Սուրեն ՊԱՐՍՅԱՆ. ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ԹՎԵՐՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ
Մարդիկ լուրջ սոցիալական խնդիրներ ունեն․ վարչապետի հայտարարած թվերն իրականության հետ կապ չունեն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ամենավերջին պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2020 թվականի հուլիս ամսին նախորդ տարվա հուլիսի նկատմամբ առևտուրը նվազել է 10,4 տոկոսով, իսկ մանրածախ առևտուրը (խանութներում, սպառողական ապրանքների շուկաներում, գյուղատնտեսական ապրանքների շուկաներում, կրպակներում, այլ առևտրային օբյեկտներում) կրճատվել է 17,6 տոկոսով։ Նույն ժամանակահատվածում ծառայության ոլորտը անկում է գրանցել 21,6 տոկոս։
Հետևաբար, վարչապետի հայտարարած օգոստոս ամսվա ՀԴՄ շրջանառության միայն 2,5 տոկոս նվազումը տնտեսագիտական տրամաբանությունից դուրս է և չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանը ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ է․ մարդիկ լուրջ սոցիալական խնդիրներ ունեն, և հաջորդ ամիսների ընթացքում ավելի վատ ցուցանիշներ կունենանք, եթե գործող իշխանությունները չվերանայեն իրենց սոցիալ-տնտեսական քաղաքականությունը և կադրերին»: