«Էրեբունի-Երևանի» համար նախատեսված գումարի առյուծի բաժինը կուղղվի 2 թատրոնի

«Էրեբունի-Երևան» տոնակատարությունների այս տարվա բյուջեի շուրջ 80%-ը՝ 150 միլիոն դրամ, կուղղվի համայնքապատկան երկու թատրոնների վերազինմանն ու վերանորոգմանը։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը և Պատանի հանդիսատեսի թատրոնը վաղուց նորոգման կարիք ունեն»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Մարությանն այցելել է նաև Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, որը արդեն վերանորոգվել է, վերազինվել նորագույն լուսային ու ձայնային տեխնիկայով և շուտով կվերսկսի իր աշխատանքը։

Նշենք, որ համավարակի պատճառով «Էրեբունի–Երևան» տոնակատարություններն այս տարի չեն կազմակերպվի այնպես, ինչպես նախորդ տարիներին։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ կկայանա Երևանի ավագանու հատուկ նիստ, որ ընթացքում Երևանի պատվավոր կոչումներ կտրվեն մի քանի արժանավոր անձանց։ Հատուկ նիստին կմասնակցի երկրի բարձրագույն ղեկավարությունը։