Մարությանը չգիտի այն, ինչը Հայաստանում հայտնի է բոլորին

Եթե այսօր էլ Հայկ Մարությանին հարցնեն, թե արդյո՞ք գործարար Սամվել Ալեքսանյանը Երևան քաղաքին նվիրել է մեքենաներ, այսօր էլ Հայկ Մարությանը կպատասխանի` ոչ։ Անդրադառնալով աղմուկ հանած մեքենաների թեմային` facebook-յան ուղիղ եթերում այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

««Ալեքս ընդ հոլդինգի» հիմնադիրը Հրաչյա Շառոյանն է, իսկ տնօրենը՝ Հայկ Իսրայելյանը։ Ես պաշտոնատար անձ եմ, և քաղաքապետը չի կարող ինչ-որ ասեկոսեների հիման վրա հայտարարություն անել, և ես չեմ կարող «Ալեքս ընդ հոլդինգը» ասոցացնել Սամվել Ալեքսանյանի հետ»,–ասաց Մարությանը։

Նրա խոսքով` ենթադրելով այս ասեկոսեների մասին, քաղաքապետը հարց տված լրագրողին ասել է, որ եթե Սամվել Ալեքսանյանը Երևան քաղաքին մեքենաներ կամ որևէ գույք նվիրի, քաղաքապետարանը հաճույքով կընդունի այն։

Անդրադառնալով պրոցեսի գաղտնիության քննադատությանը` Մարությանը նշեց, թե ի՞նչ գաղտնիության մասին կարող է խոսք լինել, երբ ամեն օր` օրը ցերեկով, նաև գիշերով այդ աղբատար մեքենաները Երևանում հավաքում են աղբը։

 «Պրոցեսն այսպիսին է` ընկերությունը կամ անձը քաղաքապետարանում գրում են, որ ուզում են քաղաքին ինչ–որ նվեր տալ, քաղաքապետարանն ընդունում է այդ դիմումը։ Այնուհետև այդ մարդը կամ ընկերությունը բերում է գույքը, կնքվում է պայմանագիր Երևանի քաղաքապետարանի և նվիրատուի միջև, գրանցվում է համապատասխան վայրում (ասենք` ՃՈ–ում, եթե մեքենա է), դրվում է քաղաքապետարանի համարանիշ, և մեքենան դառնում է քաղաքի սեփականությունը։ Կարծում եմ` սրանից ավելի թափանցիկ պրոցես դժվար է պատկերացնել»,–ասաց Մարությանը` նշելով, որ հարցին ի պատասխան` հաջորդ օրը հրապարակվել է ամբողջ ցուցակը` և՛ մեքենաների, և՛ ընկերությունների ու անձանց, որոնք նվեր են տվել այդ մեքենաները, տեղեկացնում է Sputnik Armenia։