ՀԱՐՁԱԿՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերը մի առիթով նկատել է. «Երբեք չեմ կարողացել հասկանալ. ոչինչ տեղի չի ունենում, իսկ առավոտյան բոլոր թերթերը լույս են տեսնում խմբագրական սյունակներով»:

Նշենք, որ սույն ֆենոմենը բացատրվում է ոչ միայն լրագրողների պրպտուն ուղեղով ու հարուստ երևակայությամբ, այլև մեծապես՝ քաղաքական գործիչների բացառիկ ակտիվությամբ։ Հատկապես մեզանում։ Երկիրն իրոք փոքր է, բայց քաղաքական գործիչները շատ են, և բոլորը ջանում են՝ չխնայելով իրենց: Դե, և ահա, խնդրեմ: Այս անգամ թեմայով ապահովեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանն այդ, փորփրելով իրեն, հայտնաբերեց այնտեղ՝ ներսում, պատիվ և արժանապատվություն, և մոտիկից զննելիս պարզվեց, որ այդ պատիվն ու արժանապատվությունը վնասվել են, այդ թվում՝ լրագրողների կողմից։ Իհարկե, պատահում են քաղաքականության ոլորտի նաև այդպիսի օրիորդներ (այստեղ ես նկատի ունեմ անմեղությունը, այլ ոչ թե սեռը), բայց Ալեն Սիմոնյանն առանձնահատուկ դեպք է։ Նա ոչ միայն արդեն վեց (!) դատական հայց է ներկայացրել վնասվածքները վերացնելու պահանջով, այլև հանդես եկել բավական ուշագրավ նախաձեռնությամբ ։

Սեպտեմբերի 7-ին ԱԺ-ում Քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահն առաջարկեց միանգամից հինգ անգամ ավելացնել ԶԼՄ-ներում ու սոցցանցերում պատճառած բարոյական վնասի փոխհատուցման չափը: Այսինքն վիրավորանք հասցնելու համար այսուհետ 1 մլն դրամի փոխարեն բռնագանձել 5 մլն դրամ, իսկ զրպարտանքի համար՝ 10 մլն դրամ, նախկին 2 մլն դրամի փոխարեն։ «Վստահեցնում եմ, որ դա շատ ավելի կզսպի մարդկանց, որպեսզի նրանք ստահոդ տեղեկություններ չտարածեն, չվիրավորեն: Նաև ինչ-որ չափով կազատի մեր հարգարժան քաղաքացիներին այն աղբից, որն այսօր լցված է համացանցում: Կարծում եմ, այս քայլը անհրաժեշտ է, նաև ինչ-որ տեղ՝ ուշացած: Իմ գործընկերներից շատերը նիստի ժամանակ հնչեցնում էին նաև վիրավորանքի համար ապաքրեականացումը ժամանակավրեպ լինելու հարցը»,- հայտարարեց Սիմոնյանը։

Առայժմ մի կողմ թողնենք այն հարցը, որ պատիվն ու արժանապատվությունը թղթադրամներով չափելը գռեհիկ է և անիմաստ։ Հավանաբար, նման բան հնարավոր է ժողովրդավարական ամուր ավանդույթներ ունեցող երկրներում, որտեղ հասարակությանն, ասենք, անմաքուր չինովնիկից ազատելու համար պետք չէ գտնել կաշառք վերցնելու վերաբերյալ իր ձեռքով գրած ստացականի բնօրինակը, այլ բավական է, ենթադրենք, լուսանկարել ծառայողական լիմուզինում «ոչ ծառայողական» վայրում։ Իսկ մեզանում այսօր չկա հանցագործություն, որը կստիպի նախարարին հոժարակամ հրաժարական տալ։ Ցանկացած Ուոթերգեյթ «նոր Հայաստանում» անմեղ կատակ է թվում։ Սակայն Ալեն Սիմոնյանի նախաձեռնության հետ կապված՝ առաջանում են մի շարք հարցեր։

