«Հայաստան» հիմնադրամը $412 000 կփոխանցի Լիբանանի հայկական կրթօջախներին և լրատվամիջոցներին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ վերջին 9 ամիսների ընթացքում ավելի քան 600 000 դոլարի օգնություն են ցուցաբերել Լիբանանի հայ կրթօջախներին և լրատվամիջոցներին։ Հիմնադրամն ամփոփել է «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին» դրամահավաք-արշավը` ներկայացնելով արդյունքները։

«Հիմնադրամը հավաքագրել էր շուրջ 312 000 դոլար։ Հանգանակությունը փոխանցելիս, դրամահավաք-արշավին միացավ նաև «Տաշիր» բարեգործական հիմնադրամը՝ նվիրաբերելով 100 000 դոլար։ Հավաքագրված գումարից 310 000 դոլարը կբաշխվի Լիբանանում գործող կրթական հաստատությունների ուսուցիչների 2020-2021 թթ ուսումնական տարվա 1-ին եռամսյակի աշխատավարձ վճարելու նպատակով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Իսկ ավելացված 100 000 դոլարը կհատկացվի կրթական ծրագրերի իրականացմանը։ Միևնույն ժամանակ, հավաքագրված գումարից 13 000 դոլար կտրամադրվի Լիբանանում գործող «Արարատ», «Զարթոնք», «Ազդակ», «Վանա Ձայն», «Ռադիո Սևան» լրատվամիջոցներին։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանն այժմ գտնվում է Բեյրութում՝ նվիրատվությունն անձամբ փոխանցելու առաքելությամբ։

Արշամյանը նաև հյուրընկալվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Վեհափառին։ Վեհափառը բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունն ի նպաստ Հայաստանի և Սփյուռքի կայունության և հզորացման, տեղեկացնում է Sputnik Armenia։