ԽՈՍՏԱՑԵԼ ԷԻՆ ԱՎՏՈԲՈՒՍ, ԲԱՅՑ ԿԳՆԵՆ «ԳԱԶԵԼ»

Երևանում նոր ավտոբուսների փոխարեն հին «ԳԱԶել»-ներին փոխարինելու են նորերը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Նա նշեց, որ որ ընդունված նախագծով նախատեսված են երեք չափի ավտոբուսներ. դրանցից ամենամեծը 18-մետրանոց է՝ 150 ուղևորով, երկրորդը՝ 12-մետրանոց՝ 90-100 ուղևոր և երրորդ չափը, որը կոչվում է միջին չափի, 7,5-8, մետրանոց է՝ 45-55 ուղևորով:

Ավագանու անդամը հայտնեց, որ նոր տրանսպորտային նախագծում, որը նախագծվել է WYG կազմակերպության կողմից,որը ընդունել է քաղաքապետարանը և որի հետ պարտքուպահանջները փակել է գործող քաղաքային իշխանությունը, ընդունվել է հենց այսպիսի ցանց:

Նրա խոսքով, դրա էությունն այն է, որ 4 միկրոավտոբուսները փոխարինվում են մեկ միջին չափի ավտոբուսով: Նոր ցանցում հստակ երթուղիները կան: Այս ամենն առկա է նաև Երևանի զարգացման 5-ամյա ծրագրում, որտեղ գրված է, որ պետք է բացառվեն միկրոավտոբուսները, դրանք պետք է փոխարինվեն միջին և մեծ տարողության ավտոբուսներով: Այսինքն իշխանությունների խոստումների ողջ էությունն այն էր, որ վերջ «մահվան Գազելներին», և պետք է ձեռք բերվեն ավտոբուսներ»,-ասաց Խաժակյանը:

Նա հիշեցրեց, որ քաղաքապետ Հայկ Մարությանի Բրյուսել այցի ժամանակ ուսումնասիրում էր ավտոբուսները. «Այս տարվա ապրիլի 28-ին ասվեց, որ 100 ավտոբուսների մրցույթն արդեն հայտարարվել է: Քաղաքային իշխանությունը պետք է ազնիվ լիներ և տեղեկացներ, որ այդ մրցույթը չի կայացել, հաղթող չկա»:

Խաժակյանն ընթերցեց Մարությանի հայտարարությունը, որտեղ նշվում է, որ այն ինչ անիրական էր թվում մեկ տարի առաջ, հիմա իրականություն է. «Խոսքն այս դեպքում նոր փոքր չափի ավտոբուսների ձեռքբերման մասին է, որը հիացմունք է առաջացնում, որովհետև ասում ՝ 100 ավտոբուս պատվիրել ենք, 100 փոքր չափի ավտոբուս էլ պատրաստվում ենք պատվիրել: Փորք չափի ավտոբուսը, բնականաբար, ձեզ չի հիշեցնի «ԳԱԶել»: Խոսքն այն մասին է, որ այսօր բացվելու է այն մրցույթը, որի մասին խոսում է Մարությանը: Ես առանձնացրել եմ այն տեխնիկական բնութագրերը, որոնց պետք է համապատասխանեն այդ ավտոբուսները: Նշվում է, որ դասը պետք է լինի փոքր տեղատարողության՝ նվազագույնը 14 նստատեղ, 4 կանգնած ուղևոր, առավելագույնը 17 նստատեղ, եթե խոսքը մեկ դռնանի տրանսպորտի մասին է: Պարզվում է, որ խոսքը հենց «ԳԱԶել»-ի մասին է»,-ասաց Խաժակյանը՝ ցույց տալով այդ գազելների լուսանկարը, որը մի փոքր տարբերվում է մեր իմացած գազելներից:

«Այսինքն մեր հասարակությանը 2 տարի մի բան էին ասում, սակայն հիմա գնում են «ԳԱԶել»-ների պատվիրման»,-ասաց Խաժակյանը՝ հավելելով, որ ներկայացված պարամետրերը ցույց են տալիս, որ նպատակը հենց «ԳԱԶել»-ի գնումն է: «Այնպիսի չափեր են նշված, որ հաղթի «ԳԱԶել»-ը: Վերցրել են «ԳԱԶել»-ի տեխնիկական բնութագրերը ու դրել չափանիշներում: Այսինք, երբ ժամանակին Մարությանն ասում էր, որ «ԳԱԶել»-ները փոխելու ենք, խոսքը հին «ԳԱԶել»-ները նորերով փոխելու մասին էր»,-ընդգծեց նա:

Newsarmenia.am