Թեհրանը հերքում է. զենքը Իրանի տարածքով Հայաստան չի մատակարարվել

Բաքվում Իրանի դեսպանությունը հերքել է Իրանի տարածքով Հայաստան ռուսական սպառազինության մատակարարելու մասին հաղորդումները: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ադրբեջանական որոշ ԶԼՄ-ները գրել էին, որ Իրանի «Նորդուզ» սահմանային անցակետով ռուսական սպառազինություն է մատակարարվում Հայաստան։

«Որոշ լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել, թե Իրանի Իսլամական Հանրապետության «Նորդուզ» սահմանային անցակետով Հայաստան է մատակարարվում ռուսական զենք և ռազմական տեխնիկա։ Հայտարարում ենք, որ դրանք ստահոդ և անհիմն հաղորդումներ են։ Դրանք տարածվում են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները խաթարելու նպատակով»,- հայտարարել է դեսպանատան ներկայացուցիչը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Գաջիևը անհանգստություն էր հայտնել Ռուսաստանի կողմից «Հայաստանը ինտենսիվ զինելու» կապակցությամբ։

Դեռևս օգոստոսի սկզբին Բաքվում հայտարարել էին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ռուսաստանից Հայաստան մատակարարվող ռազմական բեռների հարցը։

Ըստ այդ հաղորդումների` Ալիևն ասել է, որ Տավուշի սահմանին հուլիսյան իրադարձություններից հետո Ռուսաստանից Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի օդային տարածքներով Հայաստան տեղափոխվող ռազմական բեռների ծավալը գերազանցել է 400 տոննան, տեղեկացնում է Sputnik Armenia։