ՀԱԿԱՍԻՆԹԵԶ. «ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ» ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԸ

«Եկել է ժամանակը, որ բոլորս գործի լծվենք ու կերտենք այն երկիրը, որի մասին երազել ենք: Բարոյական չէր լինի, որ ես հեռու նստեի ու մասնակցություն չունենայի երկրի կայացմանը», - 2019 թվականի հունիսին վերամբարձ հայտարարում էր Սփյուռքի հարցերով նորանշանակ գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Նրա խոսքերով, սխալ կլիներ պնդել, որ Սփյուռքի հանձնակատար նշանակվի որևէ հայաստանցի։ «Փորձ կա նման, նախարար է եղել Հայաստանից, և արդյունքները բոլորին հայտնի են»,- ասաց նա՝ չհստակեցնելով, թե այդ ինչ «արդյունքներ են» (դատելով ենթատեքստից ՝ ակնհայտորեն բացասական), որ հայտնի են բոլորին։

Այդ օրվանից անցել է 14 ամիս։ Այսօր, երբ մեկնարկում է Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակի առաջին մեծ ծրագիրը, որը կոչվում է «իԳործ», արժե դիտարկել Սինանյանի աշխատանքի արդյունքները գլխավոր հանձնակատարի պաշտոնում։ Այն, ինչը հայտնի է լայն հանրությանը, տպավորիչ է մարտնչող տգիտությամբ, դիլետանտությամբ և գերատեսչության խնդիրների ու նպատակների ըմբռնման իսպառ բացակայությամբ։ Ամեն ինչով, բացի պրոֆեսիոնալ, լուրջ ու պատասխանատու մոտեցումից և համապատասխան հմտություններից:

Սկզբում՝ անվերջ ճամփորդություններ դեպի աշխարհի տարբեր անկյուններ, ԶԼՄ-ներում չհերքված հաղորդագրություններ Սինանյանի վիթխարի աշխատավարձի (նշվում էր ամսական 25 հազար դոլար գումարը) և նրան ու գրասենյակի աշխատակիցներին պարբերաբար տրվող շռայլ պարգևավճարների մասին։ Այնուհետ՝ խոստովանություններ, որ նախկինում հանդիսավորությամբ ազդարարված հայրենադարձությունն անհնար է։ Կորոնավիրուսի մոլեգնության ամենաթեժ շրջանում, երբ օտարազգի բժիշկները աշխարհի տարբեր երկրներից Հայաստան էին գալիս օգնություն ցուցաբերելու համար, գլխավոր հանձնակատարի գրասենյակն այդպես էլ չմտածեց այն մասին, որ մոբիլիզացնի հայ բժիշկների ռեսուրսները և հրավիրի նրանց օգնելու պատմական հայրենիքին:

Տավուշում հուլիսյան ահագնացման օրերին և դրանից հետո հայկական սփյուռքն աշխարհի տարբեր երկրներում աննախադեպ հարձակման էր ենթարկվում թուրքական տանդեմի կողմից, սակայն ոլորտի համար պատասխանատու պաշտոնյան ու իր գրասենյակը անգործության էին մատնված։ Այդ բացթողումները հարթելու համար հաջորդեց Սինանյանի ցուցադրական այցը Լիբանան՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո, ինչը կոչված էր ցույց տալու, թե հանձնակատարն, իբր, ակտիվ աշխատում է։ Արդյունքում ամեն ինչ սահմանափակվեց մարդասիրական օգնության մի քանի ինքնաթիռով և ՀՀ քաղաքացիների վերադարձով, ինչպես նաև լիբանանահայ մի քանի ընտանիքների տեղափոխմամբ։ Թե ինչ է նախատեսվում ձեռնարկել այդ երկրում մեր հայրենակիցների նկատմամբ, որոնք կազմում են Հայաստանի և Արցախի համար պատմականորեն նշանակալի և կարևորագույն համայնքներից մեկը, չի հաղորդվում։

ԼԳԲՏ իրավունքների համար պայքարող գլենդեյլցի ակտիվիստը կարճ ժամանակահատվածում հասցրել է աչքի ընկնել նաև արտառոց հայտարարություններով, որոնք սկանդալայնության աստիճանով կարող են մրցակցել իր պետի հայտարարությունների հետ: Ճիշտ է, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, նա իրեն դեռ չի համեմատել Հիսուս Քրիստոսի հետ, սակայն Հայաստանն այլազգիներով բնակեցնելու նրա ծրագրերն իսկական շոկ առաջացրեցին հասարակության մեջ։ Օգոստոսի սկզբին հանձնակատարը հայտարարեց, թե Հայաստանը կարող է հայրենիք դառնալ «մեզ նման ազգերի՝ Իսպանիայի արաբների, ասորիների և այլոց համար»։ Իսկ օրերս հայտարարեց, թե ցանկացած զարգացած մայրցամաքային պետություն չի մեծացել զուտ իր հաշվին, այլ կարողացել է կլանել այլ ազգերի, և Հայաստանը պետք է գնա այդ ճանապարհով։ Հանձնակատարի մտքի թռիչքի գագաթնակետը դարձավ այն պնդումը, թե ճապոնացիներն այդ իմաստով տարբերվում են, քանի որ «կորեացիների և չինացիների սինթեզ են»:

Այս արտահայտություններն արդեն բազմաթիվ մեկնաբանությունների առարկա են դարձել, ուստի թողնենք, որ ընթերցողն ինքը դատի Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի և նրա մտահղացումների համարժեքության աստիճանի մասին։ Նշենք միայն այն փաստը, որին քչերն են ուշադրություն դարձնում. ինչո՞ւ է Սփյուռքի հետ աշխատանքի համար պատասխանատու պաշտոնյան այդքան հաճախ դատողություններ անում բուն Հայաստանի բնակեցման մասին։

Մինչդեռ հենց այս սեպտեմբերյան օրերին է մեկնարկում «իԳործ» ծրագիրը։ Չվեկ պաշտոնյայի առաջին խոշոր նախագիծը, սակայն, դեռ չհասցնելով սկսվել՝ ենթարկվեց խիստ քննադատության, չնայած թվում էր, թե նպատակները բարի են. ներգրավել սփյուռքահայ բարձրորակ մասնագետներին երկրի կառավարման գործում։ Մրցույթով անցած 20 երիտասարդ մասնագետներ հնարավորություն կունենան մեկ տարի աշխատել Հայաստանի կառավարական կառույցներում որպես պրակտիկանտներ: Նրանց կապահովեն երկողմ տոմսով, բնակարանով, իսկ ամսական աշխատավարձը կկազմի 336 հազար դրամ։ Ընդ որում հայերենին տիրապետելը, որքան էլ պարադոքսալ է, պարտադիր պայմանների մեջ չի մտնում։ Մեկ տարի անց այդ 20 անձինք կհեռանան, նրանց փոխարինելու կգան նորերը։ Ահա այսպիսի «հանճարեղ» ծրագիր Զարեհ Սինանյանի կողմից, որն արժանացել է անձամբ վարչապետ Փաշինյանի հավանությանը։

Այլ կերպ ասած, հայ հարկատուները վճարում են պետական կառույցներում երիտասարդ հայրենակիցների՝ այլ պետությունների քաղաքացիների մեկամյա ստաժավորման համար, որից հետո նրանք վերադառնում են ինքնակենսագրական թերթիկում համապատասխան նշումով և սկսում աշխատել ի շահ իրենց երկրի։ Ընդգծենք. խոսքը ոչ թե բարձրակարգ մասնագետների մասին է, որոնք ունեն փորձ, հմտություններ և կարող են իսկապես օգնել, այլ դեռ նոր դիպլոմ ստացած շրջանավարտների, որոնք պատկերացում չունեն ՀՀ առանձնահատկությունների մասին։ Եվ հաստատ սնուցված են Հայաստանի, նրա անցյալի, ներկայի, ներուժի և զարգացման օպտիմալ ուղիների մասին արևմտյան պատկերացումներով:

Մինչդեռ փաստն այն է, որ մեր երկրի կառավարման գործում Սփյուռքի ներկայացուցիչների՝ ոչ մի կերպ ու ոչնչով իրենց չերաշխավորած երիտասարդների անմտածված ներգրավման թերիությունն ու վտանգն արդեն բացասական արդյունք են տվել։ Միանգամայն բավարար՝ լրջորեն մտորելու համար, թե ինչի վրա են ծախսվելու պետբյուջեի փողերն այդ ծրագրի շրջանակներում։ Իսկ նման մոտեցման ամենահամոզիչ «արդյունքներից» մեկն էլ հենց ինքը՝ Զարեհ Սինանյանն է։ Հարց. ի՞նչ է ստացել երկիրը ԱՄՆ-ից եկած միջակ պաշտոնյայի ավելի քան մեկամյա գործունեությունից, որպեսզի հիմա էլ գումարներ ծախսի նրա մշակած ծրագրի վրա:

 Երկրի համար բացառապես խնդիրների, ընդ որում՝ խոշոր խնդիրների փոխարկված «սփյուռքահայ երիտասարդ մասնագետի» աշխատանքի մեկ այլ վառ օրինակ է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը, որն ինչպես որ մեկնեց Դանիա՝ ծննդաբերելու, այնպես էլ շարունակում է բարեհաջող մնալ այնտեղ ընտանյոք հանդերձ։

