Գեղամ ՆԱԶԱՐՅԱՆ. ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ՝ ՈՒԺԱՅԻՆՆԵՐԸ ՆԵՐԳՐԱՎՎԵՑԻՆ ՇՈՈՒ-ՏԵՍԱՐԱՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԳՈՐԾԻՆ
Այսօր լրահոսի բաղկացուցիչ մասն է քրեածին վիճակը. գրեթե ամենօրյա սպանությունների, դանակահարությունների, ծեծուջարդերի, կրակոցների մասին տեղեկություններ: Սպանություններ, «ռազբորկաներ», հաճախ արյունալի վերջաբանով, մահեր, վիրավորներ, տուժածներ: Ամեն օր։
Մենք վերադառնում ենք իննսունականներ, երբ փողոցում քայլելիս կարող էիր դառնալ պատահական կրակոցի զոհ կամ ինչ-որ ավազակի կողմից դանակահարվեիր:
Այս տարվա առաջին յոթ ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է հանցագործությունների թվի մոտ յոթ տոկոսանոց աճ:
Հանցագործությունների թիվն ավելացել է մոտ հազարով: Սա մոտ երկու միլիոն բնակչություն ունեցող երկրի համար չափազանց մտահոգիչ վիճակագրություն է: Իսկ եթե սրան գումարենք, որ աճել է նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը, ապա պատկերը կամբողջանա: Ծանր հանցագործություններն աճել են 11 տոկոսով: Ավելի քան 2 հազար 200 ծանր հանցագործություն ընդամենը յոթ ամսում:
Քրեածին վիճակը հայաստանում օր օրի վատանում է, Հայաստանը դադարում է անվտանգ երկիր լինել։
Ո՞րն է հանցագործությունների թվի կտրուկ աճի պատճառը: Դա սովորաբար չի լինում մեկ պատճառով։ Այստեղ մի քանի խումբ պատճառներ են լինում, որոնք առաջին հայացքից կարող են իրար հետ չկապվել, բայց ամբողջականության մեջ հանգեցնում են աղետի։
1․ Պողոսների ամենաթողությունը։ 2018-ից փողոց դուրս եկած զանգվածներին սիրաշահելու համար Փաշինյանը նրանց տվեց ամենաթողության ինդուլգենցիա։ Իհարկե, նա որոշ ժամանակ հետո հասկացավ, որ դա հղի է լուրջ խնդիրներով, փորձեց զսպել, շտկել վիճակը ու հանկարծ պարզվեց, որ դա հեշտ չէ։ Շատ ավելի հեշտ է տալ ամենաթողության ինդուլգենցիա, քան այն հետ վերցնել։ և հասարակության մի շերտի մեջ մնաց «ես եմ արել հեղափոխությունը» հոգեբանությունը...
2․ Իրավապահ համակարգը՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, դատախազությունը զանգվածաբար օգտագործվում է քաղաքական նպատակներով։ Իրավապահ համակարգի ողջ ռեսուրսները կենտրոնացվեցին քաղաքական գործընթացների վրա, և հասկանալի է, որ շատ կարևոր գործեր այդ ընթացքում ստորադասվեցին։ Ուղղակի չկար բավարար ռեսուրս այլ գործերով զբաղվելու համար։
3․ Իրավապահ համակարգին տրվող անլուրջ հրամանները՝ ծեփել, փռել, պառկեցնել և այլն, իրավապահ համակարգին տրվող հակաօիրնական հրամանները, իրավապահ համակարգի անգործությունը (օրինակ դատարանները շրջապատելու Փաշինյանի կոչի ժամանակ), հանգեցրել են իրավապահ համակարգի հեղինակության նկատելի անկման։
4․ Բացառապես քաղաքական նպատակներով, իրավապահ համակարգի ղեկավարությունը ոչ պրոֆեսիոնալ կադրերով համալրելը էապես թուլացրել է իրավապահ համակարգի նեքին համախմբվածությունը, ինչը կարևորագույն գործոն է արդյունավետ հակաքրեկաան պայքարի համար։ Դա նաև նկատելի թուլացրել է իրավապահ համակարգի պրոֆեսիոնալիզմը։
5․Ամբողջ ոստիկանությունը դիմակային տուգանքների հանելու արդյունքում հասարակության մեջ կուտակվում է զգալի լարվածություն ոստիկանության հանդեպ։ Իհարկե, այստեղ մեղավորն այնքան էլ ոստիկանությունը չէ, այլ քաղաքական հրահանգը։
6․ Երբ 2019-ի սեպտեմբերին քրեակատարողական հիմնարկներում անհնազանդության դրսևորումներ տեղի ունեցան, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, թե կարգ ու կանոն հաստատելու համար կարող են անգամ ներքին զորքերն օգտագործել: Մի՞թե նա չէր հասկանում, թե ինչ ազդեցություն կունենա, ինչ հետևանքներ կունենա իր այս հայտարարությունը: Բնականաբար, այս հայտարարությունից հետո մեծացավ լարվածությունն ինչպես ազատազրկման վայրերում գտնվողների, այնպես էլ նրանց հարազատների մոտ, միաժամանակ ավելացավ դժգոհությունը իրավապահ համակարգի նկատմամբ:
6․ Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի անվան տակ Հայաստանում սկսվել է անկանխատեսելի և լավ չհաշվարկված գործընթաց. ձերբակալվում են քրեական «հեղինակություններ», «օրենքով գողեր»։
Ձերբակալվում են ոչ թե կոնկրետ հանցագործությունների համար, այլ քրեական ենթամշակույթի մեջ լինելու համատեքստում։ Այն պայմաններում, երբ ոստիկանությունը առավելագույնս չի տիրապետում քրեածին վիճակին, նման ծայրահեղ քայլերը կարող են ունենալ բոլորովին այլ հետևանքներ։ Ուղղակի կորսվում է հասարակության տարբեր շերտերում ընթացող գործընթացների նկատմամբ քիչ թե շատ վերահսկողությունը։
Այսօր մի կողմից պայքար է քրեական ենթամշակույթի դեմ, բայց մյուս կողմից աճում է հանցագործությունների, այդ թվում ծանր հանցագործությունների թիվը: Փողոցը մնում է անվերահսկելի:
Տարատեսակ մանր հանցագործները հասկանալով, որ մնալու են անպատիժ, իրենց գործողությունների համար որևէ մեկին պատասխան չեն տալու, գնալով իրենց ավելի լկտի և վտանգավոր են պահում:
Անհասկանալի վիճակ է քրեակատարողական հիմնարկներում: «Օրենքով գողերի», քրեական հեղինակությունների դեմ իրականացվող գործողությունները, հատուկ միջոցառումները բանտում գտնվող հանցագործների մի տեսակի ոգևորում են, նրանց դարձնում առավել վտանգավոր: Այստեղից էլ քրեակատարողական հիմնարկներում արձանագրվող դեպքերի աճը: Քրեակատարողական հիմնարկները միշտ անտեսանելի, բայց ուղիղ կապով կապված են մեծ հասարակության հետ և նրանք միմյանց վրա ունենում են զգալի ազդեցություն։
Նիկոլ Փաշինյանի կողմից 2018թ. նոյեմբերին նախաձեռնված համաներումից հետո, երբ ազատութան մեջ հայտնվեցին գրպանահատներ, վտանգավոր հանցագործներ, բնակարանային և ավտոմեքենաների գողեր, ոստիկանները, ինչպես խոստովանում էին մասնավոր զրույցներում, թևաթափ եղան, քանի որ իրենց կողմից ծանր աշխատանքի արդյունքում հայտնաբերված հանցագործները մեկ օրում հայտնվեցին ազատության մեջ և միանգամից անցան իրենց սիրելի գործին:
Այստեղից էլ բնակարանային և ավտոմեքենաների գողության դեպքերի կտրուկ աճը, դանակահարությունները և կրակոցները:
Իսկ հետո արդեն ոստիկանների, ԱԱԾ-ի վրա այլ պարտականություններ դրվեցին: Երկիրը թևակոխում էր ասֆալտին փռելու, պատին ծեփելու շոուների փուլը:
Կարող ենք հիշել նաև Նիկոլ Փաշինյանի ԱԱԾ-ին տրված տարօրինակ և անհասկանալի հրահանգները սկսած չարքերին հայտնաբերելու, վերջացրած մանիպուլիացիոն ֆեյսբուքյան գրառումներ անողներին բերման ենթարկելու պահանջով:
Հանցագործներին հայտնաբերելու փոխարեն ուժային կառույցները ներգրավեցին շոու-տեսարան ապահովելու գործին։ Ոստիկաններն ու ԱԱԾ-ն ասֆալտին էին փռում կամ պատին ծեփում այս կամ այն հայտնի անձնավորությանը, ապա ազատ արձակում, իսկ այդ ընթացքում Երևանում, հայաստանյան մյուս բնակավայրերում խուժանը դանակահարում էր, կրակում, ռազբորկաներ անում, մնալով հիմնականում անպատիժ:
Անկասկած, հանցավորության աճի վրա չէր կարող չազդել շատ կարճ ժամանակահատվածում ոստիկանապետերի և ԱԱԾ պետերի փոփոխությունները: Ընդամենը երկու տարում այս կառույցները երեք ղեկավար ունեցան։
Զարմանալի է, բայց արտակարգ դրության պայմաններում հանցագործությունների թիվն աճել է: Սա շատ լուրջ ազդակ է։
Այս տարվա ապրիլի վերջին Գավառում տեղի ունեցած արյունալի դեպքերը ոչ թե ոստիկանապետ Արման Սարգսյանի, այլ ամբողջ ոստիկանության և կառավարության խայտառակությունն էին, վարվող քաղաքականության հետևանք: Երբ սպանության պատրաստ ամբոխը հաշվի չառնելով ոստիկանապետի ներկայությունը ներխուժում է հիվանդանոց, ապա դա արդեն մեկ մարդու խնդիր չէ, դա միայն ոստիկանապետի խնդիրը չէ: ԻԳԻԼ-յան ձեռագրով հաշվահարդարները կարմիր քարտ են քաղաքական և իրավապահ համակարգին։
Ակնհայտ է, որ այսպես շարունակվելու դեպքում իրավիճակը կարող է ամբողջովին դուրս գալ վերահսկողությունից: Հանցագործները կարող են վերջնականապես տիրել փողոցին, իսկ դա արդեն ամենածանր հետևանքներն է ունենալու:
Պատահական չէ նաև, որ ավելացել են թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները: Անցած տարվա առաջին յոթ ամիսների համեմատ այս հանցագործություններն աճել են 24 տոկոսով:
Գեղամ ՆԱԶԱՐՅԱՆ, Այլընտրանքային նախագծեր խումբ