Ամուլսարի պաշտպանները ԱԺ-ի դիմաց գործնագործ խաղալիս բերման ենթարկվեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամուլսարի պաշտպաններն ԱԺ-ի դիմաց գործնագործ խաղալիս քիչ առաջ բերման ենթարկվեցին։
Բերման ենթարկվելու պահին ակցիայի մասնակիցները բռնվել էին ԱԺ-ի դարպասների երկաթե ձողերից և չէին ուզում բերման ենթարկվել։ Այնուամենայնիվ ոստիկանները քաշքշելով ակցիայի մասնակիցներին՝ բերման ենթարկեցին։
Նշենք, որ ԱԺ դարպասներն այսօր փակ են։ News.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ անվտանգության աշխատակիցներն ասել էին, որ տեխնիկական աշխատանքներ են տարվում։
Ակցիայի մասնակիցները իրենց համերաշխությունն էին հայտնում Ջերմուկի և հարակից համայնքների բնակիչների՝ ավելի քան երկու տարի տևող արդար և անկոտրում պայքարին։ Պահանջում էին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ին 2016թ-ին տրված դրական եզրակացությունը և վերջնականապես չեղարկել Ամուլսարի շահագործումը։
Կազմակերպիչները հիշեցնում էին, որ Ամուլսարի հանքի շահագործումը կհանգեցնի շրջակա միջավայրի և ջրային ռեսուրսների աղտոտմանը, մարդկանց առողջության վիճակի, կենսապայմանների վատթարացմանը, կենսաբազմազանության ոչնչացմանը: