ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆԸ ԿՀԱՅՏԱՐԱՐԵՆ «ԻԶԳՈՅՆԵ՞Ր»

«Ներողություն եմ խնդրում բոլոր իմ ծխող ընկերներից, բայց ծխողները պետք է լինեն իզգոյներ»,- խորհրդարանում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա ՀԱԿՈԲՅԱՆԸ՝ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ընթացքում։ Հակոբյանը հայտարարեց, որ թողել է ծխելը, բայց նախկինում ծխել է, և երբ մի առիթով ցանկացել է ծխել օդանավակայանում, որտեղ կան ծխողների համար հատուկ հատկացված տեղեր, իրեն զգացել է իզգոյ։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. Հակոբյանի ընկերները, ամենայն հավանականությամբ, կներեն նրան։ Միայն թե պատգամավորն առաջարկում է «իզգոյների» շարքը դասել ոչ միայն իր ծխող ընկերներին, այլև իր ընտրազանգվածին։ Վերջիններիս ակնհայտորեն դուր չի գա նրա հակածխախոտային էնտուզիազմը, ավելին. վիրավորական կթվա։

Ծխելու դեմ պայքարի ոլորտում մտցվող օրենսդրական նորարարությունների, տվյալ նախաձեռնության թերությունների մասին այս դեպքում չենք խոսի։ Բավական է և այն, ինչ հնչեց խորհրդարանի նիստերի դահլիճում։ Իսկ այնտեղ, ըստ էության, ներկայացվեցին հակածխախոտային սահմանափակումների հետ կապված գործնականում բոլոր ռիսկերը։ Դրանք են՝ և՛ ակնհայտ հարվածը փոքր ու միջին բիզնեսին, և՛ պետբյուջեի կրելիք վնասները, և՛ սիգարետի գների աճը, և՛ սոցիալական բացասական ազդեցությունը, և՛ մի շարք այլ հետևանքներ։ Ընդհանուր առմամբ միանգամայն ակնհայտ է, որ նախաձեռնությունը պարունակում է անհամեմատ, բազմապատիկ ավելի շատ մինուսներ, քան պլյուսներ։

Курильщики станут изгоями

Սակայն ամենամեծ մինուսն այնուամենայնիվ այն է, որ առաջարկվում է իսկապես ինչ-որ իմաստով վերածել ծխողներին վտարյալների։ Իհարկե, դա արվում է «սուրբ» նպատակի պատրվակով, «Առողջությունն ավելի թանկ է» կարգախոսի ներքո, բայց նույնիսկ այդ փաստարկը դժվար թե կարելի է համոզիչ համարել։

Բանն այն է, որ ըստ վիճակագրության տվյալների, Հայաստանում 16 տարեկանից բարձր տարիքի արական բնակչության կեսից ավելին ծխող մարդիկ են։ Ավելի ճշգրիտ, հայ տղամարդկանց 53 տոկոսը ծխում է։ Ծխող կանայք, իհարկե, անհամեմատ ավելի քիչ են։ Մարզերում նրանք ընդամենը 3 տոկոս են, իսկ մայրաքաղաքում՝ 8։ Այսպիսով, ընդհանուր առմամբ երկրի հասուն բնակչության ավելի քան 60 տոկոսը ծխող է։ Եվ ահա բնակչության այդ մեծամասնությանը որոշվել է, ըստ էության, վտարել հասարակական վայրերից, իրավական դաշտից։ Մի խոսքով՝ վերածել հենց իզգոյների, մերժյալների։

Մինչդեռ գաղտնիք չէ, որ ծխամոլությունը հաճախ պաթոլոգիկ կախվածություն է։ Ստացվում է, որ պետությունը մերժում է նրանց, ում ավելի շուտ անհրաժեշտ է իր օգնությունը, քան պատժիչ ձեռքը։ Կրկնեմ. խոսքը ոչ մեծ խմբի մասին չէ, այլ բնակչության մեծամասնության, որի նկատմամբ ցուցաբերվում է բացահայտ անհանդուրժողականություն։ Այստեղ ինքնաբերաբար համեմատություն է առաջանում այլ, անհամեմատ ավելի սակավաթիվ խմբերի հետ, որոնց նկատմամբ դրսևորվում է բացառիկ հանդուրժողականություն։ Օրինակ, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց։ Այստեղ մանրամասն կանգ չեմ առնի այդ հարցի վրա, բայց պատկերացնելն անգամ բարդ է, որ Հայաստանում իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկն այսօր համարձակվի առաջարկել հասարակության մերժյալների թվին դասել ԼԳԲՏ հանրության անդամներին։ Անմիջապես հիստերիա կբարձրանա, տեղնուտեղը կսկսեն խոսել մարդու իրավունքների մասին և այլն։ Իսկ այ, երբ խոսքը բնակչության 60 տոկոսի մասին է, ապա կարելի է ոչ մի բանից չհրաժարվել, կարելի է վերցնել ու անվանել նրան մերժյալ։

Ծխելն, իհարկե, վնասակար է։ Ծխելու դեմ պայքարել պետք է։ Բայց ծայրահեղ էնտուզիազմը, արմատականությունն ու նույնիսկ ծայրահեղականությունը այս դեպքում կարող են ավելի շատ վնաս պատճառել հասարակության առողջությանը, քան օգուտ բերել։ Չի կարող առողջ լինել հասարակական օրգանիզմը, երբ նրա մեծամասնությանը մերժում են։ Երբ ժողովրդի գերակշիռ մասին «իզգոյ» է համարում այն իշխանությունը, որն իրեն կոչում է «ժողովրդի իշխանություն»…

 

Основная тема:
Теги: