«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 200.000 դոլար է նվիրաբերում

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանն ու Ռուբեն Վարդանյանը և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին հայտարարել են, որ «Ավրորան» 200.000 ԱՄՆ դոլար կնվիրաբերի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի բնակիչներին աջակցելու համար, ինչպես նաև #AraratChallenge շարժման միջոցով լրացուցիչ դրամահավաք-հանգանակություն կսկսի՝ ուղղելու Բեյրութի հայ համայնքին:

«Մենք խորապես ցավում ենք Բեյրութում տեղի ունեցած ողբերգական պայթյունի համար և միանում Լիբանանին հրատապ օգնելու համաշխարհային ջանքերին: Ինչպես Լիբանանը կանգնեց մեր կողքին Հայոց ցեղասպանությունից հետո, այսօր մենք ենք Լիբանանի ողջ ժողովրդին աջակից: Որպես «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչներ, մենք կոչ ենք անում հումանիտար բոլոր կազմակերպություններին անել հնարավոր ամեն ինչ՝ Լիբանանին աջակցելու համար: Մենք կոչ ենք անում աշխարհի բոլոր հայերին՝ սատարելու Լիբանանի ողջ բնակչությանը, ինչպես նաև հայ համայնքին»,- հայտարարում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Լիբանանի Կարմիր խաչի և Մերձավոր Արևելքի հիմնադրամի (NEF) միջոցով 100.000 ԱՄՆ դոլար մարդասիրական աջակցություն կտրամադրի պայթյունի անմիջական հետևանքները մեղմելու համար: Միևնույն ժամանակ «Ավրորայի» #AraratChallenge շարժումը 50.000 ԱՄՆ դոլար կնվիրաբերի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը՝ հայ համայնքի կարիքների համար: 2020 թ. օգոստոսի 10-ից սկսած՝ առնվազն երկու ամիս #AraratChallenge շարժումը կօգնի նաև միավորելու աշխարհի բոլոր հայերին՝ իրականացնելով դրամահավաք-հանգանակություն: Հավաքված միջոցները կուղղվեն Բեյրութի հայ համայնքի աջակցությանը: Ակնկալվում է, որ այս ջանքերը հնարավորություն կտան հանգանակել ևս 50.000 ԱՄՆ դոլար՝ աջակցելու վերականգնման նախագծերին, որոնք կընտրվեն ավելի ուշ, տեղեկացնում է News.am։