Միջազգային բանակային խաղեր-2020. հայ զինվորականները մեկնել են Ռուսաստան և Բելառուս

Հայկական բանակի զինծառայողները մեկնել են Ռուսաստան և Բելառուս, որտեղ կմասնակցեն Միջազգային բանակային խաղերին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Միջազգային մրցումները կանցկացվեն 6-րդ անգամ։ Խաղերը կմեկնարկեն օգոստոսի 23-ին «Բանակ-2020» ֆորումի հետ մեկտեղ և կավարտվեն սեպտեմբերի 5-ին։ Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել էր, որ այս տարի խաղերին 90 պետություն է հրավիրվել, այդ թվում՝ ՆԱՏՕ–ի անդամ–երկրները։ Ակնկալվում է 250 թիմի ժամանում, ընդհանուր առմամբ շուրջ 5 հազար մարդ։

Ինչ վերաբերում է հայկական զորախմբին, Ստեփանյանի խոսքով, մրցույթին ներգրավված են հատուկ նշանակության ստորաբաժանումներ, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքեր, ռազմական ոստիկանության ծառայողներ, սպառազինության և թիկունքի, հրթիռային զորքերի և հրետանու վարչություններ։

Ստեփանյանը հավելեց, որ «Բանակ-2020» ֆորումում նախատեսված է ՊՆ և ԶՈւ Գենշտաբի առանձին պատվիրակությունների մասնակցությունը, տեղեկացնում է Sputnik Armenia։