ԱԱԾ նախկին տնօրենը նոր պաշտոն է ստացել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գործադիր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

«ՀԱԷԿ-ը մեր երկրի տնտեսության և մասնավորապես էներգետիկայի ոլորտում ունի ծանրակշիռ դերակատարում: Հաշվի առնելով ատոմակայանի ռազմավարական կարևորությունը՝ լիահույս եմ, որ պարոն Մարտիրոսյանի բազմամյա փորձառությունն ազգային անվտանգության ոլորտում լավագույնս կծառայի կայանի գործունեության արդյունավետության ու հուսալիության բարձրացմանը»,-նշել է Սուրեն Պապիկյանը՝ հաջողություն մաղթելով նորանշանակ տնօրենին առաջիկա աշխատանքներում:

ՀԱԷԿ-ի տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և համոզմունք հայտնել, որ այն կարդարացվի՝ էներգետիկ ոլորտի առաջատարների և լավագույն մասնագետների հետ համատեղ ջանքերի և թիմային աշխատանքի շնորհիվ:

Պապիկյանն անդրադարձ է կատարել նաև ատոմակայանի վերանորոգման և արդիականացման ուղղությամբ առաջիկա անելիքներին՝ մասնավորապես առաջին անգամ պետական ֆինանսական միջոցներով և ներքին ընթացակարգերով գնումների գործընթացի և վերանորոգման աշխատանքների կազմակերպմանը:

Նախարարի խոսքով` վերջին շրջանում կայանի մասնագիտական աշխատանքների կազմակերպմանը նոր որակ հաղորդելու նպատակով ատոմակայանը ենթարկվել է նաև կառուցվածքային փոփոխության, որով սահմանվել են գործադիր տնօրենի և տնօրենի առաջին տեղակալի հաստիքները:

Պապիկյանը հաջողություն է մաղթել կառույցի ղեկավար կազմին և գործադիր տնօրենի անմիջական ղեկավարությամբ մաղթել հաջողված համագործակցություն ու արգասաբեր գործունեություն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։