Լիբանանի նախագահը՝ Բեյրութի պայթյունի մասին. արտասահմանյան միջամտության հավանականություն կա

Բեյրութի պայթյունի պատճառը հայտնի չէ, քանի որ կա արտասահմանյան միջամտության հավանականություն՝ հրթիռների, ռումբերի կամ այլ միջոցների կիրառմամբ: Այս մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Աունը, հաղորդում է Լիբանանի MTV հեռուստաալիքը:

Նա նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խնդրել է տրամադրել պայթյունի արբանյակային լուսանկարները: «Եթե նրանք չունեն այդ լուսանկարները, ապա մենք այլ երկրների կխնդրենք պարզել՝ արդյոք միջադեպը արտաքին միջամտության կամ հրդեհի հետևանք էր»,-ասել է Աունը:

Նա ընդգծել է, որ հետաքննությունը պետք է արագ անցկացվի:

«Նախարարին պետք չէ առաջինը դատել, քննություն է ընթանում, և մենք բոլոր մեղավորներին պատասխանատվության կենթարկենք»,-հավաստիացրել է Լիբանանի նախագահը: 

Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 149 մարդ, մոտ 5000 մարդ վիրավոր է:

Միշել Աունի խոսքով՝ 2,750 տոննա սելիտրա, որն օգտագործվել է պարարտանյութեր և պայթուցիկներ պատրաստելու համար, պահվել է նավահանգստում 6 տարի առանց անվտանգության միջոցառումների պահպանման, տեղեկացնում է News.am-ը։