Զեյթունում շենքի փլատակների տակից տղամարդու դի է դուրս բերվել

Զեյթունում գազի արտահոսքից մասնակի փլուզված շենքի տակից տղամարդու դի է դուրս բերվել։

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը, իրականացվել է օդային հետախուզություն և մշտադիտարկում անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Դեպքի վայրում են նաև Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի 10 աշխատակից։

«Ժամը 13։01-ին փրկարարները փլատակների տակից դուրս են բերել, նախնական տվյալներով, Արթուր Ղ-ի (ծնված 1962թ) դին», – հայտնում են գերատեսչությունից։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան գազի արտահոսքից պայթյուն է տեղի ունեցել Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 1 քառահարկ պանելային շենքում։

Ըստ նախնական տվյալների փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի իրականացվել է 19 քաղաքացու տարհանում։

Երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր տուժած Սվետլանա Ս-ն (ծնված 1949 թ) այժմ գտնվում է հետազոտման փուլում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության, իսկ մյուս տուժածինը (արական սեռի, մոտ 50 տարեկան)՝ ծայրահեղ ծանր, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։