«Փաստ». ՓՈՐՁԵԼ ԵՆ ՀԱՄՈԶԵԼ ԴԱՏԱՎՈՐԻՆ, ՈՐ ՆԱ ՄԵՐԺԻ ՂԱԶԻՆՅԱՆԻ ԲՈՂՈՔԸ

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում օրերս մեկ ամսով հետաձգվեց նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը տապալելու փաստի առիթով քրեական գործ հարուցելու պահանջով «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի բողոքի քննությունը։

«Փաստ» թերթի տեղեկություններով` այս հարցը խիստ մտահոգում է իշխանություններին: Ըստ մեր աղբյուրների` ԲԴԽ-ից և իշխանական շրջանակներից փորձել են համոզել դատավորին, որ նա մերժի Ղազինյանի բողոքը: Սակայն դատավոր Մանվել Շահգելդյանն ասել է, որ բողոքը պինդ է, հիմնավորված, և չի պատրաստվում իր վրա վերցնել այդպիսի բեռ ու պատասխանատվություն:

Ըստ այդմ` որոշվել է դատարանում հարցի քննությունը տարբեր պատճառաբանություններով հնարավորինս ձգձգել: Հույսն այն է, որ ժամանակի ընթացքում երկրում տեղի կունենան այլ իրադարձություններ, և «նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը տապալելու» թեմայի նկատմամբ հանրային հետաքրքրությունը կմարի:

Հիշեցնենք, որ առաջին իսկ նիստը հետաձգվեց այն պատճառաբանությամբ, որ դատարանը չէր հասցրել ծանոթանալ նյութերին, քանզի քննիչը դրանք ուշ էր ուղարկել, ավելին` ինքն էլ չէր մասնակցում նիստին»։

Aysor.am