Մակրոնը և Մերկելը առաջարկել են բժշկական օգնություն ցուցաբերել Նավալնուն

Գերմանիան և Ֆրանսիան առաջարկել են բժշկական օգնություն ցուցաբերել ռուս քաղաքական գործիչ Ալեքսանդր Նավալնուն, հայտնում է Reuters-ը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել են, որ իրենք խորապես մտահոգված են նրանով, ինչ կատարվում է Նավալնու հետ:

«Այս պահին մեր ունեցած լուրերը տագնապալի են: Մենք կշարունակենք ուշադիր հետևել իրավիճակին»,- ասել է նա բանակցություններից հետո Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսում: «Մենք պատրաստ ենք ամեն անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել Ալեքսանդր Նավալնուն և նրա մերձավորներին՝ առողջապահության, ապաստանի և պաշտպանության առումով»,- ասել է Մակրոնը: «Հուսով եմ, որ նրան կարելի է փրկել»:

Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է իր հիվանդանոցներում բուժել Նավալնուն, բայց նրա շրջապատի կողմից դեռ նման խնդրանք չի ստացել: «Հուսով եմ, որ նա արագ կապաքինվի, և եթե խնդրեն, մենք նրան կտրամադրենք բժշկական օգնություն, այդ թվում՝ գերմանական հիվանդանոցներում: Բայց խնդրանքը պետք է գա այնտեղից»,- ասել է նա:

«Կարևոր է, որպեսզի այս ամբողջ իրավիճակը արագ պարզաբանվի: Մենք պնդում ենք դա, քանի որ այն, ինչ լսել ենք մինչ այժմ, շատ անբարենպաստ է: Դա պետք է արվի շատ թափանցիկ»,- ասել է Մերկելը:

Ավելի վաղ ինքնաթիռը, որով Նավալնին թռչում էր Տոմսկից Մոսկվա, շտապ վայրէջք էր կատարել Օմսկում այն պատճառով, որ ընդդիմադիր գործիչն իրեն վատ էր զգացել: Նա հոսպիտալացվել էր շտապօգնության թիվ 1 հիվանդանոց, իսկ մարզային առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: ԿՊՀ-ի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը նախկինում ենթադրել էր, որ Նավալնու մոտ տոքսիկ թունավորում է։ Նրա տվյալներով՝ բլոգերը կոմայի մեջ է, տեղեկացնում է News.am: