ԹԱԳԱՎՈՐԸ ԻՍԿԱԿԱՆ ՉԷ՞

Դե, թագավոր ասելն այնքան էլ ճիշտ չէ, իհարկե։ Ընդամենը՝ Աբու Դաբիի շեյխ, բայց այդուհանդերձ դա չխանգարեց, որ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը մի քանի օր շարունակ պտտվի շեյխի, նրա ներկայացուցչի, ներդրումների թեմայի շուրջ, որը դարձավ ԿԱՄԱԶՆԵՐԻ թեմայի ածանցյալը։ Հմտորեն ոլորած սյուժե է, ոչինչ չես ասի։

Իսկ դրա (սյուժեի) չամիչը դարձավ դրեսկոդը։ Ինչպես հայտնի է, ինչ-որ բան սխալ ընթացավ հավանական ներդրողների հետ Երևանի քաղաքապետի հանդիպման ընթացքում, այդ թվում նաև այն պատճառով, որ հյուրերը բանակցությունների էին եկել ջինսերով ու մարզակոշիկներով։ Սկզբում այդ փաստից գանգատվեց մայրաքաղաքի քաղաքապետը, իսկ հետո հասկանալի դարձավ, որ դրեսկոդի խնդիրը պետական մասշտաբի հարց է, քանզի վարչապետը նույնպես ուշադրություն է դարձրել հյուրերի առիթին ոչ վայել հագուստին և կասկածել, թե շեյխն ընդհանրապես իսկական չէր։

Ես չեմ զարմանա, եթե հավանական ներդրողների հետ քաղաքապետի բանակցությունների հերթական ձախողման դեպքում պարզվի, որ օտարերկրյա գործարարները չեն անցել ֆեյս-կոնտրոլը։  Այսինքն հանդիպման են եկել դեմքի ոչ պատշաճ արտահայտությամբ։ Ասել է թե՝ մի տեսակ այնպես չէին նայում, մի տեսակ այն տեսքը չունեին, մի խոսքով՝ ոչ մի ընդգծված հարգանք…

Իրականում իրենց կապիտալը Հայաստանում ներդնելու պատրաստ օտարերկրյա հյուրերի հագուկապի շուրջ ողջ այդ աղմուկը թեև անսպասելի էր, այդուհանդերձ համապատասխանում է գործող կառավարության ներդրումային քաղաքականությանը։ Ավելին, հենց այդ կառավարությունը մի քանի ամիս առաջ բացեիբաց հայտարարեց, թե մտադիր է ներդրողներին անցկացնել «հուսալիության» զտիչների միջով։

Այս տարվա փետրվարին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանի կառավարությունը ներդրումային բազմաթիվ առաջարկություններ է ստացել։ Նա նշեց, որ դրանց մի մասը իրականանալի է, մի մասը՝ անլուրջ, մի մասի վրա էլ պետք է աշխատել։

«Այս առումով մենք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առաջարկությամբ որոշակի ֆիլտր ենք մշակել, թե ինչպես վարվել. Առաջարկվում է նման խոսակցություններ ունենալ միայն այն մարդկանց հետ, որոնք բանկից կներկայացնեն տեղեկանք, էսպես ասած, այսինքն՝ մարդու բանկային պատմությունը շատ կարևոր է նրա ներդրումային պոտենցիալը հասկանալու համար: Ասենք, եթե մարդ, որը կյանքում իր բանկային հաշվում 5 հազար դոլար չի ունեցել, եկել ասում է՝ 50 միլիոն կամ 5 միլիոն դոլարի ներդրում եմ ուզում անել, հասկանալի է, որ էդտեղ ինչ-որ բան էնպես չի: Իսկ եթե բանկը հավաստիացնում է, որ էս մարդն ունի ներդրումային պոտենցիալ և գիտի, թե ինչ թվերի մասին է խոսում, դա արդեն կոնկրետ ազդակ է, որ պետք է օգտագործել այդ ժամանակը: Հետևաբար՝ մենք ժամանակ չենք ծախսում որևէ այնպիսի խոսակցության վրա, որը այսպիսի հավաստիացումով ամրագրված չէ»։

Իսկ դուք ասում եք՝ դրեսկոդ։ Էմիրաթցի ներդրողների բախտն առհասարակ բերեց, որ նրանց չստիպեցին բանկից տեղեկանք ներկայացնել անձնական կապիտալի ծավալի մասին։ Կամ անցնել մեկ այլ ֆիլտրի միջով։ Օրինակ՝ գունազտիչի։ Խոսքը սև-սպիտակ գունաբաժանման մասին է, որը հաջողությամբ ներդրվել է գործող իշխանության կողմից և ակտիվորեն կիրառվում է հասարակայնությանը երկփեղկելու գործում։ Ի վերջո, եթե ժողովրդին կարելի է բաժանել սևերի և սպիտակների, ապա ինչո՞ւ նույնպիսի մոտեցում չի կարող կիրառվել ներդրողների նկատմամբ։

Թե ինչով կավարտվի բոլոր առումներով տգեղ այս պատմությունը, ենթադրելը բարդ չէ։ Շատ շուտով այն կմոռացվի, տեղը զիջելով հերթական սկանդալին, որը կշեղի հասարակայնության ուշադրությունը երկրի առջև ծառացած լուրջ խնդիրներից։ Սակայն ակնհայտ է, որ դա այնուամենայնիվ անհետ չի անցնի, քանի որ նման բաները չեն կարող չանդրադառնալ երկրում տիրող ներդրողական կլիմայի վրա։ Ավելի ճիշտ՝ նրա ներդրումային գրավչության։ Այստեղ, ի դեպ, նույնպես կան զտիչներ, որոնցից օգտվում են օտարերկրյա ներդրողները։ Իհարկե, դրեսկոդեր ու ֆեյս-կոնտրոլներ չեն, բայց երկրի ներդրումային հուսալիությունը լուրջ գործարարների կողմից գնահատվում է նախքան կապիտալը ներդնելու որոշում ընդունելը։ Եվ ակնհայտ է, որ նման սկանդալները լոկ նվազեցնում են այդ գնահատականները, իսպառ վերացնելով մեր երկրում հանգրվանելու օտարերկրյա կապիտալի որևէ ցանկություն։

Основная тема:
Теги: