6 ամիս է` այստեղ ենք, ոչ մի բան, ոչ մի պատասխան մեզ չեն տալիս

Այսօր կառավարության շենքի մոտ կրկին բողոքի ակցիա են իրականացնում այն քաղաքացիները, որոնք ցանկանում են մեկնել Ռուսաստան: Նրանք կառավարությունից պահանջում են լուծել իրենց խնդիրը որևէ կերպ:

Բողոքող քաղաքացիները ՌԴ մեկնել ցանկացող անձանց ցուցակ կազմեցին, որ տան կառավարությանը: Քաղաքացիներից մեկը նշեց՝ հույս չունեն, որ ինչ-որ մեկը կիջնի, դրա համար նախօրոք ցուցակագրում են, որ եթե այդպես էլ որևէ մեկը չիջնի, իրենք ներկայացնեն, թե ով ինչ խնդրով է մոտեցել, որ զանգահարեն իրենց:

«Այս ցուցակը ներկայացնելու ենք կառավարությանը, հիմնական մասը Ռուսաստան մեկնել ցանկացողներն են: Ցուցակում շատ են` 150 և ավելի մարդ: Ֆեյսբուքում ունենք խումբ, որտեղ 2000 և ավելի մասնակիցներ կան, բոլորը չեն կարողացել գալ, մարզերից են շատ: Հույս ունենք, որ կառավարությունից կզանգահարեն, եթե չեն զանգահարի, թող իջնեն, մեր հարցին լուծում տան, գնանք, պարտադիր չէ զանգեն»,- ասաց նա:

Ակցիայի մասնակիցներից Ջուլիետա Մելքոնյանն էլ լրագրողներին ասաց, որ արդեն 7-8-րդ անգամն է, որ գալիս են այստեղ և արհամարհված գնում են: «6 ամիս է` այստեղ ենք, ոչ մի բան, ոչ մի պատասխան մեզ չեն տալիս, ինչքան կարելի է մեզ արհամարհել: Իմ ընտանիքի անդամները այնտեղ են, աղջիկս ու փեսաս էլ եկել են բուժման ու մնացին այստեղ, իրենք էլ վարկերի տակ են, չգիտեն ոնց են տալու վարկերը, ճանապարհներն էլ չեն բացվում, որ փեսաս գնա այնտեղ աշխատի, աղջիկս էլ այնտեղ գործ ունի»,- ասաց նա:

Նա նշեց, որ իրենց ասում են` Դուք կամ Ձեր երեխան պետք է քաղաքացիություն ունենաք, կամ էլ Ձեր ծնողը պետք է լինի ՌԴ քաղաքացի: «Հարսս քաղաքացիություն ունի, տղաս` չէ: Թող բանակցեն, իրենք են կառավարություն, մենք հասարակ ժողովուրդ ենք, դրա համար գալիս ենք, պահանջում ենք, թող մի բան անեն, թեկուզ Վրաստանի հետ խոսեն, ինչ-որ միջանցք բացեն, գնանք հասնենք մեր ընտանիքներին»,- ասաց նա:

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ երկու երեխաների հետ փետրվարի 26-ից այստեղ են: «Ամուսինս այնտեղ է, այստեղի քաղաքացի եմ, ամուսնիս Ռուսաստանի քաղաքացի չէ, հայրս, մայրս քաղաքացի չեն: Մեր ընտանիքը հիմա բաժանվել է երկու մասի, ամուսինս երկու տուն է պահում՝ այնտեղ վարձով, այստեղ վարձով»,- ասաց նա:

Հարցին էլ աջակցության ծրագրերից չի՞ օգտվել, նա պատասխանեց, որ մեկ անգամ ստացել է 53 հազար դրամ, բայց նույնիսկ այդ ամսվա տան վարձի գումարը չի փակել դա, տեղեկացնում է Tert.am: