Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ․ ՄԻԹԵ՞ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷՐ ԶԳՈՒՇԱՑՆԵԼ ՏԻԿԻՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻՆ, «ՎԵՐԵՎԻՑ» ԵԿՈՂ ՀՐԱՄԱՆԻ ՄԱՍԻՆ

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

««Կացնային» վերաբերմունք

ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակն են մտել, հավաքել անձնական իրերն ու ուղարկել նրան։ Այժմ չեմ ուզում անդրադառնալ, ՍԴ-ում արհեստականորեն ստեղծված ճգնաժամի պատճառներին, դրանց օրինականությանը և այլն։ Նաև ենթադրենք, որ աշխատասենյակ մուտք գործելն ու այն , ըստ էության, «խուզարկելն» ու Ալվինա Գյուլումյանի անձնական իրերը հավաքելը բխում է օրենքի տառից։

Բայց չէ՞ որ գոյություն ունեն նաև չգրված, էթիկայի կանոններ, տարրական հարգանք անձի, մանավանդ իր մասնագիտական և մարդկային հատկություններով իրեն երբեք չարատավորած պաշտոնյայի նկատմամբ։Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ նշյալ գործողությունը կատարելու հրահանգ տվող Սամվել Առաքելյանը անձամբ ճանաչել և ջերմ հարաբերություններ է ունեցել Ալվինա Գյուլումյանի հետ, ապա այս պատմությունն ավելի քան անընդունելի է։ Լավ, միթե՞ հնարավոր չէր գոնե զանգահարել և զգուշացնել տիկին Գյուլումյանին, «վերևից» եկող հրամանի մասին և խնդրել գալ ՍԴ։

․․․Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանի արագացված տեմպերով Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակի «սեփականաշնորհմանը», ապա կարելի է ենթադրել, որ Վահե Գրիգորյանի համար ոչ թե իր մասնագիտությունն ու ՍԴ-ն են կարևոր, այլ իր անձնական բարեկեցությունը։ Թե՞, ես սխալվում եմ, գուցե ավելի հարմարավետ, աշխատասենյակում է գալիս մասնագետի ստեղծագործական մուսան, և միայն հին, նեղ, տարրական հարմարություններից , լուսավորությունից զերծ աշխատասենյակն էր պատճառը, որ Վահե Գրիգորյանն ավել քան մեկ տարի լինելով ՍԴ անդամ, ներեցեք՝ դատավոր, չէր կարողանում կենտրոնանալ , աշխատել և մասնակցել ՍԴ նիստերին․․․իհարկե, չմոռանալով իր տանջանքների համար բարձր աշխատավարձ և պարգևավճարներ ստանալ»։

News.am