«Ժողովուրդ». ԻՆՉՈՒ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ԴՈՓՈՒՄ ՏԵՂՈՒՄ

Թերթը գրում է, որ Հայաստանի իրավապահ համակարգում նոր դժգոհություն է հասունանում։ Եղել են դեպքեր, որ մարտից միջնորդություններ են եղել ներկայացված, բայց գործը մինչ օրս չի քննվել։

Վերջին շրջանում նախաքննական մարմինները բավականին ակտիվ ձևով տարբեր քրեական գործեր են հարուցում, փորձում են պայքարել քրեական ենթամշակույթի դեմ, նախկին պաշտոնյաների են ձերբակալում այդ մեղադրանքի շրջանակում, բայց ըստ «Ժողովուրդ» օրաթերթի` դրան զուգահեռ նոր խնդիրներ են ի հայտ գալիս:

«Ինչի՞ մասին է խոսքը. երբ փաստաբանները կամ քննիչները դիմում են դատարաններ՝ որևէ մեղադրյալի խափանման միջոցի փոփոխության կամ այլ հարցերով, պարզվում է՝ շատ դեպքերում դատախազներն ու դատավորներն արձակուրդի մեջ են, և հենց այդ պատճառով իրավապահ համակարգում նոր դժգոհություն է հասունանում»,– գրում է թերթը:

Պարբերականի տեղեկություններով՝ նույնիսկ եղել են դեպքեր, երբ այդ տարվա մարտից դատարաններ միջնորդություններ են եղել ներկայացված, սակայն դատավորներն արձակուրդում են եղել, և գործը մինչ օրս չի քննվել: Ստացվում է, որ քրեական գործերն ակտիվորեն հարուցվում են, սակայն վերջնարդյունք ստանալ չի հաջողվում, ու շատ գործեր դոփում են տեղում:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը փետրվարի 18-ին ստորագրել էր ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հանրությանն առավել մատչելի կերպով ներկայացնելու համար հստակեցրել էր, որ օրենքը «օրենքով գողերի», «սխոդկաների», «օբշչյակների» և այս կարգի այլ երևույթների մասին է, որպեսզի այս ամենի մեջ ներգրավված մարդիկ ենթարկվեն պատասխանատվության։ Վարչապետի բնորոշմամբ` այս ենթամշակույթը կրող մարդիկ բանտը համարում են իրենց տունը, և հետևաբար, նրանց բոլորին պետք է ուղարկել իրենց տանն ապրելու։

Sputnik Armenia