Նախ, ինչպես բազմիցս նշվել է մամուլում, մինչ 2018 թվականի մայիսին Փաշինյանի կողմից իշխանության զավթումը՝ հենց Ալեն Սիմոնյանն էր համակարգում «հանցավոր ռեժիմի» ներկայացուցիչների հասցեին վիրավորանքներ, սուտ ու զրպարտանք տարածող «տեղեկատվական քիլերների» բանակի գործունեությունը, որն ատելության ու ագրեսիայի մթնոլորտ էր ստեղծում, ինչը, ի դեպ, շարունակվում է նաև այսօր։

Բոկաչչոյի ժամանակների ֆլորենցիացիները, փողոց շփելով գիշերանոթների պարունակությունը, որպես կանոն, նպատակ չէին հետապնդում հատուկ ինչ-որ մեկի գլխին լցնել այդ անոթների պարունակությունը. նրանց համար այն էլ բավական էր, որ դա հայտնվի բնակարանի սահմաններից դուրս: Մինչդեռ իշխանամետ «տեղեկատվական քիլերների» բանակի համար կարևոր է ոչ այնքան ազատվել իրենց մեջ բերնեբերան լցված աղտեղություններից, որքան զարդարել դրանցով Փաշինյանի ընդդիմախոսներին, դրա համար ստանալով բավական լավ ֆինանսական վարձատրություն։ Աղտեղությունների ուղղորդված ու չուղղորդված արտանետման միջև այդչափ էական տարբերության պարագայում նույնիսկ ողողվող զուգարանակոնքերի համատարած տեղադրումը՝ պատիժների խստացման տեսքով, գործին չի օգնի։

Կստիպե՞ն արդյոք դատարաններն այդչափ ահռելի գումարներ վճարել իշխանական ճամբարում խրամատավորված զրպարտիչներին։ Իհարկե՝ ոչ։ Փաստորեն ստացվում է, որ իշխանությունն ուզում է փակել ընդդիմախոսների բերանը՝ գործողությունների լիակատար ազատություն տալով իր «քիլերներին»։

Երկրորդ, ինչպե՞ս են դատարաններն ապացուցելու զրպարտության փաստը։ Քննության և դատարանի ուսերին է ընկած ապացուցման բավական ծանր բեռը: Չէ՞ որ պետք է պարզել, որ, ասենք, Պողոսը ոչ թե պարզապես իշխանությանը վարկաբեկող կեղծ տեղեկություններ է տարածել, այլև այդ տեղեկությունների կեղծ լինելն ակնհայտ է եղել նաև իր համար։ Այսինքն՝ պարզել, որ տվյալ դեպքում խոսքն ամենևին էլ բարեխիղճ մոլորության մասին չէ։ Եթե քննության տակ գտնվողն անհողդողդ է և պնդում է հենց մոլորության վարկածը, ապա նրան հոդված մեղսագրելն անհնար է. բացակայում է կանխահայտության որակիչ հատկանիշը: Ավելին, դեպքերի բավական մեծ քանակի պարագայում բարեխիղճ մոլորություն իսկապես առկա է։

Իշխանությունը որոշել է գնալ խորհրդային ճանապարհո՞վ, երբ սուբյեկտիվ ստախոսությունը փոխարինվում էր օբյեկտիվով, որից հետո ամեն ինչ հիանալիորեն պարզեցվում էր։ Եվ դատարանը, կայացնելով դատավճիռը, խրատաբար ասում էր. «Իսկ քեզ ոչ ոք չէ՛ր խնդրել բարեխղճորեն մոլորվել»:

Կանխահայտ սուտը փիլիսոփայական մատերիա է: «Նման բան չի կարող լինել, քանի որ չի կարող լինել երբե՛ք»։ Խորհրդային իշխանության մասին կանխահայտ սուտ հերյուրանքների համար բազմահազար կյանքեր են կործանել։ Ճիշտ է, հետո պարզվեց, որ այդ բոլոր հերյուրանքները բացարձակ ճշմարտություն էին և դրանցից յուրաքանչյուրի հետևում տոննաներով արխիվային փաստաթղթեր կային, բայց դա ախր պարզվեց հաջորդ դարաշրջանումԻսկ օրապահիկ տալիս էին նախորդում։ Այնպես որ կարգին բան է առաջարկում Ալեն Սիմոնյանը, պետք չէ՛ շեղել ինքզինքը գալիք մանրամասներով։ Ցանկացած մեղադրանքները, անցանկալի տեղեկություններն իշխանության ներկայացուցիչների մասին ներկայումս կանխահայտ սո՛ւտ են։ Նման բան չի կարող լինել, քանի որ չի կարող լինել երբե՛ք։

Դա պարզապես սրիկա լրագրողներն են մժղուկների պես վխտում Սիմոնյանի ու իր զինակիցների շուրջ, նրանց ազնիվ արյունն են տենչում, մոլագարնե՛րը։

Երրորդ, ի՞նչ է նշանակում «իմ գործընկերներից շատերը հնչեցնում են նաև վիրավորանքի համար ապաքրեականացումը ժամանակավրեպ լինելու հարցը»: Այդ ի՞նչ ակնարկներ են։ ԵԽԽՎ-ն դեռևս 2007 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունել է 1577 (2007) որոշումը՝ այն մասին, որ զրպարտանքը չի կարող քրեական հետապնդման ենթարկվել, իսկ բարոյական վնասի փոխհատուցումը պետք է լինի ողջամտության սահմաններում:

Մինչդեռ Ալեն Սիմոնյանի առաջարկների ընդունումը կհանգեցնի նրան, որ հրապարակումից նեղացած ցանկացած «հերոս» կարող է սնանկացնել խմբագրությանը, ծիծաղելիորեն բարձր գնահատելով սեփական պատիվն ու արժանապատվությունը. հապա փորձիր անհերքելի ուղղակի ապացույցներ չներկայացնել դատարանին։ Եվ դա այն դեպքում, երբ լրագրողը քննիչ չէ, նա իրավունք չունի հարցաքննության կանչել, առերեսումներ անցկացնել, պահանջել փաստաթղթերի բնօրինակները և այլն: Մնում է միայն հիշել Պաստեռնակին, որը մի օր դուրս նայեց պատուհանից ու հարցրեց. «Թանկագիններս, հիմա ո՞ր հազարամյակն է մեզանում»։

Ինչպես նաև՝ լիովին համաձայնել Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությանը, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Արտահայտվելու ազատության իրավունքը ներառում է տեղեկատվություն և գաղափարներ ստանալու և տարածելու իրավունքը` առանց հանրային իշխանությունների միջամտության և անկախ սահմաններից, ինչպես դա սահմանված է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով, և ցանկացած նմանատիպ օրենսդրական նախաձեռնություն ոչ միայն խաթարում է ստանձնված միջազգային պարտավորությունների անշեղ կատարումը, այլև մեծապես վնասում է ժողովրդավարության սկզբունքներին»։

Խոսքի ազատության վրա հարձակումը «նոր Հայաստանում» շարունակվում է։ Եվ ոչ միայն մառազմատիկ օրինաստեղծ նախաձեռնություններով, այլև ազատ խոսքի նկատմամբ բոլոր նրանց վերաբերմունքով, ում Պուշկինն անվանում էր սրիկաներ, իսկ իրենք իրենց դրանք կոչում են էլիտա: Դիպչում ես բարձրաստիճան պարոնին, իսկ նա արհամարհական քմծիծաղով արտաբերում է. «Շունը հաչում է, քարավանը՝ գնում»։ Ուրեմն լրագրողը շուն է, իսկ պարոնի գերատեսչությունը՝ վեհասքանչ քարավա՞ն։ Շունը պահապան է, փրկարար: Շունը բռնում է ավազակներին, թմրավաճառներին։

Իսկ քարավա՞նը։ Միշտ ու ամենուրեք դա ապօրինի բեռ է տեղափոխում։ Լավ է, եթե այդ քարավանը տանում է մեզ դեպի լուսավոր ապագա։ Իսկ եթե դեպի խավա՞ր է տանում։ Թե կա մեկը, ով այսօրվա իշխանավորներին համարում է ժողովրդավարներ ու ամեն տեսակի իրավունքների պաշտպաններ, իսկ նրանց անհեթեթ նախաձեռնությունները՝ գործունեություն հանուն հպարտ քաղաքացիների, ուրեմն այդ մարդը զառանցում է։ Եվ ճշգրիտ կտրուկ խոսքը մարդուն զառանցանքից դուրս բերելու միակ միջոցն է: Ինչպես ապտակը՝ հիստերիայից։