MODERN DIPLOMACY. ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԵՈՕՍՄԱՆԻԶՄԸ ԹԱԿՈՒՄ Է ԴՈՒՌԸ
Թուրքիայի վերածնունդը որպես իսլամական արժեքների կենտրոն և հասարակությունից նրա հեռացումը գտնվում են կայացման փուլում: Նեոօսմանիզմի գաղափարախոսությունը թակում է դուռը: Դա նաև վերաբերում է տարածքների վերադարձին, որոնք պատկանել են օսմաններին մինչև Օսմանյան կայսրության փլուզումը, գրում է Modern Diplomacy-ն:
«Ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհում և միջազգային իրավունքում որևէ պետություն չի կարող ձեռք բերել և զավթել հողեր, սակայն Թուրքիան ձգտում է գաղափարական և տնտեսական ազդեցություն ունենալ տարածքների վրա, որոնք եղել են մեծ Թուրքիայի մի մասը:
Թուրքիան եղել է առևտրի և իսլամական քաղաքակրթության կենտրոն մինչև Օսմանյան կայսրության փլուզումը և դարձել Թուրքիայի Հանրապետություն 1923 թվականին: Քեմալ Աթաթուրքի օրոք Թուրքիան ծաղկում էր, այդ ժամանակ Թուրքիան ընդունեց արևմտյան կենսաձևը: Իսկ ահա Ռեջեփ Էրդողանի օրոք Թուրքիան վերադարձավ իր արմատներին ՝ ընդունելով նեոօսմանիզմը որպես իր քաղաքական գաղափարախոսություն: Էրդողանի վարչակազմը կենտրոնացած է Թուրքիան արևմտյան կողմնորոշումից դուրս բերելուն:
Նեոօսմանիզմն իրականություն է դառնում, և դրա վառ օրինակ էր Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը:
«Իմամ-հաթիբ» տեսակի դպրոցները կրոնական դպրոցներ են, որոնք գործում են Թուրքիայի ամբողջ տարածքում, և դրանց թիվն ավելանում է ամեն տարի: Այսօր Թուրքիայի առաջնահերթություններից է «Մուսուլման եղբայրների» հետ կապերի ամրապնդումը, աֆրիկյան տարածաշրջանին ռազմական, տնտեսական և սոցիալական աջակցության տրամադրումը:
Թուրքիան ձգտում է ամրապնդել իր դերը աշխարհում և իր նպատակներին հասնելու համար կիրառում է փափուկ ուժի գործիքը՝ տարբեր մարադասիրական ծրագրեր իրականցնում, վերականգնում աֆրիկյան մուսուլմանական համայնքների աղքատ շրջանները:
Այդ քաղաքականությունը Թուրքիային մոտեցնում է համաշխարհային գերտերության կարգավիճակին՝ առաջ տանելով պանիսլամիզմն ու նեոօսմանիզմը:
Նեոօսմանիզմի քաղաքական գաղափարախոսությունը ներառում է օկուպացիայի ռազմավարություն և նախկին օսմանյան տարածքներում տնտեսական ու ռազմական ազդեցության մեծացում: Դա ակնհայտ է դառնում այն փաստից, որ Թուրքիայի և Սուդանի հարաբերությունները խորանում են, Սուդանի կառավարությունը հրամանագիր է ստորագրել «Սուակինի կղզիները» Թուրքիային ժամանակավոր տրամադրելու մասին՝ օսմանյան ավերակների վերականգնման նպատակով:
Որոշ գիտնականների խոսքով՝ Թուրքիան խոշոր ռազմաբազա է հիմնել այդ կղզիներում, որոնք Մերձավոր Արևելքի համար ռազմավարական նշանակություն ունեն և խաչմերուկ են ծառայում Ադենի ծովի, Կարմիր ծովի, Սաուդյան Արաբիայի և Արևելյան ԱՖրիկայի միջև: Բացի այդ, այդ կղզիները Սուդանի խոշոր նավահանգիստներն են աշխարհի հետ առևտրի համար: Աֆրիկյան տարածաշրջանում Թուրքիայի աճող ներկայությունն անհարմարություններ է ստեղծում Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի համար:
Մյուս կողմից, Թուրքիան ընդլայնում է իր տարածքները՝ ներխուժելով հյուսիսային Սիրիա և նպատակ ունենալով վերադարձնել նախկին Օսմանյան կայսրության տարածքները: Ներկայումս Թուրքիան արդեն վերադարձրել է Իդլիբն ու Աֆրինը Սիրիայում: Եթե ուշադիր վերլուծենք ողջ սցենարը, ապա կարելի է եզրակացնել, որ Թուրքիան բառի իրական իմաստով նեոօսմանիզմի գաղափարախոսություն է առաջ տանում: Թուրքիան դրանով չի սահմանափակվում. նա մեծացնում է իր զորքերը Հյուսիսային Կիպրոսում՝ գրեթե 30 000-ով: Նա նաև ծովային պահանջներ է ներկայացնում Կիպրոսին: Բացի այդ, Թուրքիան մեծացնում է իր ներկայությունը Կենտրոնական Ասիայում:
Էրդողանը կասկածի տակ է դնում միջազգային կազմակերպությունների աշխատանքը, որոնց վրա ճնշում է գործադրում Արևմուտքը: Էրդողանի վարչակազմը բազմիցս ազդանշաններ է տվել ՄԱԿ-ի համաձայնագրերից դուրս գալու մասին և քննադատել պայմանագրերը, որոնք ստորագրել են խոշոր գերտերությունները: Վարչակազմը քննադատել է նաև 1923թ. կնքված Լոզանի պայմանագիրը, որը հաստատում է ժամանակակից Թուրքիայի սահմանները, և որը Էրդողանի օրոք ժամանակակից Թուրքիան մերժում է և պահանջում «անօրինական» կերպով զավթված տարածքների վերադարձ:
Բացի այդ, Թուրքիան պահանջում է վերադարձնել Հյուսիսայի Սիրիայի մի մասը, հյուսիսային Իրաքի մի մասը, ժամանակակից Հայաստանի ողջ տարածքը, Վրաստանի որոշ մասերը և Արևելյան Թրակիան, որն այժմ Հունաստանի մաս է կազմում: Չինաստանի կողմից Լադակխի անեքսիայից, Հնդկաստանի կողմից Քաշմիրի անօրինական անեքսիայից և Իսրայելի կողմից պաղեստինյան հողերի անօրինական անեքսիայից հետո Թուրքիայի համար հնարավոր է դառնում իր սահմանակից շրջանների անեքսիան:
Արևմտյան աշխարհը չպետք է սպառնալիքի ենթարկվի նեոօսմանիզմի կողմից, քանի որ օսմանիզմի կոտրված արևմտյան տարբերակը տեսանելի է դառնում Իսրայելի օրինակից հետո»,-գրում է Modern Diplomacy-ն: