Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ. ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՔԱՐՏԵԶՆԵՐԻՑ ՀԱՆՎԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՌԸ

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պարզվում է, Հայոց պատմության դասագրքերում, «Հայկական լեռնաշխարհի» փոխարեն, կիրառված են «Կովկաս և Արևելյան Անատոլիա» բառերը։ Դասագրքերի քարտեզներից հանվել է «Հայաստան» բառը, պատմական այն դարերում, երբ Հայաստանը չի եղել, որպես պետական միավոր։ Հիշում եմ, թե ինչպիսի հպարտությամբ էի նայում Վենետիկի դոժերի պալատի հսկայական պատի քարտեզը, ուր ողջ Մեծ Հայքի տարածքը, մեծ տառերով, ներկայացված է, որպես ՀԱՅԱՍՏԱՆ։

Ի դեպ, վենետիկյան հարապետության տարիներին( 7-18 դարեր), Հայաստանը շատ կարճ ժամանակաշրջանում է ունեցել անկախ պետություն։ Խորհուրդ կտամ նոր դասագրքերի հեղինակներին դիմել Վենետիկի իշխանություններին, «շտկելու պատմական կեղծիքը»։ Բազմաթիվ նման այլ «առաջադեմ նորամուծություններ» ևս առկա են դասագրքերում։ Այսպիսի իրավիճակ կերազեին թուրք-ադրբեջանական կեղծարար պատմաբանները։

Հետաքրքրական է, որ պատմությունը տարբեր երկրներ, կեղծում են, իրենց կարծիքով, հանուն պետական-ազգային շահերի, «հնացնում, հերոսացնում» իրենց ժողովրդին և այն պետության կողմից խրախուսվող, պետական քաղաքականություն է։ Ի՞նչ ասես, որ Հայաստանում, նույնպես պատմությունը կեղծվում է, նույնպես պետության կողմից խրախուսվելով, բայց հակառակ միտումով՝ մոռանալ տալով մեր իրական անցյալը և դառնալ ողորմելի։ Տպավորություն եմ ստանում, որ Հայաստանում ինչ-որ օտար ուժեր ձայնարկում են՝ «Մենք ենք տերը ձեր երկրի»։

Հանդուրժելու՞ ենք․․․ Եթե այո, ուրեմն արժանի ենք․․․ վերացման»։

Aysor.am