Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀՀ-ին

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ֆինանսների նախարարության: Հայցը ներկայացվել է օգոստոսի 19-ին և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին:

Sputnik Արմենիայի հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը մանրամասնեց` հայց ներկայացնելու հիմքն այն է եղել, որ առանց Քոչարյանի թույլտվության, դատավոր Աննա Դանիբեկյանը գաղտնիք պարունակող տեղեկություններ է հրապարակել։

«Սույն թվականի մարտի 10-ին Դանիբեկյանը բաց նիստի ժամանակ, լրատվամիջոցների ներկայությամբ ամբողջությամբ հրապարակել է մի փաստաթուղթ, որը պարունակում է բժշկական գաղտնիք։ Իսկ դրանք անձնական տվյալներ են, որոնք պաշտպանված են օրենքով»,–ասաց Ալումյանը։

Ինչ վերաբերում է հայցի պահանջին, ապա Քոչարյանը պահանջում է նախ հաստատել իր իրավունքի խախտումը և 2 մլն դրամի չափով հատուցել պատճառված ոչ նյութական վնասը։