ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒՆ

Կարապետյանը ստորագրեց ոչ միանգամից

Մեկ շաբաթ առաջ երրորդ նախագահ և ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ծանուցում ստացավ այն մասին, որ առնչվում է ինչ-որ քրեական գործի։ Դեկտեմբերի 4-ին նա հարցաքննության ենթարկվեց Հատուկ քննչական ծառայությունում, հարցաքննությունից հետո տեղի ունեցավ առերեսում, որն ավարտվեց 16։10-ին։ Երկու րոպե անց, այսինքն 16։12-ին երրորդ նախագահին ներկայացվեցին մեղադրանքներ, նրանից ստորագրություն վերցվեց չբացակայելու մասին։

Մեկնաբանելով երկու րոպե տեված դադարը կասկածյալի և մեղադրյալի կարգավիճակների միջև, Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը կարծիք արտահայտեց, որ հարցաքննությունն ու առերեսումը ձևական ընթացակարգեր էին, իսկ մեղադրանքներ ներկայացնելու մասին որոշումն ընդունված էր նախապես և բնավ ոչ ՀՔԾ-ի քննիչի կողմից։

Այն, որ որոշումը թելադրված է Նիկոլ Փաշինյանի կողմից, այնքան ակնհայտ է, որ առանձնակի մեկնաբանությունների կարիք չունի։ Դատելով նրանից, որ քննիչը նույնիսկ չջանաց ձևացնել, թե մեղադրանքն առաջադրվել է հարցաքննության և առերեսման նյութերի հանգամանալի ուսումնասիրության հիման վրա, ինչպես որ պահանջում է օրենքը, երրորդ նախագահին որպես մեղադրյալ ներգրավելու հրահանգը ենթադրում էր առանձնակի հապշտապություն։

Այդպիսի եզրակացության է հանգել նաև Մակինյանը, որը համարում է, որ երրորդ նախագահին մեղադրանքներ ներկայացնելու որոշումն ընդունվել է նախապես, իսկ տեքստը՝ արդեն տպագրած եղել վեց էջերի վրա, որոնք քննիչը հանել է այլ թղթերի տրցակից։

Փաստաբանն առանձնահատուկ ընդգծեց, որ երրորդ նախագահի դեմ ցուցմունքներ տվող մարդը գտնվում էր անհավասարակշիռ հոգեվիճակում և նույնիսկ չկարողացավ առաջին փորձից ստորագրել փաստաթղթերի տակ։ ԶԼՄ-ներն արդեն նշել են այդ մարդու անունը. դա գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն է։ Երրորդ նախագահին մեղադրանքներ են ներկայացվել մի անձի ցուցմունքների հիման վրա, որը, փաստաբանի վկայությամբ, առերեսման պահին գտնվում էր անհամարժեք հոգեվիճակում։ Հավանաբար Կարապետյանի վրա ճնշում է գործադրվել…

Երրորդ նախագահին մեղադրանքներ ներկայացնելու ՀՔԾ որոշումը Մակինյանի կողմից կվիճարկվի Գլխավոր դատախազությունում։ Տեղյակ լինելով գլխավոր դատախազի գրպանային կարգավիճակի մասին, կարելի է ամենայն հավանականությամբ ենթադրել, որ երրորդ նախագահի անձեռնմխելիության վկայակոչումները Արթուր Դավթյանի վրա ոչ մի կերպ չեն ազդի։ Գլխավոր դատախազն այնքան վախեցած է իր հրաժարականի մասին խոսակցություններից, որ վաղուց մոռացել է օրինականության մասին։ Մյուսներին հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 140-րդ հոդվածը վերնագրված է «Հանրապետության նախագահի անձեռնմխելիությունը», իսկ այդ հոդվածի 2-րդ կետն ասում է. «Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար»։

Երրորդ նախագահի քաղաքական հետապնդում

Ակնհայտ է, որ քրեական մեղադրանքը լոկ շղարշ է, և Սերժ Սարգսյանի քաղաքական հետապնդումը, անկասկած, Փաշինյանի օրակարգում էր շատ վաղուց։ Արցախի անկախ հանրապետության ապագայի վերաբերյալ երրորդ նախագահի ելույթը Զագրեբում միայն արագացրեց այդ գործընթացը։

Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանին մեղադրանքներ ներկայացվեցին հենց այն օրը, երբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները փորձում էին իրականացնել «Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի» որոշում գտնելու վերաբերյալ Նիկոլի ծրագիրը։ Դա պարզապես զուգադիպություն չէ, մեզ նույնիսկ ներկայացրեցին կարգավորման հանդեպ ադրբեջանական մոտեցման մի նմուշ, որի մասին հայտնի էր դեռևս Տեր-Պետրոսյանի ժամանակներից։ Այդ մոտեցումը ենթադրում է հայկական զինված ուժերի դուրսբերում Արցախի տարածքից, Արցախի ենթարկում Ադրբեջանին, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» վերադարձ և այլն՝ նույն ոգով։

Երբ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին հարցրեցին, թե ինչ օրակարգով է մեկնում Բրատիսլավա, ըմբռնելի պատասխան չհաջորդեց. արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարն ասաց, որ գնում է աշխատելու։ Թե ինչպես կարելի է աշխատել, չունենալով կարգավորման ըմբռնելի հայեցակարգ, նախարարը չճշտեց։