Բարձր պաշտոնում Ռևազյանի «նվաճումները» լայնորեն հայտնի են, դրանցից գլխավորը հայկական ավիաընկերությունների դեպի Եվրոպա թռիչքների առնվազն երկամյա արգելքն է։ Վերջերս այդ սկանդալը խայտառակ շարունակություն ստացավ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր աշխատակիցներին արգելել է պաշտոնական թռիչքների համար օգտվել հայկական ավիաընկերությունների ծառայություններից: Հնարավո՞ր է արդյոք պատկերացնել ավելի ամոթալի իրավիճակ։ Գուցեև հնարավոր է, բայց դժվարությամբ։ Սակայն դրա գլխավոր մեղավորը ոչ միայն շարունակում է մնալ պաշտոնում, այլև արդեն ավելի քան 6 ամիս շարունակ ղեկավարում է ոլորտը հեռակա կարգով։

Որպեսզի ավելի լավ պատկերացնենք Ռևազյանի բանիմացության աստիճանը՝ որպես ավիացիայի ոլորտի վարչարարի, մի հատված մեջբերենք նշանակումից անմիջապես հետո նրա անկեղծացումից իր փորձի մասին. «19 տարեկանից աշխատել եմ Կոպենհագենի օդանավակայանում, ուղևորների գրանցման կետում կրտսեր աշխատակիցներից էի: Ռուսերեն փաստաթղթեր էի թարգմանում, ուղեկցում էի առանց ծնողներ ճամփորդող երեխաներին դեպի օդանավ: Այնուհետև աշխատանքի անցա «Մոմոնդո» գրուպում. դա ցանց է, որտեղ զբաղվում էի ավիատոմսերի գների համեմատությամբ և որտեղից էլ մեծ փորձ ձեռք բերեցի ավիատոմսերի գների իջեցման, կազմման և այլ հարցերի հետ կապված»:

Տաթևիկ Ռևազյանին մենք նման ուշադրություն հատկացրեցինք ոչ միայն այն պատճառով, որ նրա գործունեության հետևանքով Հայաստանում ավիացիայի ոլորտը վերջնականապես փլուզված է։ Նրա փորձը եզակի է նաև սփյուռքահայ երիտասարդներին ներգրավելու համատեքստում. սինանյանական «իԳործ» ծրագրի մասնակիցները չունեն նույնիսկ, պայմանականորեն ասած՝ «տոմսերի վաճառքի և երեխաներին դեպի օդանավ ուղեկցելու» փորձ: Եվ եթե պետության համար նրանց օգտակարությունը երաշխավորել է Զարեհ Սինանյանը, ապա գուցե պետք է սկզբի համար հասկանալ, թե ի՞նչ է տվել Հայաստանին այդ կարգի առաջին փորձը ՝ Սինանյանն ու Ռևազյանը։ Իսկ դրանից հետո մտորել, թե արժե՞ արդյոք բյուջետային մեծ գումարներ ծախսել այդօրինակ ևս 20 «մասնագետների» վրա։

Հիշում եմ, 2018-ի մայիսին Նիկոլ Փաշինյանի ամենաաղմկահարույց հայտարարություններից մեկը վերաբերում էր աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի Հայաստան գալու և տնտեսության վերականգնման ու զարգացման գործում երկրին աջակցելու պատրաստակամության մասին պայմանավորվածությանը։ Այդ պղպջակը պայթեց՝ նույնիսկ չհասցնելով մի լավ փքվել, իսկ մեկուկես տարի անց գիտնականն առհասարակ քննադատեց Փաշինյանին՝ կոչ անելով չվերածել կոռուպցիայի դեմ պայքարն ընդդիմախոսներին հետապնդելու միջոցի ։

Դարոն Աճեմօղլուից մինչև Զարեհ Սինանյան ընկած ճանապարհը բավական հատկանշական է Նիկոլ Փաշինյանի իշխանության համար։ Աճեմօղլուի նմանները նրան պետք են սեփական վարկն ու հեղինակությունը բարձրացնելու և գլուխ գովելու համար, բայց նրանք երբեք չեն համաձայնի նման դերի՝ քաղաքական մանր արկածախնդրի ձեռքում, որը վերածում է վսեմ գաղափարները չնչին մանրադրամի։ Փաշինյանին ու իր թիմին հարմար են միայն Սինանյանի ու Ռևազյանի նմանները, որոնք իրենց նույնիսկ ամենապայծառ երազներում չէին կարող տեսնել պետական այն բարձր պաշտոնները, որոնք շռնդալից հանդիսավորությամբ ստացան «սփյուռքահայ մասնագետների ներգրավման» սոուսի տակ և նույնքան շռնդալից տապալեցին։

Այժմ լիովին ձախողված Սինանյանը սեփական ընտրությամբ և պետական միջոցներով Հայաստան է բերում երիտասարդ մասնագետների։ Ժամանակը չէ՞ արդյոք դադարեցնել տգիտության և դիլետանտության այս բաքոսատոնը, որ ծավալվում է աշխարհում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական բարդ գործընթացների պայմաններում Սփյուռքի հետ լուրջ ու մասնագիտական աշխատանքի լիակատար բացակայության խորապատկերին։