ԱՀ պաշտպանության նախարարը և ՀՀ ԶՈւ ԳՇ պետը քննարկել են պաշտպանունակության հարցերի լայն շրջանակ

Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջև առկա փոխգործակցության ու գործողությունների համադրման ծրագրի շրջանակներում օգոստոսի 11-ին Արցախի Հանրապետություն է այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պատվիրակությունը՝ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ԱՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է արևելյան ուղղությամբ գտնվող զորային նշանակության մի շարք օբյեկտներ: Բարձրաստիճան զինվորականներն առաջնագծում հետևել են լայնածավալ ամրաշինական աշխատանքներին, ծանոթացել մարտական հերթապահության ընդգրկված անձնակազմի ծառայության պայմանների ու կենցաղի բարելավման նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքին:

ՊԲ ինժեներասակրավորական զորամասերից մեկում ներկայացվել են նոր տիպի ամրաշինական օբյեկտների կառուցվածքային տարրերը:

Աշխատանքային այցի ընթացքում քննարկվել է հայկական երկու հանրապետությունների պաշտպանունակության տեսակետից կարևորություն ունեցող հարցերի լայն շրջանակ: