Պապիկյան. Ատոմակայանին հարվածելն այնքան էլ հեշտ չէ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը «Energy Intelligence» պարբերականին ասել է, որ Մեծամորի ատոմակայանը հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար Հայաստանն ունի համապատասխան համակարգեր։

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսին սկսված մարտերի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակ Վագիֆ Դարգյահլին սպառնացել էր հրթիռային հարված հասցնել Հայաստանի Մեծամորի ատոմակայանին։

«Իհարկե, անվտանգության նկատառումներից ելնելով այդ համակարգերի ոչ բոլոր մանրամասներն են հրապարակման ենթակա։ Բայց կարող ենք հանգիստ լինել, որ ատոմակայանին այնքան էլ հեշտ չի հարվածել, քանի որ այն գտնվում է հզոր և գերժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգի պաշտպանության ներքո։ Դա հանդիսանում է բազմաշերտ պաշտպանական համակարգ, որը ներառում է Հայաստանի և Ռուսաստանի կարողությունները։ Հայաստանի երկինքը պաշտպանվում է Ռուսաստանի Դաշնության համապատասխան միավորների հետ համատեղ՝ համաձայն ներկայումս գործող միջազգային համաձայնագրի»,– ասել է Պապիկյանը։

Նրա խոսքով` ատոմակայանի անվտանգությունը և ապահովությունը մշտապես եղել է կարևոր առաջնահերթություն ՀՀ կառավարության համար, քանի որ առաջին հերթին այն կարող է անմիջական ազդեցություն ունենալ մեր բնակչության անվտանգության և ապահովության վրա։

Լրագրողի հարցին, թե ՀՀ կառավարությունն ուսումնասիրե՞լ է` ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ հարձակումը։

«Ծայրահեղ դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կարող է լինել նման հարձակման հնարավոր ազդեցությունը։ Մենք կարող են հիշել Չեռնոբիլի վթարի հետևանքները։ Կարծում եմ՝ սա ձեր հարցի ամենահեշտ պատասխանը կլինի»,– պատասխանել է Պապիկյանը, տեղեկացնում է Sputnik Armenia։