Վարդան ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Տնտեսական ակտիվության ցուցանիշը երբևիցե չի կարելի համարել տնտեսության զարգացման ցուցանիշ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում երեկ արված հրապարակմանը, որով վարչապետը հայտնում էր, թե 2019 թվականի նոյեմբերը «խփել է» տարվա տնտեսական ռեկորդը. տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.1 տոկոս, արտահանման աճը՝ 25.7 տոկոս:

«Եթե ուզում ես երկրում զարգացում ցույց տալ, պետք է համադրել համախառն ներքին արդյունքի ցուցանիշն ու տվյալ երկրում ներդրումային քաղաքականության վիճակը: Եթե այդ երկուսը գոյություն չունեն, մնացած դեպքերում ներկայացված անգամ տիեզերական թվերն առոչինչ են»,-ասաց Բոստանջյանը:

Նրա խոսքով՝ վարչապետի ներկայացրած ցուցանիշը չի կարող բավարարել ոչ միայն մասնագետներին, այլև քաղաքացիներին, քանի որ ցանկացած պարագայում քաղաքացիները մի բան են ամրագրում՝ այսօր ավելի լա՞վ են ապրում, քան երեկ, թե ոչ: «Եթե նման բան չեն արձանագրում, ապա կարելի է տնտեսական ակտիվության ցուցանիշը ներկայացնել անգամ 30 տոկոս, դրանից ոչինչ չի փոխվում»,-ասաց տնտեսագետը:

Վերջինիս խոսքով՝ իշխանափոխությունից հետո սովորական է դարձել որպես հաջողություն ներկայացնել կետային ցուցանիշները: «Սրանք այս կառավարության մոտեցումներին են, որոնց համաձայն՝ իբր նկարագրվում են հաջողություններ: Սրանք չեն կարող լինել հաջողության համար հիմք: Ընդհանրապես, տնտեսության զարգացումը երբևիցե որևէ թվով չեն ներկայացնում, իսկ թվերի կտրվածքով թե՛ նախկինում, թե՛ հիմա ներկայացված թվերն անձամբ ինձ վստահություն չեն ներշնչում»,-ասաց Բոստանջյանը:

Նա նաև կարծիք հայտնեց, թե որքան էլ այս ցուցանիշները հասարակությանը չեն կարող բավարարել, բայց միևնույն է, դեռևս բազմաթիվ անձինք կան, որոնք մեր իրականությունում ստացել են «պողոսներ» անվանումը, և հավատում են ամեն ինչի:

«Նրանք դեռևս էյֆորիայի մեջ են գտնվում, և նրանց համար այդքան էլ էական չէ՝ ներկայացված ցուցանիշներն իրականությանը համապատասխանո՞ւմ են, թե ոչ: Նրանք շարունակում են ուրախանալ: Այդպիսի զանգվածին պահելու համար կարելի է հռչակել նման ցուցանիշներ, ինչն էլ անում է իշխանությունը»:

Տնտեսագետի խոսքով՝ այժմ ՀՀ տնտեսական կառուցվածքում գերակայում է ծառայությունների ոլորտը: «Այսինքն՝ հավելյալ՝ նոր արժեք չի ստեղծվում, ֆինանսական ռեսուրսներն աջ ու ձախ են շպրտվում, և ինչ-որ մի տեղ դա ակտիվության ցուցանիշ է ցույց տալիս, բայց դա կեղծ ցուցանիշ է, որը չի արտացոլում իրերի իսկական վիճակը: Մեզ մոտ արդիական ծրագրեր, արտադրության ուղղություններ, վերամշակող արդյունաբերություն, ընդերքի, ջրային ու հողային ռեսուրսների ռացիոնալ օգտագործում է պետք իրագործել, իսկ դրա համար պետք է ունենալ ծրագիր»,- ամփոփեց Վարդան Բոստանջյանը:

Tert.am