Փաշինյանը և Սարգսյանը հանդիպել են

Չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին՝ կորոնավիրուսի պայմաններում համընդհանուր հրադադարի իրավիճակ ստեղծել, Հայաստանը հնարավոր էսկալացիան չէր կարող դիմավորել, այսպես ասած, քնած վիճակում: Նման կարծիք է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նախագահ Արմեն Սարգսյանի հետ նախագահական նստավայրում աշխատանքային հանդիպման ժամանակ խոսելով հայ–ադրբեջանական սահմանին հուլիսին տեղի ունեցող մարտական գործողությունների մասին։

«Տավուշում տեղի ունեցածն Ադրբեջանի կողմից բացահայտ ագրեսիա էր Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Բայց կարևոր է արձանագրել, որ երկար տարիներ Ադրբեջանի ղեկավարության զարգացրած քարոզչական միֆը, թե ադրբեջանական բանակն ունի առավելություն hայոց բանակի նկատմամբ, ամբողջությամբ փլուզվեց։ Տարածաշրջանում բոլորովին նոր աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծվում»,–ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով` այդ ամենը մեծ հաշվով ամրապնդում է Հայաստանի ավանդական դիրքորոշումը Ղարաբաղի հարցի առնչությամբ: Իսկ այդ ավանդական դիրքորոշումը Հայաստանի բոլոր իշխանությունների ու կառավարությունների կողմից ամբողջությամբ պահվել է. Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում և կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով: Այսինքն, ըստ Փաշինյանի, դա իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստել:

Վարչապետը ևս մեկ անգամ շեշտել է, որ Հայաստանի ԶՈւ–ն պատրաստ է պահպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը, սահմանները:

Ի պատասխան Արմեն Սարգսյանը նշել է, որ համամիտ է վարչապետի հետ` Ադրբեջանի հարձակումը որևէ մարդկային բարոյական բացատրություն չի կարող ունենալ:

«Լավ հիշում եմ. երբ 1990-ականների սկզբին դեսպան էի եվրոպական շատ երկրներում, ներառյալ ՆԱՏՕ-ում, շատ դիվանագետներ, ռազմական մասնագետներ ինձ ասում էին, որ ձեր այս պայքարն իզուր է. դուք փոքր երկիր եք, բանակ չունեք, Ադրբեջանը հսկայական բանակ ունի, աջակցություն ունի հարևան երկրից: Նույն մարդիկ մի քանի տարի անց ինձ ասում էին, որ Հայաստանն ունի Հարավային Կովկասի ամենահզոր բանակը»,–ասել է նախագահը։

Նրա խոսքով` տավուշյան դեպքերը ևս փաստեցին, որ Հայաստանն ունի Հարավային Կովկասի ամենահզոր բանակը, որին հնարավոր չէ հաղթել:

Արմեն Սարգսյանը պատմել է նաև, որ օրերս է այցելել Տավուշ, եղել սահմանամերձ Չինարիում, և իրեն շատ է ուրախացրել մարդկանց ոգին։ Նրա բնութագրմամբ` մարդիկ շատ վստահ էին՝ եռանդով և լավատեսությամբ լցված, և ոչ միայն գյուղի տարիքովներն, այլ նաև փոքր երեխաները։

Նախագահն իր աջակցությունն է հայտնել կառավարությանը, անձամբ վարչապետին, պաշտպանության նախարարությանը, բանակին, տեղեկացնում է Sputnik Armenia։