Ալիևը զանգել է Պուտինին

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը այն կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:

Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգին վերաբերող թեմաներ:

«Քննարկվել են տարածաշրջանային խնդիրները՝ այս տարվա հուլիսին հայ-ադրբեջանական պետական սահմանին տեղի ունեցած իրավիճակի սրման համատեքստում։ Ռուսական կողմն ընդգծել է լարվածության սրմանը նպաստող ցանկացած գործողության բացառման կարևորությունը», - ասված է հաղորդագրության մեջ:

Պետությունների ղեկավարները հաստատել են նաև բոլոր ոլորտներում ռուս-ադրբեջանական գործընկերության հետագա ամրապնդման փոխադարձ տրամադրվածությունը:

Նշվում է նաև, որ Ալիևը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական պատվաստանյութ գրանցելու կապակցությամբ:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից) , տեղեկացնում է Sputnik Armenia։