Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆ. ՍԴ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃՆՇՈՒՄ Է

Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող ամբողջ գործընթացն ի սկզբանե կրում էր ոչ իրավական բնույթ և սա է պատճառը, որ այդ թեմայով ցանկացած լուր, թեկուզ հերքված, թվում է համոզիչ: Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի երկու դատավորի նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից նեղ անձնական բնույթի տեղեկություններ հավաքագրելու մասին մամուլում շրջանառվող լուրերին:

«Եթե նախկինում այս գործընթացն ու հակաիրավական այդքան քայլերը չլինեին, ապա հնարավոր է, որ հերքումը բավարար լիներ՝ ամեն ինչ լավ է ասելու համար: Եթե հաստատվեն լուրերը, որ դատավորներին հետևում են և այլն՝ ուղղակի աննախադեպ է: Զուտ անձնական կյանքին վերաբերող, այսպես կոչված ապացույցները, պատիվ չեն բերում նման գործողություններ իրականացնող մարմիններին»,–ասաց Լարիսա Ալավերդյանը և հավելեց, որ այս ամենն առնվազն հակաիրավական է, իսկ բարոյական առումով՝ անընդունելի. ուղղակի խայտառակություն է, վերջապես, սա բնութագրում է երկրի վիճակը:

«Այս ամբողջ գործընթացը հետ է մղում մեզ, ուղղակի տապալում է այն նվաճումները, որոնք ունեցել ենք: Եթե կան մարդիկ, որոնք ոչ թե չարամտորեն են այս ամենն անում, այլ իրենց թվում է, որ կարելի է հակաիրավական մեթոդներով հասնել ինչ-որ նպատակի, ապա չարաչար սխալվում են»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ 168.am-ը տեղեկություն էր տարածել, որ Սահմանադրական դատարանի դատավորներից երկուսի հանդեպ առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, հրաժարական ներկայացնելու ուժեղ ճնշում կլինի՝ փորձելով հասնել նրան, որ նրանք հրապարակավ հայտարարեն, թե «կամովին» օգտվում են վաղ կենսաթոշակի օրենքից:

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում հերքել էր տեղեկությունը, որ Սահմանադրական դատարանի երկու դատավորի նկատմամբ ՀՀ ոստիկանության 7-րդ վարչությունը նեղ անձնական բնույթի տեղեկություններ է հավաքագրել:

Հիշեցնենք նաև, որ Hraparak.am-ի՝ կառավարության աղբյուրի փոխանցմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի նախագահի ու դատավորների հարցով գաղտնի ժողով է հրավիրել, որին մասնակցել են իրավապահ կառույցների ղեկավարները: Ըստ աղբյուրի՝ Փաշինյանը մեկ շաբաթ ժամանակ է տվել ուժայինների ղեկավարներին՝ հանձնարարելով ազատվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից ու իշխանության համար անցանկալի մյուս վեց դատավորներից:

«Սահմանադրական դատարանի» մասին օրենքում փոփոխություններ կատարելը, որով առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 9-ից առաջ նշանակված ՍԴ յոթ դատավորներին ժամկետից շուտ ուղարկել թոշակի և մինչև պաշտոնավարման տարիքը լրանալը կենսաթոշակ վճարել, Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ քաղաքական ճնշում է ՍԴ դատավորների նկատմամբ:

«Երբ ասում են քաղաքական ճնշումներ, պարտադիր չէ, որ լինեն ստալինյան ռեպրեսիաներ: Ճնշումները լինում են ամենատարբեր ձևերով: Այդ իմաստով պետք է ասեմ, որ Սահմանադրական դատարանի դատավորների մասին այս օրենքի ընդունումը ևս քաղաքական ճնշում է, այսպես ասած, օրենսդրորեն ձևակերպված»,- ասաց նա:

Անդրադառնալով ՍԴ նկատմամբ տևական ժամանակ կատարվող գործողություններին և քաղաքական իշխանությանը զսպող գործոններին՝ Լարիսա Ալավերդյանը նշեց. «Այս իշխանությունը եկել է ամբոխավարության ալիքի վրա և կարող է իրեն համարել անսխալ այնքան ժամանակ, քանի դեռ ամբոխը չի բարձրացնում իր ձայնը: Տվյալ դեպքում, քաղաքական լիդերների հոգեբանական նկարագիրն այնպիսինն է, որ անգամ այն դեպքում, երբ կարծես՝ սպառվել են բոլոր զգուշացումները, նրանք շարունակում են նույն ճանապարհը»:

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպանը ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման, իրավական պետություն կայացնելու հարցում միջազգային հանրության հետ մեծ հույսեր չի կապում:

«Միջազգային հանրությունը նման հարցերին երբևէ ակտիվ չի մասնակցել: Իրենց մեր տարածաշրջանում հետաքրքրում է Արցախի հիմնահարցը, մնացած հարցերում իրենք թույլ են տալիս անել այն, ինչ ցանկանում են: Կարծում եմ՝ երկրի ներսում գրագետ, մտածող խավը պետք է իր ձայնն ինչ-որ ձևով վերջապես բարձրացնի, անպայման չէ, որ հարյուր հազարներով լինի: Հակառակ դեպքում, այս ճանապարհը մեզ տանում է դեպի ճահիճ, և ոչ թե իրավական պետության կայացման»,- նշեց իրավապաշտպանը:

Թե ինչու են նախկինում և ներկա իշխանությունների կառավարման շրջանում պաշտոններ զբաղեցրած անձանցից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ու մյուս դատավորները հայտնվել իշխանության թիրախում՝ Լարիսա Ալավերդյանը պայմանավորում է հետևյալով.

«Ովքեր համաձայնվում են նոր իշխանությունների գործելաոճին, քաղաքականությանը, անգամ հին իշխանության ներկայացուցիչներից՝ մնում են: «Կա այդպիսի պատմական, միջազգային պրակտիկա, տվյալ դեպքում ՀՀ գլխավոր դատախազը, որին ճանաչում եմ որպես գրագետ իրավաբանի, նա, փաստորեն համաձայնվում է այն քաղաքականությանը և ոճին, որը բնորոշ է նոր իշխանություններին: Ովքեր չեն համաձայնվում և կարողանում են դա անել բավականին երկար, խոսքը ՍԴ-ի դատավորների մասին է, նրանք հայտնվում են մի իրավիճակում, երբ նրանց նկատմամբ ճնշումներն ավելի ու ավելի են խորանում՝ ստանալով տարբեր ձևեր»,- ասաց նա:

Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ գլխավոր հարցն այս համատեքստում այն է, թե ինչու իշխանությունը չի ցանկանում ունենալ անկախ Սահմանադրական դատարան:

«Ի՞նչ պատվեր պետք է լինի, որին դիմադրելու են այս դատավորները, դա է ամենամեծ հարցը: Արդյո՞ք դա վերաբերում է այս կամ այն միջազգային պայմանագիրը Սահմանադրական ճանաչելուն՝ չեմ կարող ասել, կարող եմ մնալ ենթադրությունների դաշտում»,- նշեց իրավապաշտպանը:

Tert.am