավետություն կա առանձին ճյուղերում, որպեսզի ճիշտ հարկային ու վարկային քաղաքականություն վարի: Իրատեսական ճիշտ հաշվարկով պետք է գնահատել, արդյոք ցանկացած արտադրանքը Հայաստանում, եթե կազմակերպվի, այդ արտադրողը կարո՞ղ է մրցել ներքին շուկայում, առավել ևս արտահանի: Կամ ո՞րն է ներմուծվող ապրանքի առավելությունը՝ մեր տեղական արտադրողի ապրանքի նկատմամբ: Երբ տեսնենք մեր թույլ կողմերը, որտեղ է, ապա կչեզոքացնենք, մրցակցային թույլ գիծը, որը մեր արտադրողները ունեն: Քանի որ մենք այդպիսի գործով չենք զբաղվում, դրա համար էլ արտադրական ոլորտում ներդրումներ տեղի չեն ունենում»:

Կարեն Ադոնցը նշում է, որ պետությունը տնտեսությունը խթանելու համար դրսից վարկեր է վերցնում, կառուցում շենքեր, շինություններ և արհեստականորեն առաջացնում տնտեսական որոշակի աճ.

«Ես նայում եմ տնտեսության զարգացման հետ կապված իշխանության քայլերին և որևէ քայլ չեմ տեսնում: Պետությունը պետք է ունենա իր պատկերացումը, ծրագիրը, թե ինչպե՞ս պետք է զարգացնի տնտեսությունը, բայց նման բան չեմ տեսնում»,-ընգծեց Կարեն Ադոնցը:

Tert.am