Մարուքյան. ԱԺ-ն դուրս է եկել սահմանադրական լիազորություններից

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումի հիմնախնդիրները։

Մարուքյանի խոսքով`առաջին հիմնախնդիրն այն է, որ Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանադրական լիազորություններից և խախտել Սահմանադրությունը, երբ սահմանադրական փոփոխությունները մինչև երկրորդ ընթերցում չի ուղարկել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու համար։

«Այս համատեքստում Ազգային ժողովը պարտավոր էր դիմել Սահմանադրական դատարան՝ սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցով: Մասնավորապես Ազգային ժողովի կանոնակարգի 86-րդ հոդվածի 2-րդ մասը՝ այն իմաստով, որ սահմանում է Սահմանադրական դատարան դիմելու Ազգային ժողովի հայեցողական լիազորություն, հակասում է Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետին և 169-րդ հոդվածի 2-րդ մասին և հակասահմանադրական է»,–գրել է Մարուքյանը:

Պատգամավորը շեշտում է, որ Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանդրական լիազորությունների շրջանակից՝ խախտելով Սահմանադրությունը, երբ, փաստացի փոփոխության ենթարկելով Սահմանադրության իրացված անցումային դրույթ 213-րդ հոդվածը, բովանդակային իմաստով փոփոխության է ենթարկել Սահմանադրության՝ դատական իշխանությանը վերաբերող 7-րդ գլխի կարգավորման ներքո գտնվող Սահմանադրական դատարանի կազմավորման կարգի մեջ։

Մարուքյանը վստահ է`Ազգային ժողովի և Ազգային ժողովի մարմինների սահմանադրական լիազորությունների առնչությամբ առկա է վեճ։

Երկրորդ հիմնախնդիրը,ն ըստ Մարուքյանի, Հանրապետության նախագահին Սահմանադրության փոփոխություններն ստորագրելու և հրապարակելու լիազորությունից զրկելը հակասում է Սահմանադրությանը։

«Տեղեկացնում ենք նաև, որ դիմումը ներկայացվել է համատեղ ստորագրված` «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անհրաժեշտ քանակի պատգամավորների կողմից»,–նշել է Մարուքյանը, տեղեկացնում է Sputnik Armenia: