Արցախի ԱԳՆ ղեկավար. Հիմքեր չկան ենթադրելու, որ Ադրբեջանը չի կրկնի ագրեսիայի իր փորձը

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, թե ինչ տեմպերով և ծավալներով է Ադրբեջանը մեծացնում իր զինանոցը, պարզ է դառնում, որ Ադրբեջանը զենք է գնում ոչ թե պահեստում պահելու, այլ մի օր օգտագործելու մտադրությամբ: Այս մասին Բարսելոնայում գործող Nationalia լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը:

«Եվ Ադրբեջանը յուրաքանչյուր հնարավորություն կօգտագործի՝ փորձարկելու և ստուգելու՝ արդյո՞ք ճիշտ ժամանակն է նոր ագրեսիա սկսելու համար: Մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանը դա անում 2016թ. ապրիլին, և բոլորովին վերջերս՝ հուլիսի 12-ին, հայ-ադրբեջանական սահմանին՝ Հայաստանի Տավուշի մարզում: Երկու դեպքերում էլ Արցախի և Հայաստանի պաշտպանական ուժերը համարժեք պատասխան են տվել։ Հիմքեր չկան հավատալու, որ Ադրբեջանը հերթական անգամ չի կատարի նման փորձ, երբ զգա, որ բավականին հզորացել է՝ դիմելու նոր ռազմական արկածախնդրության: Իհարկե, մենք դա գիտակցում ենք, և Արցախի Պաշտպանության բանակը պատրաստ է ետ մղել ցանկացած ագրեսիա, ինչպես որ դա արել է նախկինում»,- հայտարարել է ԱԳ նախարարը։

Այն հարցին, թե արտաքին գործերի նախարարությունն ու ընդհանուր առմամբ Արցախի կառավարությունը ձեռնարկել են արդյոք միջազգային դիվանագիտական ասպարեզում հանրապետության դիրքերն ամրապնդելու քայլեր` հաշվի առնելով այն փաստը, որ նա շարունակում է չճանաչված մնալ, Մայիլյանն ասել է. «Մեր նախարարությունը, և, ընդհանուր առմամբ, Արցախի իշխանություններն անում են առավելագույնը՝ աշխարհին ներկայացնելու իրադրության իրական պատկերը: Անկախության հռչակումից ի վեր մեր հանրապետության դիրքորոշումն անփոփոխ է: Մենք մշտապես կողմ ենք եղել հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը։ Այս դիրքորոշումը հնչել է բազմաթիվ առիթներով՝ ինչպես հրապարակավ, այնպես էլ՝ ԵԱՀԿ գործող նախագահի և Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ընթացքում. նաև Արտաքին գործերի նախարարության բազմաթիվ հայտարարություններ են տարածվել միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են՝ ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը, ԵԽ-ն և այլն: Մենք չենք թաքցնում այն փաստը, որ խաղաղություն ենք ուզում, միևնույն ժամանակ, գիտակցում ենք, թե ինչ նկատի ուներ լատինացի փիլիսոփան` նշելով «Si vis pacem, para bellum - Ուզում ես խաղաղություն՝ պատրաստ եղիր պատերազմի»: Եվ մենք արդեն անցել ենք դրա միջով:

Երբեմն գեթ մի հայացք տարածաշրջանին բավական է՝ հասկանալու հակամարտության գոտում տեղի ունեցող զարգացումների հիմքում ընկած իրականությունը: Ինչպես նշեցիք առաջին հարցում, Բաքվում հազարավոր ցուցարարներ Ադրբեջանի կառավարությունից պահանջում էին լայնամասշտաբ պատերազմ սկսել: Արդարության համար, սակայն, հարկ է նշել, որ երկրի խորհրդարանի շենք ներխուժած ցուցարարներն ունեցել են նաև հակակառավարական օրակարգ: Դա պարզապես ցույց է տալիս, թե ինչ դեր է խաղում հակամարտությունը Ադրբեջանի ներքին կյանքում, և որքանով են ադրբեջանական հասարակությունն ու կառավարությունը պատրաստ խաղաղության կամ հակամարտության խաղաղ կարգավորման:

Հնարավոր չէ խաղաղության հասնել միակողմանիորեն. դրան պետք է ձգտեն հակամարտության բոլոր կողմերը: Եվ անկախ նրանից, թե որքան բարձրաձայն ենք հայտարարում մեր հարևանների հետ խաղաղության հասնելու պատրաստակամության մասին, նրանք պետք է լինեն և՛ ընկալունակ, և՛ տրամադրված խաղաղության: Ցավոք, տարիներ շարունակ Ադրբեջանում հակահայկական տրամադրությունները պետական քաղաքականության մաս են դարձել, և Ադրբեջանն իր բնակչությանը խաղաղության փոխարեն նախապատրաստել է պատերազմի: Սա այն իրականությունն է, որի հետ մենք բախվում ենք այսօր: Եվ սա է այն իրականությունը, որով միջազգային հանրությունը պետք է զբաղվի: Անկախ այն փաստից՝ երկիրը ճանաչված է, թե ոչ, մենք, առաջին հերթին, պետք է մտածենք ժողովրդի մասին: Եվ մենք մեր բաժինն անում ենք, ոչ միայն մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու, այլև տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու գործում կառուցողական դեր խաղալու համար:»։

Ինչ վերաբերում է այն կարծիքին, որ 2018-ին Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը ճանապարհ է բացել Ադրբեջանի հետ երկկողմ համաձայնագրերի կնքման նոր հեռանկարների համար, ինչը, ի վերջո, կարող է հանգեցնել խաղաղ բանակցությունների որոշակի առաջընթացի, նախարարն ասել է. «Ես արդեն նշել եմ, որ հնարավոր չէ հասնել խաղաղության միակողմանիորեն։ Ադրբեջանը նույնպես պետք է աշխատի հանուն խաղաղության, ինչպես նաև վստահության միջավայրի ձևավորման, ինչը հնարավորություն կտա առաջ մղել խաղաղության գործընթացը։ Առանց ուժի կիրառման բացառման և խաղաղ բանակցությունների վերսկսման համար կառուցողական միջավայրի ձևավորման, իրավիճակը չի բարելավվի։ Եվ որ ամենակարևորն է, Ադրբեջանը պետք է մեկընդմիշտ հասկանա, որ առանց բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման՝ Արցախի Հանրապետության ուղղակի մասնակցությամբ, միամտություն է որևէ շոշափելի առաջընթաց ակնկալել խաղաղ գործընթացում։ Թույլ տվեք հիշեցնել, որ մինչ օրս խաղաղ գործընթացում միակ նշանակալի ձեռքբերումը 1994թ. մայիսի 12-ի հրադադարի անժամկետ համաձայնագրի ստորագրումն է, երբ Արցախը մասնակցում էր բանակցություններին։ Քանի որ կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը ստորագրվել է հակամարտության երկու հիմնական կողմերից մեկի՝ Արցախի կողմից, հետևաբար տրամաբանական է, որ խաղաղության պայմանագիրը նույնպես պետք է բանակցվի և ստորագրվի Արցախի կողմից։ Հրաժարվել այս փաստից, նշանակում է միտումնավոր կերպով մերժել խաղաղությունը։

Ադրբեջանը և միջազգային համապատասխան կազմակերպությունները պետք է աշխատեն Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակի բարելավման ուղղությամբ, նպաստեն երկրի ժողովրդավարական զարգացմանը և ադրբեջանական հասարակությանն իրազեկեն խաղաղության առավելությունների մասին, այլ ոչ պատերազմի», տեղեկացնում է News.am: