Ամփոփվել են «Խաղաղության մարտիկ» մրցույթի արդյունքները

Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ միջազգային մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը:

ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներ:

Շնորհավորելով մասնակից պետությունների թիմերին մրցաշարի հաջող անցկացման առիթով՝ ՀՀ պաշտպանության նախարարն իր ելույթում նշել է, որ այս տարի մրցույթն անցկացվել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում, ինչը լրացուցիչ պատասխանատվություն և ծանրաբեռնվածություն է առաջացրել թե՛ մասնակիցների, թե՛ կազմակերպիչների համար:

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին ցուցաբերած խիզախության և վճռականության համար: Չեմ կարող առանձին չնշել ավագ լեյտենանտ Արմինե Գրիգորյանի ելույթը, ով անհատական հաշվարկում հաղթող է: Շնորհակալություն ծառայության համար: Դե իսկ ռուսական հավաքականը վստահ և վաստակած հաղթանակ տարավ՝ գրանցելով պատրաստության ամենաբարձր մակարդակը: Բոլորիդ նոր ձեռքբերումներ եմ մաղթում, -նշել է Դավիթ Տոնոյանը:

Գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովն իր հերթին ասել է, լավ գիտակցում են, թե ինչքան դժվար է եղել մրցույթի կազմակերպումը անվտանգության ապահովման լրացուցիչ ծանրաբեռնվածության պայմաններում: ՌԴ պաշտպանության նախարարի անունից շնորհավորել է բոլոր մասնակիցներին։

Բոլոր մրցաձևերի արդյունքները համադրելուց հետո մրցավարական հանձնաժողովի որոշմամբ «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում անհատական հաշվարկով կին զինծառայողների մեջ երրորդ տարին անընդմեջ լավագույնը ՀՀ զինված ուժերի թիմից լեյտենանտ Արմինե Գրիգորյանն է:

Երկրորդ տեղում ՌԴ թիմից լեյտենանտ Ալեքսանդրա Ախտուլովան է, երրորդը Հունաստանից սերժանտ Կուտուզօղլու Գեստիմանիսն է:

Տղամարդկանց անհատական պայքարում մրցանակային բոլոր տեղերը Ռուսաստանի մասնակիցներինն են՝ առաջին տեղ՝ ենթասպա Սերգեյ Սմիրնով, երկրորդ տեղ՝ լեյտենանտ Գերման Դավիդով, երրորդ տեղ՝ ավագ լեյտենանտ Միխաիլ Իվանով:

Թիմային ընդհանուր հաշվարկով մրցույթում երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Բելառուսի Հանրապետության զինված ուժերի թիմը, երկրորդ հորիզոնականում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիմն է: «Խաղաղության մարտիկ-2020» մրցույթում հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հավաքական թիմը:

Բոլոր մրցանակակիրները պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով և թանկարժեք նվերներով: Միջոցառումը եզրափակվեց ՀՀ զինված ուժերի երգի ու պարի համույթի կատարումներով:

Զինծառայողների ռազմամասնագիտական վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթը անցկացվում է «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի շրջանակում ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ և ՌԴ պաշտպանության նախարարության ու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանների համաձայն: Երրորդ տարին անընդմեջ «Խաղաղության մարտիկն» անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում, տեղեկացնում է Panorama.am: