...ԵՎ ԿԱՅՐԵՆ «ԴՈՒԽՈՎ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԿԵՊԻՆԵՐԸ

«Եթե մենք գաղափարական ընդդիմադիր դաշտ չձևավորենք, ապա զարգացում չի լինի. ամեն անգամ կգա հերթական Նիկոլը, կխաբի մեր հուզահակ ժողովրդին, հետո՝ մեկ այլ Նիկոլ, և այդպես շարունակ», - «ԳԱ»-ին տված հարցազրույցում հայտարարեց քաղաքական մեկնաբան Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։

-Կառավարող ուժը 2018-ի մայիսից առ այսօր, փաստորեն արդեն ավելի քան երկու տարի շարունակ հենվում է «մերժի՛ր» կարգախոսի վրա, իշխանության ներկայացուցիչներն անընդմեջ ինչ-որ բան մերժում են։ Այսօր արդեն ակներև է, որ հասարակությունը հոգնել է դրանից, բայց ավելի ստեղծարար ինչ-որ բանի անցնելու իշխանության ցանկություն չի նկատվում, թեև դրա հասարակական պատվերն ակնբախ է։ Ինչո՞ւ։

-Նախևառաջ կցանկանամ նշել, որ իշխանությունը զավթելիս այդ խմբի գաղափարական հիմքը Սերժ Սարգսյանին ու նրա քաղաքական թիմին մերժելը չէր. դա պայքարի լոկ տեսանելի մասն էր։ Իրականում Նիկոլն ու նրան սատարող արևմտամետ գրանտակերները այլ նպատակներ ունեին. զավթել իշխանությունն ու հեռացնել Հայաստանը Ռուսաստանից՝ դարձնելով մեր երկիրը Ռուսաստանի դեմ աշխարհաքաղաքական պայքարի ևս մեկ օջախ։ Բայց քանի որ հայ-ռուսական հարաբերությունները, այդ թվում՝ մեր ժողովուրդների մակարդակով, խոր արմատներ ունեն, Նիկոլին ու իր հրոսակախմբին չհաջողվեց միանգամից լուծել այդ խնդիրը։ Այսօր նրանք շարունակում են լուծել Հայաստանը Ռուսաստանից հեռացնելու խնդիրը։ Այսինքն Նիկոլի ու իր աջակից գրանտակերների իրական նպատակը հենց հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումն էր, և նրանք շարունակում են քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Նրանք չեն կարող դա բացահայտ անել, քանի որ վախենում են, որ մեր ժողովրդի մեծամասնությունը հանդես կգա իրենց դեմ, բայց գաղտագողի և հետևողականորեն քայքայում են հայ-ռուսական հարաբերությունները։ Օրինակ, բարձր պաշտոնների են նշանակում այն մարդկանց, որոնք 3-4 տարի առաջ ակցիաներ էին անցկացնում Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց, պատռում Ռուսաստանի նախագահի լուսանկարը, ռուսներին անվանում մեր թշնամիներ։ Այսօրվա իշխանությունը լցնում է պետապարատը հակառուսական կադրերով, ինչը ժամանակի հետ կհանգեցնի մի իրավիճակի, երբ ողջ պետապարատն իր գաղափարախոսությամբ հակառուսական կլինի։ Եթե սրան գումարենք Ռուսաստանի և ռուս ժողովրդի նկատմամբ մեր ժողովրդի վերաբերմունքը փոխելուն ուղղված քարոզչական քաղաքականությունը, որ իրականացվում է այսօր, ապա ներկայիս իշխանության իրական նպատակի պատկերը կամբողջանա։

Ինչ վերաբերում է ստեղծարարությանը, ապա նախ ընդգծեմ, որ հայ ժողովրդի համար ամենակարևորն ու առանցքայինը անվտանգության խնդիրն է։ Մենք ունենք այնպիսի գիշատիչ հարևաններ, ինչպիսիք են Թուրքիան և Ադրբեջանը, որոնք պատրաստ են հարձակվել մեր երկրի վրա, զավթել այն, ցեղասպանության ենթարկել մեր ժողովրդին, և Թուրքիան այսօր նույնիսկ չի թաքցնում իր նպատակներն ու լկտիաբար հայտարարում է այդ մասին իր պաշտպանության նախարարի բերանով։ Այնպես որ ցանկացած իշխանություն պետք է գիտակցի, որ առանց հայ-ռուսական հարաբերությունների և Ռուսաստանի քաղաքական ու ռազմական աջակցության՝ Հայաստանը չի կարող դիմակայել Թուրքիայի ագրեսիային։ Եվ եթե դու այնքան հետևողականորեն ես փլուզում հայ-ռուսական հարաբերությունները, որ Թուրքիան սկսում է կիսատ մնացած ցեղասպանությունն ավարտին հասցնելու հնարավորության հույսեր փայփայել, ապա ի՞նչ ստեղծարարության կամ դրական միտումների մասին կարելի է խոսել այդ խորապատկերին։

Այս իշխանությունը, գիտակցված, թե ոչ, բայց փաստացի կանգնեցնում է մեր պետությունն ու ժողովրդին թուրքական նոր ագրեսիայի առջև։ Այս իշխանությունը փաստացի ցեղասպանության վտանգի առջև է կանգնեցնում հայ ժողովրդին։ Դա ամենամեծ պետական հանցագործությունն ու ազգային դավաճանությունն է մեր ժողովրդի նկատմամբ։ Եվ այդ խորապատկերին եթե անգամ կա ինչ-որ դրական բան, ասենք՝ ինչ-որ ճանապարհ ասֆալտապատել են, նման համեմատության դեպքում ոչ մի խելացի մարդ չի կարող դրական բան տեսնել։ Նրանք այնպիսի դավ են նյութում մեր պետության ու ժողովրդի դեմ, որ այդքանից հետո ինչ-որ դրական բանի մասին խոսելն ուղղակի ամոթ է։

-Վերջին ժամանակներս թե՛ քաղաքական, թե՛ հասարակական գործիչներից, թե՛ շարքային քաղաքացիներից, որոնց շրջանում դժգոհությունն աճում է երկրաչափական պրոգրեսիայով, հաճախ է վիճակվում լսել, որ ժողովրդին խաբել են, օգտագործել։ Մյուս կողմից, իմքայլականներն ասում են, թե միայն իրենք են ներկայացնում ժողովրդին, մնացած ամենը մանիպուլյացիաներ են։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Այո, մեր ժողովրդին խաբել ու օգտագործել են Նիկոլն ու իր գրանտակեր աջակիցները։ Նրանք մեր ժողովրդին խոստացան ավելի բարեկեցիկ ու ապահով կյանք, ավելի արդար իրականություն, բայց փաստորեն խաբեցին բոլոր այս երեք կարևորագույն կետերով։ Արդարություն նրանք ընդհանրապես չկարողացան հաստատել, և ցանկություն էլ չունեն դա անել։ Նրանք հոգ են տանում են միայն իրենց թայֆայի մասին, պաշտոններում նշանակում միայն յուրայիններին, պարգևավճարներ բաժանում միայն իրենք իրենց։ Սոցիալ-տնտեսական առումով երկիրը հայտնվել է աղետալի վիճակում, ներդրումներ չկան, Հայաստանի տնտեսության վիճակը հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման արդյունքում է՛լ ավելի կվատանա, քանզի այնտեղ է մեր հիմնական սպառման շուկան։

Խոստացել էին անվտանգության ավելի բարձր մակարդակ, բայց իրականում Արցախի հարցում բանակցությունները հասցրեցին ձախողման, և այսօր արդեն Ալիևն է իրավիճակ թելադրում, ապաշնորհ արտաքին քաղաքականության արդյունքում Թուրքիան այսօր բացեիբաց հայտարարում է, թե արցախյան հակամարտության կողմերից մեկն է, պաշտպանելու է Ադրբեջանի շահերն ու պատրաստ է միջամտել Արցախյան հակամարտության լուծմանը։

Խոստացել էին բարեկեցիկ կյանք, ասելով, թե նախկինները թալանել են, հարստացել ժողովրդի հաշվին, իսկ հիմա իրենք են իշխանության ղեկին, բայց չեն կարողանում վերադարձնել թալանն ու անզոր են իրենց մեջ արիություն ու ազնվություն գտնել՝ խոստովանելու, թե՝ ժողովուրդ ջան, կներեք, խաբել ենք, թալան չի եղել, եղել է կոռուպցիա, բայց այնպիսի մեծ գումարներ, որոնց մասին մենք խոսում էինք, չկան, այնպես որ չենք կարող վերադարձնել այն, ինչ չի եղել։ Ավելին, հիմա իրենք են թալանում բյուջեն՝ պարգևավճարներ շռայլելով իրենց, պետգնումներ անելով մեկ անձից, առանց մրցույթի։ Այսինքն սրանք խաբեբաների ոհմակ են, որը խաղալով ժողովրդի զգացմունքների հետ, օգտագործելով նրան, զավթել է իշխանությունը՝ հետապնդելով երկու նպատակ. բարելավել սեփական կյանքն ու կատարել արևմտյան տերերի, մասնավորապես՝ Սորոսի պատվերը, խաթարել հայ-ռուսական հարաբերությունները։

Այսօր մեր քաղաքացիները, ինչպես ասում են, սեփական մաշկի վրա են զգում, որ գործիք են դարձել Նիկոլի ձեռքում՝ իշխանությունը զավթելու ճանապարհին։ Այն քաղաքացիները, որոնք ընդամենը երկու տարի առաջ արգելափակում էին ճանապարհները, որպեսզի Նիկոլն իրականացնի իշխանության գալու և լավ ապրելու իր երազանքը, այսօր չեն կարողանում փողոց արգելափակել, որպեսզի իրենց խնդրի վրա հրավիրեն իշխանության ուշադրությունը կամ իրենց բողոքն արտահայտեն, ասենք, կրտսեր դասարաններում սեռական դաստիարակության դասավանդման առնչությամբ. ոստիկանները միանգամից ոլորում են նրանց ձեռքերը։ Այսինքն Նիկոլի համար քաղաքացիներին կարելի էր արգելափակել փողոցները, իսկ սեփական խնդիրները լուծելու համար՝ ոչ, որովհետև, կրկնում եմ, մեր քաղաքացիները Նիկոլի ու իր թայֆայի համար լոկ գործիք էին։

-Համացանցում ձեր գրառումներից մեկում նշել եք, որ հեռու չէ այն օրը, երբ նիկոլական լինելն ամոթ կլինի, և բոլորը հրապարակավ կայրեն «Դուխով» մակագրությամբ իրենց կեպիները։ Այն, որ գործող իշխանությունը շատերի համար արդեն անցյալում է, ակնհայտ է, բայց պարզ է և այն, որ այսօր ընդդիմադիր ճամբարում չկա համախմբում, և էյֆորիայից հետո արդեն որոշակի ապատիայի մեջ գտնվող քաղաքացիների համար այժմ արդեն չկա ոչ մի հստակություն, թե ում հավատալ, ում հետևից գնալ, ով կարող է փոխարինելու գալ այս իշխանությանը։ Այդ առնչությամբ կանխատեսումներ ունե՞ք։

-Կարծում եմ, որ ընդդիմությունը պետք է լինի գաղափարական, Նիկոլին հակադիր գաղափարական բևեռ։ Պետք է ամրագրել երեք սկզբունք, որպեսզի կարողանանք ձևավորել ընդդիմադիր հարթակ։ Նախ՝ պետք է փաստել, որ նրանք, ովքեր դեմ են հայ-ռուսական հարաբերություններին, թուրք են, քանի որ հայ-ռուսական հարաբերությունների դեմ պայքարում են բացառապես թուրքերը։ Պետք է հասնել նրան, որ ցանկացած քաղաքական գործչի, որը դեմ է հայ-ռուսական հարաբերություններին, ժողովուրդը նետի քաղաքական աղբանոց, որովհետև դա մեր երեխաների անվտանգության հարցն է։ Երկրորդ՝ մենք պետք է ամրագրենք, որ ցանկանում ենք ապրել քրիստոնեական ազգային արժեհամակարգ ունեցող պետությունում։

Տեսեք, Արևմուտքը մեզ պարտադրում է Ստամբուլյան կոնվենցիան, իսկ Ռուսաստանն իր Սահմանադրության մեջ հատուկ ամրագրում է ամուսնության ինստիտուտի՝ որպես տղամարդու և կնոջ միության պաշտպանությունը, ամրագրում է Աստծո նկատմամբ հավատի դերը, այնպես որ ընտրությունն ակնհայտ է ցանկացած նորմալ հայի համար։ Երրորդ, մենք պետք է արձանագրենք, որ մեր երկիրը սահմանադրական, իրավական և ժողովրդավարական պետություն է, որ փողոցի միջոցով իշխանություն զավթելու իրավունք մարդիկ չունեն, որ երկիրը պետք է կառավարվի ոչ թե մեկ մարդու, տվյալ դեպքում՝ Նիկոլի կամքով, այլ Սահմանադրությամբ ու օրենքներով։

Որպեսզի ավելի հասկանալի լինի՝ պարզաբանեմ. հասարակ քաղաքացուն, որը փողոցներ արգելափակելով բերել է Նիկոլին իշխանության, դիմակ չկտրելու, այսինքն օրենքը խախտելու համար փռում են ասֆալտին, տուգանում, իսկ այ Նիկոլն ու իր հրոսակախումբը խախտում են Սահմանադրությունն ու մնում անպատիժ։ Եթե ընդդիմությունը ձևավորվի այս երեք սկզբունքների վրա, ապա համոզված եմ, որ մեր հասարակության մեծամասնությունը կհամախմբվի այդ ընդդիմության շուրջ, և ոչ միայն այն պատճառով, որ հիասթափված է Նիկոլից, այլև՝ որ գաղափարն ընդունելի է։ Հակառակ դեպքում, եթե մենք գաղափարական դաշտ չձևավորենք, զարգացում չի լինի. ամեն անգամ կգա մի ինչ-որ հերթական Նիկոլ, կխաբի մեր հուզահակ ժողովրդին, հետո՝ մեկ ուրիշ Նիկոլ, և այդպես շարունակ