Երրորդ նախագահին մեղադրանքներ ներկայացնելու հապճեպ գործընթացը հիմնավորված կասկածներ է առաջացնում, որ ժողովրդից թաքուն արդեն կան կարգավորման վերաբերյալ ինչ-որ պայմանավորվածություններ, իսկ դա նշանակում է, որ երրորդ նախագահը տեսանելի հեռանկարում պետք է հայտնվի ճաղերի հետևում, որպեսզի չխանգարի ազատագրված տարածքները փուլ առ փուլ հանձնելու ծրագրին։

Քանի դեռ Սերժ Սարգսյանն ազատության մեջ է, Փաշինյանը չի կարող իրեն թույլ տալ ստորագրել կարգավորման փաստաթուղթը իր անդրօվկիանոսյան տերերի թելադրանքով՝ ադրբեջանական կողմի պայմաններով։

Դա բնավ ոչ հորինված, այլ իրական հեռանկար է, որին մեր հասարակությունը վախենում է հավատալ. չէ՞ որ միշտ էլ ավելի հարմարավետ է մտածել, թե ամբոխի կուռքը չի փլուզի սպասումները, թեև Նիկոլը մեկուկես տարի շարունակ միայն դրանով է զբաղված։ Ասենք, հավատն այստեղ կապ չունի. այն մասին, որ ժողովրդից ծածուկ կատարվում են ինչ-որ գործընթացներ, կարելի է կռահել մի շարք նշաններից։ Օրինակ, Փաշինյանը նպատակաուղղված հալածում է նրանց, ովքեր կարող են խանգարել դավաճանական ծրագրի շուտափույթ իրականացմանը։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հետապնդումը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետապնդումը, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանի հետապնդումը, գեներալներ Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի հետապնդումը, վերջապես՝ մարտական գեներալ Մանվելին բացահայտ ծաղրի ենթարկելը ցանկացած փաստարկներից ավելի պերճախոս են վկայում Փաշինյանի ծրագրերի մասին։ Այդ քաղաքական գործիչներն ու գեներալները ահռելի ավանդ են ներդրել Արցախի ազատագրման գործում։

Կան հիմնավորված կասկածներ

Որոշ քաղաքագետների գնահատականներով, Փաշինյանն անում է ամեն ինչ, որպեսզի մոտեցնի կարգավորման վերաբերյալ ինչ-որ նախնական համաձայնագրի ստորագրման ժամկետները, ինչին դրդում են նրա անդրօվկիանոսյան տերերը։ Այդ տերերը նրան իշխանության բերեցին միակ պայմանով. ավարտել կարգավորման գործընթացը ադրբեջանական կողմի պայմաններով։

Օվկիանոսից անդին մտահոգված են այն առիթով, որ ՀՀ վարչապետի քաղաքական վարկանիշը սրընթաց ընկնում է, իսկ դա նշանակում է, որ պետք է շտապել, քանի դեռ իշխանությունն ունի վստահության ռեսուրս, որը կարելի է օգտագործել վերելակային դիվանագիտության տրամաբանական ավարտի համար։ Քանի դեռ երկրում քաոս ու խառնաշփոթ է տիրում, հասարակությունը բաժանված է թշնամի ճամբարների, իսկ միասնական օրակարգի շուրջ ընդդիմադիր ուժերի համախմբում դեռ տեղի չի ունեցել, ճիշտ ժամանակն է վարչապետին պարտադրել կարգավորման ադրբեջանամետ սցենարը։

Դատելով մի շարք նշաններից, Նիկոլի պատրաստակամությունը՝ գնալու շատ ավելի մեծ զիջումների, քան Տեր-Պետրոսյանը, արագացված տեմպերով կենսագործվում է։ Բացառված չէ, որ ժողովրդից գաղտնի ընթանում են սեպարատ բանակցություններ և կնքվում համաձայնագրեր, իսկ Փաշինյանը կարգավորման հարթությունում գործում է այն նույն գաղտնի սխեմայով, որն օգտագործեց կառավարության անդամների աշխատավարձերը կտրուկ բարձրացնելու համար։ Ժողովուրդն այդ մասին իմացավ միայն կատարված փաստից հետո։ Հիմնավորված կասկածներ կան, որ կարգավորման վերջնական տարբերակի մասին նույնպես հայ հասարակությունը կտեղեկացվի պոստֆակտում։

Պետք չէ անվերապահորեն հավատալ պաշտոնական աղբյուրներին, թե բանակցությունների սեղանին կոնկրետ փաստաթուղթ չկա. սեպարատ պայմանավորվածությունների կարելի է գալ այլ ռեժիմով։ Անհավասարակշիռ ու անզուսպ վարչապետից, որն ըստ որում շարունակ ստում է, կարելի է սպասել ցանկացած անակնկալ…

Վերջին շաբաթներին Փաշինյանն ու իր շրջապատը կանխամտածված կերպով սադրում են աղմկահարույց սկանդալներ, որպեսզի շեղեն քաղաքական ուժերի և հասարակության ուշադրությունը սեպարատ պայմանավորվածություններից, որոնք, հնարավոր է, արդեն մտել են իրականացման փուլ։ Ժողովրդի թիկունքում տեղի են ունենում ինչ-որ գործընթացներ, որոնք տեսանելի ապագայում հասարակությանը կարող են կանգնեցնել առնվազն ազատագրված տարածքների կորստի փաստի առջև։ Երրորդ նախագահին ներկայացված մեղադրանքները դրա ամենաակներև ապացույցն են։

Основная тема:
Теги: